Յուրաքանչյուր երկրի զարգացման, իմիջի բարձրացման համար կարևոր դերակատարում ունի տվյալ երկրի ոստիկանությունը: ՀՀ Ոստիկանությունը, բնականաբար, կատարյալ համարել, սխալ կլինի, չնայած այն հանգամանքին, որ գրեթե ոչ մի երկրում չկա կատարյալ և կայացած ոստիկանական համակարգ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ցանկացած երկրում ոստիկանական համակարգի բարելավման համար շատ կարևոր է քաղաքացիների կողմից պահանջկոտությունն ավելի լավ ոստիկանություն ունենալու հարցում:
Այսօր`ապրիլի 16-ին, նշվում է ՀՀ ոստիկանության կազմավորման 97-ամյակը: 97-ամյա ծառայության ընթացքում համակարգն ունեցել է վայրիվերումներ, սայթաքումներ, ինչու ոչ, նաև ձեռքբերումներ: Այս տարի տոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, հետևաբար, Ոստիկանությունը զերծ կմնա որևէ միջոցառումներից, պարգևատրումներից, ինչպես կատարվում է ամեն տարի: Ապրիլի 16-ին, բնականաբար, բոլորի կողմից անդրադարձ կկատարվի ոստիկանությանը, առկա թերություններին, բարեփոխումներին:
Armlur.am-ը ևս որոշեց ինչ-որ ձևով անդրադառնալ դրան` ներկայացնելով ոստիկանի առօրյա ծառայությունը:
Եվ այսպես` մայրաքաղաքում կարգուկանոնը պահպանող Պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդն է, որի մեջ մտնում են 3-րդ հատուկ (կարմիր բերետավորներ), 4-րդ հատուկ և 5-րդ հատուկ գումարտակները:
Վերջին երկու գումարտակները ստեղծվեցին մի քանի տարի առաջ և որպես առանձնահատուկ գումարտակ` կոչվում են հրեշտակներ: Քայլելով մայրաքաղաքի փողոցներով` այժմ շատ ավելի հաճախ կարելի է հերթապահություն անող ու կարգ պահպանող ոստիկանների հանդիպել, քան տարիներ առաջ: Իսկ որ ամենակարևորն է, ավելի հաճախ կարելի է հանդիպել կին ոստիկանների:
5-րդ հատուկ գումարտակի ծառայող կին ոստիկանններից Երիցյան Սոնան միշտ երազել է համազգեստ հագնել, լինել ծառայող և այժմ նրա ցանկությունը կատարվել է` ծառայում է հրեշտակների հատուկ գումարտակում: «Մեր գումարտակների ստեղծման նպատակն այն էր, որ պետք է հիմնովին տարբերվեր համակարգում առկա մյուս ստորաբաժանումներից: Նպատակաուղղված էր ոստիկանի կերպարը քաղաքացիների աչքում բարելավելուն, արտասահմանցի հյուրերին իրական հայ ոստիկանին ներկայացնելուն»,-գտնում է Սոնան:
Վերջինս կարծում է` կոտրում են այն կարծրատիպերը, որ կինը չպետք է ոստիկան լինի, որ կինը բավական նուրբ է ոստիկան լինելու համար. «Բայց դա չի խանգարում, որ կինը և´ նուրբ լինի, և´ ոստիկան լինի, գործի կողմնորոշված ու առաջ շարժվի»:
Իսկ գումարտակի մեկ այլ ծառայող Արմինե Գրիգորյանը նշեց, որ գումարտակների ստեղծման օրվանից դժվար էր կին ոստիկաններին ընդունել, բայց իրենք հասան իրենց նպատակին: «Քաղաքացիները հիմա ավելի դրական են մոտենում կին ոստիկանների ներկայությանը ամենուր: Եթե շատ հարցերում քաղաքացիները չեն կարող մոտենալ տղամարդ ոստիկաններին, մեր դեպքում մոտենում են, իրենց խնդիրները բարձրաձայնում են»,-ասում է Արմինեն:
Ոստիկանության լեյտենանտ Արոյան Հայկն էլ կարծում է, որ իրենց գումարտակի ծառայողներին ժողովուրդն ավելի լավ է ընդունում, ավելի շատ են վստահում և մոտենում տարբեր հարցերով: Հայկը չի փոշմանել, որ ոստիկան է դարձել:
Գումարտակի գրեթե բոլոր ծառայողները միաձայն նշեցին, որ համակարգում փոփոխություններն ակնհայտ են, առաջընթաց կա: 5-րդ հատուկ գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Վարդան Մովսիսյանն էլ կարծում է, որ կին ոստիկանների օրինական պահանջն ավելի հեշտությամբ են կատարում, քան տղամարդ ոստիկանի:
Հրեշտակների առօրյան, հրեշտակապետ Մովսիսյանի խոսքով, բավականին հագեցած է: Պարապմունքներ, դասեր, ծառայություն դրսում: Սպորտդահլիճում հրեշտակները սովորում են կամ հմտանում տարբեր հնարքների մեջ, սովորում տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել, արձագանքել ու օգնության հասնել:
Հնարքների տիրապետման մեջ աղջիները տղաներին, կարելի է ասել, չեն զիջում:
Օրինակ` օրեր առաջ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի` Կարապի լճում անակնկալ թռիչքի ժամանակ հրեշտակների գումարտակի ծառայող Միքայել Այվազյանն ու մյուս ծառայողներն օգտագործեցին հենց նման իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը և ջրում ևս անվտանգություն ապահովելու իրենց պարտականության կիրառումը:
«Մենք` ոստիկաններս, միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում: Մենք ուղղակի պարտավոր ենք արագ կողմնորոշվել»,- ասում է նա:
Հրեշտակների գումարտակում վարձատրությունը ևս բարձր է, ինչն էլ, կարելի է ասել, շահագրգռում է ընդգրկվելու նրանց, չնայած որ, նրանց խոսքով, ոստիկան դառնալու համար դա առաջնային պատճառ չէ: Գումարտակի ծառայողները նաև ասում էին, գոհ են իրենց խրախուսանքներից, ինչպես նաև` իրենց հրամանատարից:
ՊՊԾ գնդում ընդգրկված ևս մեկ ստորաբաժանում կա, որի ծառայողները, ամեն օր չէ, որ երևում են, ինչպես ասենք` հրեշտակները: Ինչքան էլ երևույթը բացասական է, միևնույն է, պետք է նշել, որ հասարակության շրջանում այդ ստորաբաժանումն այնքան էլ դրական ֆոնի վրա չի ընդունվում: Այդ ծառայողները ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներն են, կամ ինչպես ասում են` կարմիր բերետավորները: Նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց անհրաժեշտությունը կա: Կարմիր բերետավորներին շատերը ճանաչում են ակցիաներից, միտինգներից:
Երրորդ հատուկ գումարտակի ծառայող ենթասպա Մուսայելյան Արմենը, արդեն 2 տարի է, ինչ ոստիկանական համազգեստ է կրում: Նա ծնվել է ծառայողի ընտանիքում, այդ իսկ պատճառով որոշել է ինքն էլ համազգեստ կրել: Արմանն ասում է, որ այսօր հասարակության շրջանում ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, սկսել են ավելի վստահել: «Մենք էլ աշխատում ենք իրենց հետ հարգալից լինել, դա մեր պարտքն է»,- նշում է նա:
Իսկ ահա Արզումանյան Հրաչյան, արդեն 10 տարի է, ինչ համակարգում է, ավագ լեյտենանտ է: Համեմատելով 10 տարի առաջն ու հիման, նշում է՝ միանշանակ փոփոխություններ կան: «Քաղաքացիների հետ շփումն է փոխվել, ավելի շատ ենք շփվում, կապ հաստատում: Նախկինում չկար այդ երևույթը, դա շատ լավ է»,- նշում է նա: Երրորդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Հովակիմյան Խաչատուրն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ծառայողները երթուղիներ են սպասարկում երեք հերթափոխով:
Ի զարմանս մեզ` ոստիկանության մայորը համամիտ չէր այն դիտարկման հետ, որ համակարգը բավականին քննադատությունների է արժանանում: Նա գտնում է, որ քննադատողները շատ փոքր մասն են կազմում: Նրա խոսքով՝ իրենց այժմ ավելի շատ են դիմում, քան նախկինւմ, ինչն էլ խոսում է ոստիկանական համազգեստից «չփախչելու» և դրան վստահելու մասին: Երրորդ հատուկ գումարտակը հրեշտակների գումարտակների հետ միասին ապահովում է հասարակական կարգը, անվտանգությունը:
Թերևս, ոստիկանության մասին կարելի է անվերջ խոսել, քննադատել, դրական կետերը նշմարել, սակայն սահմանափակվենք այսքանով և շնորհավորենք բոլոր հայ ոստիկաններին իրենց մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանալով, որ էլ ավելի մոտ լինեն հասարակությանը, սեփական ժողովրդին:
Քրիստինա Աղալարյան