«Ձեզ համար, կանայք» ակցիան ավարտվել է վիճակագրական աննախադեպ արդյունքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ամփոփված տվյալները։ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի նախաձեռնությանը աջակցած բոլոր պետական ու մասնավոր կառույցներին՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը, ինչպես նաև առողջապահական հիմնարկներին, բժշկական կենտրոններին, որոնք, անկախ ենթակայության ձևից, մասնակցել են մեկամսյա ակցիային։ Այս տարի ևս ակցիային մասնակցելու համար քաղաքապետարանը երևանաբնակ կանանց ծանուցել է դիմել Երևանի պոլիկլինիկաներ։

Առողջության պահպանման «Ձեզ համար, կանայք» ակցիայով մարտի 9-ից ապրիլի 7-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 30090 կին, բուժհետազոտության է ենթարկվել 22593-ը։ Վահանաձև գեղձի հետազոտություն է անցել 2591 կին, որից 960-ը՝ ուլտրաձայնային հետազոտության, 1069-ը՝ հորմոնալ ախտորոշման։ Առավել մասնագիտական հետազոտությունների՝ հիվանդանոցներ է ուղեգրվել պոլիկլինիկաներ դիմած կանանցից 5311-ը, համակարգչային տոմոգրաֆիայի՝ 137-ը։ 1065 կին ուղեգրվել է վիրահատության՝ ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ակնաբուժական։ Ուղեգրված կանանցից 670–ն արդեն վիրահատվել է, 395-ը հերթագրված է։

«Վիրահատության համար հերթեր էին գոյացել, և մեկ ամսում միաժամանակ չէինք կարող կազմակերպել բոլոր 1065 վիրահատությունները։ Բայց կա քաղաքապետի հանձնարարականը, որ առաջիկա մեկուկես ամսում բոլոր վիրահատություններն իրականացնենք»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։Ա

կցիայի վերջին երեք տարիների վիճակագրությունները համադրելով՝ Դավիթ Օհանյանը նկատել է, որ այն, առողջապահական բուն նպատակից բացի, ունի նաև այլ բաղադրիչներ՝ սոցիալական և կանխարգելիչ։

«Ակցիայով մենք նաև հորդորում ենք ազգաբնակչությանը, որ այցելեն պոլիկլինիկաներ, ինչը կանխարգելիչ էֆեկտ է ունենում, և կարծես թե ձևավորվում է նման մշակույթ։ Օրինակ, վերջին երեք տարիների համեմատականով՝ 2013-ին 5371 կին է մասնակցել ակցիային, վիրահատվել 364-ը։ 2014-ին 26144 կին է օգտվել ակցիայի ընձեռած հնարավորությունից, վիրահատության է ուղեգրվել և վիրահատվել 1911-ը։ Իսկ 2015 թվականին աճել է ակցիային դիմողների թիվը, նվազել է վիրահատության կարիք ունեցողների թիվը։ Այսպիսով՝ առողջապահական խնդիր ենք լուծում կանխարգելման եղանակով»,- նշել է Դավիթ Օհանյանը և հավելել, որ քաղաքապետարանը տարին երկու անգամ բնակչությանն ուղղորդում է, անվճար ակցիաներով խրախուսում է՝ դիմել բուժհետազոտությունների։

Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ պոլիկլինիկաների հանդեպ քաղաքացիների վստահությունն էլ է մեծացել, և քաղաքապետարանն ամենամյա ծրագրերով արդարացնում է ձեռքբերված վստահությունը։

«Խորհրդային տարիներից ի վեր որևէ վերանորոգման կամ սարքավորման ծրագիր չէինք իրականացրել։ Բայց վերջին 3 տարիներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի բյուջեում ներառում ենք և՛ վերանորոգման, և՛ սարքավորումների ձեռքբերման, և՛ սոցիալական ծրագրեր. վերջինս, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության փաթեթի ձեռքբերումն է սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Արդյունքում՝ Երևանի պոլիկլինիկաներ 3 տարի առաջ շաբաթական 15-20 հազար քաղաքացի էր դիմում, այս տարվա դրությամբ՝ շաբաթական 35-40 հազար։ 2015 թվականին բնակչության բուժսպասարկման որակը բարելավելու և ավելի մատչելի դարձնելու, պոլիկլինիկաների հագեցվածությունը հզորացնելու նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 71500 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Ծրագիրը լինելու է շարունակական»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Լրագրողների հետ հանդիպումը եզրափակելիս Դավիթ Օհանյանը նաև խնդրել է ծանուցել բնակչությանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օրերին առողջապահական հիմնարկներն աշխատելու են հերթապահության ուժեղացված ռեժիմով, հատկապես՝ Շտապ օգնությունը։
«Այնուամենայնիվ, խնդրում ենք բնակչությանը անհարկի կանչեր չանել»,- նշել է քաղաքապետի տեղակալը։




Լրահոս