Արտերկրում Ցեղասպանության ճանաչման գործում ՀՀԿ-ն առաջ է տանում իր հովանավորյալին` անտեսելով անկուսակցականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից իրականացվել է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի «Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում» անվանակարգում «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն ներկայացրել է ծրագիր` Հարավային Կորեայում տեղական ղեկավարության հետ համատեղ բացել Հայոց Եղեռնի մասին մշտական գործող թանգարան-ցուցասրահ:

ՀԿ-ի ներկայացրած ծրագրի նպատակն էր բարձրացնել Հայոց Մեծ Եղեռնի մասին Հարավային Կորեայի հանրության և ղեկավարության իմացության մակարդակը, Կորեայի Ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ Եղեռնի մասին մշտական ցուցասրահի բացման, ԶԼՄ-ներով հաղորդումների, ցուցադրվող ֆիլմերի միջոցով ուղերձ հղել Կորեայի Ազգային Ժողովին Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ, այնուհետև հող ստեղծել Եղեռնը պետականորեն ճանաչելու գործում:

Հարկ է նշել, որ Հարավային Կորեան ևս վերապրել է Ցեղասպանություն Ճապոնիայի կողմից և ի հիշատակ նահատակների` Սեուլ քաղաքի մոտակա հյուսիսային քաղաքներից Փաջուում կառուցվել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որի բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին: Թանգարան-ինստիտուտը նվիրվելու է Հայոց Մեծ Եղեռնին, Նանջինգի կոտորածին, Հոլոքոստին, Կամբոջիայի Ցեղասպանությանը, Ռուանդայի ցեղասպանությանը և այն բոլոր` էթնիկ հողի վրա տեղի ունեցած կոտորածներին, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ:

«Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ձեռնամուխ է եղել կազմակերպել հիշատակի օրվա միջոցառումներ Հարավային Կորեայում: Աշխատանքներ է տարել վերը նշված նոր բացվող Ցեղասպանության թանգարանի տնօրինության ներկայացուցիչների հետ: Բացման արարողությանը հրավիրված են մասնակցելու 60 մարդ, որոնց թվում Ճապոնիայում ՀՀ դեսպանը, Կորեայում Թուրքիայի դեսպանը, Սեուլի քաղաքապետը, օրենսդիր և գործադիր մարմնից, ինչպես նաև մարզպետարաններից և քաղաքապետարաններից ներկայացուցիչներ, պատմագետներ, դասախոսներ, ուսուցիչներ:

Կորեայի Ցեղասպանության թանգարանը կարիք ունի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստերի, լուսանկարների, փաստագրական ֆիլմերի և ցուցասրահի բացման համար այլ նյութերի: Այդ նպատակով «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել Կորեայի թանգարանի ղեկավարության հետ տրամադրելու որոշակի քանակությամբ ցուցանմուշներ, ֆիլմեր, փաստագրական նյութեր, մեկնաբանություններ ներկայացված փաստերի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպել ցուցասահի բացման արարողությունը:

Ծրագրի իրականացման համար «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն ներկայացրել էր հետևյալ ծախսային հոդվածները` 2 անձի ավիաթռիչք հետադարձով, 8 օրվա համար օրապահիկ և գիշերավարձ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանի կողմից էլեկտրոնային կրիչով տրամադրած 50 նկարների A1 ֆորմատի տպագրություն և Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի կողմից տրամադրած ֆիլմերի բազմացում Հայոց Եղեռնի ցուցասրահում հյուրերին բաժանելու նպատակով, ընդհանուր բյուջեի ծախսը կազմում էր 4.450.000 ՀՀ դրամ, որից ըստ պայմանի 10% տրամադրվում է Նախագահականի որպես գործընկեր կազմակերպություն՝ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամին, դրամաշնորհի տրամադրման աշխատանքներն իրականացնելու համար:

Սակայն, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը դրամաշնորհը հանձնել է «Գեղամա երիատասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ին, որի տնօրենը` Վահան Դավթյանը, ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ է, ԱԺ երիտխորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ Երիտմիության նախագահ Կարեն Ավագյանի մտերիմը:

961504_938926596141544_194491493_n

11074526_938926599474877_69288419_n

«Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դրամաշնորհը մերժելու հիմք են ներկայացրել այն, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն տրամադրել է ցուցանմուշներ, որի պատճառով չի կարող ֆինանսավորվել ծրագիրը: Եփրեմյանի խոսքով` բերված պաշտոնական պատճառաբանությունը բացահայտ սուտ է և անհիմն: Վերջինս նշեց, որ այս ծրագրի իրականացումը շատ կարևոր քայլ է ցեղասպանության ճանաչման գործընթացում և Կորեայում այդ թանգարանի բացմանը Հայաստանից պաշտոնական ներկայացուցչի ներկա գտնվելը պարզապես անհրաժեշտություն է: Արմեն Եփրեմյանը մեզ տեղեկացրեց նաև, որ ո´չ Մշակույթի նախարարությունից, ո´չ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտից ներկայացուցիչ չի մասնակցելու Կորեայում թանգարանի բացմանը` ֆինանսավորում չլինելու պատճառաբանությամբ:

Armlur.am-ը, պահպանելով օբյեկտիվությունը, կապ հաստատեց հիշյալ դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Գալստյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փորձագետի տված եզրակացության համաձայն, նշված ծրագիրը չի համապատասխանել չափորոշիչներին: Այսինքն` ծրագրային քննարկման ընթացքում հանձնաժողովը նպատակահարմար չի գտել տվյալ ծախսերի շրջանակում այդ ծրագիրն իրականացնել, քանի որ Ա. Գալստյանի խոսքով, այս ծրագիրը կարելի է իրականացնել նաև առանց ՀԿ-ի մասնակցության:

Աննա Գալստյանի խոսքով` ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագրերում, իհարկե, կարևորություն ունի ֆինանսավորման չափը: «Բյուջեում սահմանափակումներ են նախատեսված»,- ասաց նա:

«Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Մշակույթի նախարարությունը տրամադրել են համապատասխան նյութեր, Հարավային Կորեայում կա ներկայացուցիչ, որն էլ Կորեայի հանրապետության կառավարության հետ համագործակցության մեջ է գտնվում: Այդ անձը հենց տեղում կարող է իրականացնել գործառույթները, եթե այստեղից նյութերն ուղարկվեն»,- նշեց Գալստյանը:

Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է դրամաշնորհը հանձնվել մեկ այլ ՀԿ-ի, այն է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, այդ ծրագիրը համապատասխանո՞ւմ էր չափորոշիչներին, Գալստյանը պատասխանեց. «Դրամաշնորհները չեն տրամադրվում` ի վնաս մյուս ՀԿ-ների: Եթե մեզ մոտ հաղթել է մի ՀԿ, դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունը պարտվել է: Մենք նման խնդիր չունենք: Եթե ծրագիրը համապատասխաներ ֆորմատին, երկուսն էլ կֆինանսավորվեին»,- նշեց ծրագրի համակարգողը:

Փորձեցինք կապ հաստատել նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, պարզելու` նշված ծրագրին ինչու՞ է նման գնահատական տրվել, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: Armlur.am-ը նշված հարցով փորձեց կապ հաստատել Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի հետ, սակայն վերջինս երկրում չէ:

Վերջում հավելենք, որ հաշվի առնելով ծրագրի կարևորությունն ու հրատապությունը «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն որոշել է այս հարցով դիմել Սերժ Սարգսյանին` խնդրելով հանձնարարել վերանայել ՀԿ-ի ներկայացված ծրագիրը, որի իրականացումը մեծ քայլ առաջ է Հայոց Եղեռնի միջազգային ճանաչողության և դատապարտման գործընթացում, մասնավորապես ցեղասպանություն վերապրած Հարավային Կորեայում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս