Հալեպի հայաբնակ թաղամասի հրթիռակոծման մեջ Թուրքիայի մա՞տն է խառը. մեկնաբանում է արաբագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը օրեր առաջ հրթիռակոծության ենթարկվեց: Այս օրերին ևս իրավիճակը Հալեպում շարունակում է մնալ բավական լարված: «Հալեպահայեր» ֆեյսբուքյան էջում բարձրաձայնվում էր, որ այնտեղից երեխաներին ու կանանց տարհանելու անհրաժեշտություն կա: Ի՞նչն էր ռազմական գործողությունների վերսկսման պատճառը, արդյո՞ք թիրախն ընտրված էր հենց հայկական թաղամասը: Այս և այլ հարցերի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, Ձեր ունեցած տեղեկություններով, ի՞նչ իրավիճակ է տիրում Հալեպում:

– Այդ թաղամասը բնակեցված էր ինչպես հայերով, այնպես էլ այլ քրիստոնյաներով: Ապրիլի 14-ին թիրախ էր դարձել նաև Նոր Գյուղ շրջանը: Հալեպում տևական ժամանակ է, ինչ կենցաղային լուրջ խնդիրներ կան՝ ջրի, էլեկտրականության, համացանցի: Իսկ վերջին օրերին այդ ամենին ավելացան նաև անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ, քաղաքում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով ունեցանք հիմնականում նյութական կորուստներ, և շուրջ մեկ տասնյակ վիրավորներ: Իսկ այսօր, ռազմական գործողությունները, կարծես, որոշակիորեն նվազել են: Իսկ ինչպես են սովորաբար ընթանում ռազմական գործողությունները. Հալեպի հայաբնակ թաղամասերը հիմնականում կառավարական ուժերի վերահսկողության ներքո են, և հթրիռակոծություններն իրականացվում էին հակակառավարական տարբեր խմբավորումների կողմից՝ հիմնականում ինքնաշեն հրթիռների միջոցով: Այսինքն՝ արձակվել են ինքնաշեն հրթիռներ, ինչի հետևանքով հիմնականում վնասվել են շրջանի հայկական շինություններ, հաստատություններ:

-Այսինքն՝ կոնկրետ հայկական թաղամասե՞րն էին թիրախ ընտված:

-Ինչ խոսք, հստակ թիրախավորման հանգամանքի մասին դժվար է պնդել: Նշեմ, որ Նոր Գյուղը բավականաչափ մոտ է հակամարտ կողմերի միջև առկա սահմանագծին և այն բավականին հաճախ է դառնում հրթիռակոծությունների թիրախ: Այս շրջանում հատկապես անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ռազմական գործողություններն իրենց գագաթնակետին հասան, ինչի հետևանքով նախ այն հայտարարվեց աղետի գոտի և բացի այդ, բնակավայրը հիմնականում դատարկվեց: Իսկ Սուլեյմանիեն հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում հարձակման թիրախ դարձավ, և չկան կոնկրետ փաստեր դրանք հայերի դեմ ուղղված գործողություններ որակելու համար:

-Ինչու՞ ռազմական գործողությունների ակտիվացում տեղի ունեցավ:

– Ընդհանրապես Հալեպում ռազմական իրավիճակի ակտիվացումը պետք է դիտարկել Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում դիտվող ռազմական գործողությունների ակտիվացման համատեքստում: Մասնավորապես՝ հյուսիս-արևմուտքում հակակառավարական խմբավորումներից «Ալ-Նուսրայի Ճակատը», «Ահրար ալ-Շամը», «Սուկուր ալ-Շամը» բավականին լուրջ առաջխաղացում գրանցեցին՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով Իդլիբ նահանգի համանուն վարչական կենտրոնը: Իսկ այն կարևոր հենակետի կարող է վերածվել զինյալների համար՝ իրենց հետագա ռազմական գործողությունները պլանավորելու հարցում: Դրան զուգահեռ՝ բախումներն ակտիվացան նաև այլ ռազմաճակատներում, մասնավորապես՝ Հալեպում, երկրի հարավում՝ Դարաայում, մասսամբ նաև՝ Լաթակիայում: Սիրիայի հյուսիսում և հատկապես Հալեպի պարագայում մի կարևոր գործոն ևս պետք է առանձնացնել՝ Թուրքիայի հանգամանքը, որն այդ երկրաշրջանը համարում է իր ռազմավարական շահերի գոտի: Իսկ շրջանում գործող հակակառավարական խմբավորումները հիմնականում գտնվում են Թուրքիայի ազդեցության ներքո, հետևաբար, չի բացառվում, որ ռազմական գործողությունների ակտիվացման գործում լուրջ դերակատարություն ունի Թուրքիան՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող այլ գործընթացները, որոնց համատեքստում Սիրիան զգալիորեն մոռացության է մատնվել: Հետևաբար, կարծում եմ՝ գործընթացները պետք է այս տեսանկյունից ևս դիտարկել: Եվ բնականաբար, կանխատեսելի է, որ Թուրքիան անուղղակիորեն՝ «ուրիշի ձեռքով» առավել կընդլայնի իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսում: Նման կանխատեսումների համար, ինչ խոսք, նաև հիմք է հանդիսանում Թուրքիայի կողմից իրականացված Սուլեյման շահի դամբարանի՝ Սիրիայի տարածքից դուրսբերման հատուկ գործողությունը:

-Պարո´ն Պետրոսյան, այս օրերին միջազգային հարթակներում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում գրանցած հաջողությունները և Թուրքիայի խուճապը կարելի է կապել Հալեպի հայկական թաղամասի հրթիռակոծության հետ` հաշվի առնելով, որ Թուրքիայի դերակատարությունը մեծ է այդ գործողություններում:

– Այն, որ Հալեպում ռազմական գործողություններն ակտիվանալու էին, սա կասկածից վեր է: Հալեպը դառնալու է բավական լուրջ բախումների թատերաբեմ: Այս համատեքստում, իհարկե, չի կարելի բացառել նաև Ձեր նշած հանգամանքը: Ռազմական գործողությունները կարող են նաև որոշակի թիրախավորում ունենալ և ոչ միայն հայերի, այլև առհասարակ Հալեպի ողջ քրիստոնյա բնակչության համար: Հնարավոր է նաև, որ Ձեր նշած գործընթացները ևս որոշակի ազդեցություն ունենան ռազմական գործողությունների տրամաբանության վրա: Բայց վերոնշյալը ես չէի որակի որպես առաջնային նպատակ, այլ՝ առավելապես կդիտարկեի որպես ստեղծված իրավիճակն ի շահ այլ կողմնակի հետաքրքրությունների, նպատակների ծառայեցնելու մարտավարություն :

-Այդ օրերին որոշ կոչեր հնչեցին Հալեպից կանանց և երեխաներին տարհանելու անհրաժեշտության մասին, բայց Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ տարհանելու ճանապարհ չկա՝ ցամաքային ճանապարհը փակ է, իսկ օդայինն էլ՝ վտանգավոր: Այս մասով ի՞նչ կասեք:

-Եթե չեմ սխալվում, տարհանման կոչը հնչեց ֆեյսուքում՝ մասնավորապես՝ «Հալեպահայեր» խմբում: Իսկ ինչու նման կոչ հնչեց, քանի որ, ինչպես վերը նշեցի, կասկածից վեր է, որ Հալեպը վերածվելու է ռազմական գործողությունների լրջագույն թատերաբեմի: Մի կողմից, ինչպես տեսնում ենք, հակակառավարական ուժերն են ակտիվանում, մյուս կողմից` հատկապես քաղաքի հյուսիսում` աստիճանաբար ամրապնդվում են «Իսլամական պետության» դիրքերը: Հետևաբար, կանխատեսելի է, որ հակամարտությունը Հալեպում կճյուղավորվի: Այս համատեքստում, մեծ է հավանականությունը, որ խնդիր կառաջանա խաղաղ բնակչության, այդ թվում նաև հալեպահայության տարհանման հարցում: Մասնավորապես, երեխաների մասով՝ մայիսի 12-ին ավարտվում է ուսումնական տարին, և պարզ է որ սպասվում է բավական դժվարին ամառ՝ կենցաղային, անվտանգության լուրջ խնդիրներով. թերևս սրանով են նաև պայմանավորված վերոնշյալ կոչերը: Իսկ տարհանելու համար դեռևս բաց է Հալեպից դուրս գալու ցամաքային ճանապարհը: Մինչդեռ հարկ է նշել, որ նման գործողության յուրաքանչյուր ծրագիր պետք է երկկողմանի համաձայնեցված լինի՝ ՀՀ և Հալեպահայ համայնքային իշխանությունների միջև, իսկ նման պայմանավորվածություններ կարծես դեռևս չկան: Քաղաքում մնացած հայերը դեռ չեն շտապում լքել իրենց տները, չնայած որ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ արձագանքել է խնդրին՝ պատրաստակամություն արտահայտելով հավուր պատշաճի ընդունել սիրիահայ երեխաներին: Նաև նշեմ, որ եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, խնդիրը կարելի է համաձանեցնել նաև Ռուսաստանի հետ, որն օդային ճանապարհով պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Լաթակիա, Բեյրութ և Սիրիայից դուրս բերում երկիրը լքել ցանկացող ԱՊՀ-ի քաղաքացիներին:

-Խոսելով միջազգային կառույցների մասին՝ կոնկրետ այս դեպքերի վերաբերյալ միջազգային հանրությունը որևէ արձագանք տվե՞լ է:

– Որևէ արձագանքի, համենայնդեպս, ես չեմ հանդիպել: Իսկ առհասարակ, միջազգային հանրության արձագանքը հնչում է, ընդհանուր առմամբ, սիրիական հակամարտությունում «Իսլամական պետության» վայրագ գործունեության առնչությամբ: Մինչդեռ հիշեցնեմ, որ Հալեպում հակամարտ կողմերի միջև զինադադարի հասնելու քաղաքի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար հատուկ ծրագիր էր փորձում իրականացնել սիրիական հիմնախնդրի գծով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչ, իտալացի դիվանագետ Ստեֆան դը Միստուրան, սակայն նրա ծրագիրն այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել, և պարզ է, թե ինչու չհաջողվեց, քանի որ հակակառավարական խմբավորումների գործունեության հստակ ուղղորդվածություն կա արտաքին ուժերի կողմից:

-Հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության քայլերն ինչպե՞ս կգնահատեք:

-Միջազգային հանրության գործողություններն ու արձագանքներն ընդամենը հռչակագրային և արարողակարգային հարթության մեջ են՝ զուրկ որևէ առարկայական արդյունքներից: Դրանք արվում են միայն անելու համար: Գործնական միջոցառումների շարքում երևի թե կարելի է առանձնացնել միայն հակամարտության գոտի հանդիսացող շրջանների բնակչությանը հնարավորության առկայության դեպքում պարբերաբար մարդասիրական օգնության տրամադրումը: Ավելիի` առավել առարկայականի մասին, ցավոք, գործընթացներ, փաստեր չկան:

-Այսինքն՝ միջազգային կառույցների գործառույթը թղթի վրա հրապարակուներ անելն է, իսկ արդյունք կլինի թե ոչ, իրենց չի հետաքրքրում:

-Նույն այդ միջազգային կառույցների անդամ թե´ արտատարածաշրջանային և թե´ մերձավորարևելյան մի շարք պետություններ ունեն սեփական շահերն ու նպատակներն այս հակամարտության շրջանակներում: Հենց այս հանգամանքն էլ էականորեն սահմանափակում է միջազգային կառույցների հնարավորությունները որևէ հիմնախնդրի կարգավորման գործում: Այնպես որ, անկախ միջազգային կազմակերպությունների գործունեությունից, առանձին դերակատարներ փորձելու են առնվազն ստվերային մակարդակում առարկայնացնել սեփական ծրագրերը: Եվ ընդհանրապես, այս խնդիրն առկա է ցանկացած հակամարտության տրամաբանության մեջ. սովորաբար բռնկման և հանգուցալուծմանը խոչընդոտող պատճառներն էականորեն տարբեր են լինում, և այս հարցում, բնականաբար, զգալի դերակատարում ունեն կողմնակի ուժերի շահերը:

-Իսկ սիրիական հակամարտության չկարգավորման պատճառները որո՞նք են:

-Բավական տարողունակ հարց եք առաջադրում: Սիրիական հակամարտության չկարգավորումն ունի մի շարք պատճառներ՝ և´ արտաքին, և´ ներքին: Այս հակամարտությունը վաղուց արդեն չի համարվում զուտ ներքին զինված հակամարտություն: Այն վերածվել է տարածաշրջանային և ինչու ոչ, աշխարհաքաղաքական դիմակայություն: Այստեղ հատվում են ինչպես ԱՄՆ-ի, ՌԴ-ի, այնպես էլ տարածաշրջանային մի շարք խաղացողների՝ մի կողմից Թուրքիայի, Պարսից ծոցի միապետությունների, մյուս կողմից՝ Իրանի շահերը: Երկրի ներսում բացի իշխանություն-ընդդիմություն քաղաքական հակամարտությունից` առավել ընդլայնվել և անվերահսկելի է դարձել հակակառավարական տարաբնույթ խմբավորումների շրջանակը: Գործընթացներին ներգրավվել են ուժեր, որոնց նպատակը բնավ էլ միայն Սիրիայում իշխող վարչակարգի տապալումը չէ: Առանցքային է նաև միջազգային ահաբեկչության, կամ որ այս պարագայում նույնն է՝ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեության իրողությունը, ինչը դրսևորվում է «Իսլամական պետության», «Ալ-Քաիդայի» և այլ ծայրահեղական կառույցների դերակատարությամբ, որոնց նպատակներն ու դրանց առարկայացման գործողությունները բոլորովին այլ բնույթ են հաղորդում հիմնախնդրին՝ հավելյալ խոչընդոտներ առաջացնելով նաև դրա կարգավորման հեռանկարի հարցում առհասարակ:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի




Լրահոս