Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871-ին Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի է առել «Ակօսի» թղթակից Ույգար Գյուլթեքինը:
Ուրֆայի Վիրանշեհիր գավառում մեծացած Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի համար Սառայի պատմությունy սկսվում է մանկության տարիներից:
«Այըբ աղա, իսկական անունը Էյուբ էր: Նրա մասին մեր ընտանիքի անդամների պատմածները երկակի տպավորություն էին թողնում մեզ վրա: Պապիկս մի քարաշեն տուն ուներ, ուր մենք խաղալու էինք գնում: Տունն, ամենայն հավանականությամբ, հայի էր պատկանել: Երևում էր, որ այդպիսի գործ մենակ հայ վարպետը կարող էր անել: Քարաշեն տան վրա մեզ անծանոթ լեզվով գրություններ կային: Ում հարցնում էինք տանտիրոջ մասին, պատասխանում էր՝ «Այըբ աղայինն է, բայց ի՜նչ դաժանություններ է գործել այստեղ», մեկ ուրիշն ասում էր՝ «Ափսոս, Այըբ աղայի պես մեծ մարդու տունն ինչ օրի է հասել այսօր»: Այս երկու՝ միմյանցից տարբեր պատումները մշտապես պտտվում էին իմ մանկական ուղեղում. հերո՞ս է նա, թե՞ չարագործ»:
Աստիճանաբար Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի գլխում հարցեր են կուտակվում, և նա սկսում է պատասխաններ փնտրել՝ պարզելով, որ Այըբ աղան երեկոյան հաց ուտելիս նստել է իր տան աստիճանների վրա և երբ տեսնում էր հայ մարդկանց, կանչում էր ու իր դաշույնով կտրում նրանց գլուխը: Սակայն Նևին քար է կտրել, երբ իմացել է, որ հայասպան այդ աղայի կինը հենց հայ է:
Բանն այն է, որ Այըբ աղան տարվում է 15-ամյա Սառայի գեղեցկությամբ ու նրան հրամայում կրոնափոխ լինել ու ամուսնանալ իր հետ: Սակայն Սառան մերժում է, իսկ թուրք աղայի թիրախն է դառնում իր սիրած աղջկա հայրն ու մայրը: Տեսնելով ծնողների սպանությունը՝ երիտասարդ Սառային այլ բան չի մնում, քան վեց տարեկան եղբոր կյանքը փրկելու համար Այըբ աղայի հրամանին ենթարկվելը: Սակայն Սառան խնդրում է անվանափոխ չլինել: Եվ անունը դառնում մեկն այն բազմաթիվ պատճառներից, որոնց շնորհիվ Սառային երբեք չեն համարում իսկական մահմեդական: Ականատեսների վկայությամբ՝ Այըբ աղան տաքացնում էր իր դաշույնի ծայրը և Սառայի մարմին վրա խաչ անում: Եվ այդպես՝ անընդհատ: Դաշույնի ընտրությունն էլ պատահական չէր. օգտագործում էր այն դաշույնը, որով սպանել էր Սառայի հորն ու շատ այլ հայերի: Տանջելով Սառային՝ փորձում էր նրան դարձնել իսկական մահմեդական, սակայն Սառան, ինչպես երբեք անունը չփոխեց, այնպես էլ երբեք չհանեց իր պարանոցից կախած խաչը: Այըբ աղան մահվան մահճում վերջին շունչը փչելիս ասել է. «Չորացրի´ր իմ ցեղը, հայի մեկը»: Աղայի հետ ամուսնությունից աշխարհ եկած բոլոր երեխաներն անբացատրելի և անիմանալի ձևով մահանում են: Մահանում են ոչ միայն Այըբ աղայի՝ Սառայից ծնված երեխաները, այլև նրա երկու մյուս կանանցից ծնված տղա երեխաները:
Սառան ապրում է մինչև 1971թ.՝ ուղիղ 100 տարի:
Դահլիճը քար է կտրել, երբ Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն ասել է, որ Սառայի նկատմամբ բոլոր դաժանություններն իրականացրել է հենց իր ընտանիքը: Այըբ աղան եղել է նրա մոր հորեղբայրը, և նա բոլոր պատմությունները լսել է հենց իր մորից և ընտանիքի մյուս անդամներից: