«Սարալանջին կառուցված այս քանդվող քարե վանքը կանգնած է որպես սարսափելի անցյալի մի մոռացված հուշարձան: Ավելի հեռու՝ հողի վրա ճեղք է բացված՝ այնքան խորը, որ ներս նայելիս միայն մթություն կարելի է տեսնել։ Ըստ պատմության՝ հենց այնտեղ են 100 տարի առաջ անհայտ թվով հայեր նետվել՝ մահանալու»,- գրում է The New York Times պարբերականը՝ պատմելով Դիարբեքիրի Չյունգյուշ լեռնային գյուղի մասին։
«Նրանք բոլոր տղամարդկանց նետում էին այդ փոսը»,- գյուղամեջի սրճարանում սերնդեսերունդ անցած պատմություններ է պատմում 78-ամյա Վահիտ Սահինը:
Պրն. Շահինը շրջվում է ու ցույց տալիս վանքը: «Ասում են հայկական է»: Կրկին հետ է շրջվում: «Այս կողմը մուսուլմանական է: Սկզբում նրանք իսկապես միմյանց հետ բարեկամներ էին»:
«100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի կեսերին այս ու Արևելյան Անատոլիայի տարածքում նման բազմաթիվ գյուղեր դարձել են մահվան դաշտեր, քանի որ Օսմանյան կայսրության հուսահատ ղեկավարությունը, կորցնելով Բալկանները և բախվելով իր արաբական տարածքները կորցնելու հեռանկարին, սպառնալիք տեսավ հենց իր հայրենիքում»,- գրում է հոդվածի հեղինակ Թիմ Արանգոն:
Անհանգստացած, որ քրիստոնյա հայ բնակչությունը ծրագրավորում է համագործակցել Ռուսաստանի՝ Օսմանյան Թուրքիայի անմիջական թշնամու հետ, պաշտոնյաները ձեռնամուխ եղան նրան, ինչ անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվել են, ոմանք կոտորվել հենց այստեղ, մյուսները հարկադրաբար տարհանվել Սիրիայի անապատները՝ ճանապարհին սովամահ լինելով, հաղորդում է հոդվածագիրը:
Ցեղասպանությունը Մեծ Պատերազմի մեծագույն գազանությունն է: Այն նաև մնում է հակամարտության ամենավիճելի ժառանգությունը, որը Թուրքիայի իշխանությունների կողմից դիմավորվում է 100 տարվա ժխտողականությամբ ու լռությամբ: Մազապուրծ եղած հայերի ու նրանց ժառանգների համար ցեղասպանությունը դարձել է նրանց ինքնության առանցքային նշագիր, իսկ ցավը փոխանցվել է սերնդեսերունդ։
«Հայերն ապրել են` մեկ դար շարունակ ողջ աշխարհին բացականչելով, որ դա տեղի է ունեցել»,- ասում է Գաֆուր Թուրքայը, ում պապը, մանկահասակ տարիքում մազապուրծ է եղել ցեղասպանությունից և որդեգրվել մահմեդական ընտանիքի կողմից: Պրն. Թուրքայը, վերջին տաիներին բացահայտելով իր ինքնությունը, սկսել է իրեն հայ անվանել ու քրիստոնեություն է ընդունել: «Մենք ցանկանում ենք մեր ինքնությամբ լինել այս պետության մի մասնիկը, այնպես, ինչպես դա եղել է մեկ դար առաջ»,- ասել է նա:
Այնուհետև հոդվածագիրը պատմում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն ողջ աշխարհում: