ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Մարսելում բնակվող լեռնագնաց Արա Խաչադուրյանը սկսել է դեպի աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթ բարձրանալ, որը կտեւի 1.5-2 ամիս: Վերջինս այն նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:

 

 

 

 
ՀԱՐՑ. 66 տարեկան եմ: Իմ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ ղեկավարությունը կարո՞ղ է արդյոք եւ ի՞նչ պայմանների դեպքում 1 տարով երկարացնել աշխատանքային պայմանագրի ժամկետը:

Գրիշա Վարդանյան (66 տարեկան, աստվածաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումում բարձրացված հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 13-րդ եւ 14-րդ հոդվածներով:
Մասնավորապես, օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերություններն աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
Համաձայն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ, որ Ձեր աշխատանքային պայմանագիրը կարող է երկարաձգվել (այդ թվում դիմումում նշված ժամկետով) միայն կողմերի՝ Ձեր եւ գործատուի փոխադարձ համաձայնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ աշխատանքային պայմանագրի երկարաձգումը կախված է երկու կողմերից, սակայն, ինչպես գիտենք, մեր երկրում գործատուներն օժտված են «անսահմանափակ» լիազորություններով, եւ այս դեպքում կարծես թե ամեն ինչ թողնված է գործատուի հայեցողությանը: Ավելացնենք նաեւ, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ, եւ որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան օգտագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ այն պետք է օգտագործվի անձնական նպատակներով: Ճանապարհատրանսպորտային պատահարում ճանաչվել եմ մեղավոր կողմ: Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող են լինել:

Լեւոն Կիրակոսյան (45 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի դ կետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչեւ ապահովագրական պատահարը: Ավտոմեքենան որպես տաքսի օգտագործելու դեպքում փոխվում է վերջինիս ռիսկայնության աստիճանը: Վերոնշյալից բխում է, որ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ սուտ տեղեկություն տրամադրելու համար ԱՊՊԱ-ն իրավունք ունի քաղաքացուց, տվյալ դեպքում տաքսու վարորդից, փոխհատուցում պահանջելու: Չնայած ակնհայտ կերպով քաղաքացին այս դեպքում իր մեղավորությունն ունի, սակայն այսօր ԱՊՊԱ-ին վճարվող գումարն այնքան շատ է, որ քաղաքացիները ստիպված են դիմում նման քայլերի: Ավելացնենք, որ ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2014 թ. ընդհանուր հաշվով քննարկել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված 1277 հայտ: Քննարկված հայտերի 77%-ը լուծվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների օգտին, ընդ որում, 61.1%-ը լուծվել է հաշտության միջոցով: Հայտերի մեծ մասը` 1021, ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ:




Լրահոս