Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը վերջերս հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերությունները կարող են հանգեցնել նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների սրմանը: Armlur.am-ն այս հայտարարության շուրջ զրուցեց ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ: Վերջինս ընդգծեց, որ սառեցված հակամարտություն ասելով` Գերասիմովն առաջին հերթին նկատի է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը:
– Պարոն Կալաչով, Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերությունները կարող են հանգեցնել նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների սրմանը։ Ի՞նչ է ենթադրում Վ.Գերասիմովի հայտարարությունը, և կա՞ արդյոք իրականում նման վտանգ:
– Եվս մեկ ապացույց այն բանի, որ պատերազմը չափից շատ կարևոր բան է, որպեսզի այն վստահես գեներալներին: Գերասիմովը խոսել է նաև այն ռազմական վտանգի մասին, որը Ռուսաստանի համար ստեղծում է Ուկրաինան: Նա չմոռացավ, իհարկե, հիշել Արևմուտքին, որը իբրև Ուկրաինային թելադրում է հետագա գործողությունների կարգը: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շատ սպասելի հայտարարել է, որ Ռուսաստանի համար վտանգ են ներկայացնում, այսպես ասած, «գունավոր» հեղափոխությունները: Նրա կարծիքով, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի նման հեղափոխությունները կրկին կազմակերպված են եղել Արևմուտքի կողմից` արևմտամետ ուժերին իշխանություն բերելու նպատակով: Գերասիմովը գտնում է, որ այսօրվա դրությամբ առկա է հետխորհրդային երկրների սառեցված հակամարտությունների վերսկսման վտանգ, որը կարող է հրահրել ռազմական նոր հակամարտություններ, բայց արդեն ՌԴ-ի սահմաններում:
Սառեցված ո՞ր հակամարտությունները կարող են կրկին վերսկսվել: Մերձդնե՞ստրը, դժվար թե Մոլդովան դրան պատրաստ է, Հարավային Օսեթիա՞ն և Աբխազիա՞ն, չի երևում, որ Վրաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ռիսկի դիմել, Ղարաբա՞ղ. այ դա հնարավոր է: Բայց ի՞նչ կապ ունեն այստեղ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն: Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայումս ջերմ անվանել չես կարող: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցված լինելը Ռուսաստանի համար օգտակար է: Հայաստանը գործում է շատ նեղ միջանցքով և իր գործընկերներին ընտրում է` անվտանգության նկատառումներից ելնելով: Ռուսաստանին հակամարտության վերսկսումը ձեռնտու չէ: Տեսականորեն այն կարող է ձեռնտու լինել ԱՄՆ-ին, բայց միայն տեսականորեն` դավադրության տեսությունների շրջանակներում: Ստիպել Ռուսաստանին կողմնորոշվել Հայաստանի և Ադրբեջանի պատերազմի հարցում, վերջնական կռվեցնել ԱՄՆ-ին կողմերից մեկի հետ, կարծես թե գայթակղիչ է հնչում, բայց միայն կարծես թե… Բայց Գերասիմովը հենց միայն դա է ակնարկում:
– Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչն է հիմք հանդիսացել Գերասիմովի նման հայտարարության համար:
– Միգուցե այդ հայտարարության ետևում թաքնված է Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակը բացատրել Արևմուտքի մեքենայություններով: Բայց ինձ համար նման բացատրությունն անբնական է թվում: Սպասենք ՌԴ պաշտպանության նախարարության հետագա պարզաբանումներին:
– Եթե այդ հայտարարությունը վերաբերում է Ղարաբաղյան կոնֆլիկտին, ապա ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը:
– Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին տարիներին իրոք սրվել է: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի խախտումների մեջ: Բայց սա դեռ պատերազմ չէ: Դեռևս սա միայն ճնշում է` մտադրությունների լրջությունն ապացուցելու նպատակով: Այն, որ Ադրբեջանը ցույց է տալիս իր մարտական հնարավորությունները, պետք է ազդանշան լինի Հայաստանի համար, որը նախկինում միգուցե թերագնահատում էր մրցակցի մարտական հնարավորությունները, և պետք է պարզ լինի, որ Բաքուն վճռական է տրամադրված: Եվ սա իր տեսակով առաջարկությունների ծրագիր է ուղղված Ռուսաստանին, որից Ադրբեջանը սպասում է ակտիվ միջնորդություն` յոթ շրջաններն Ադրբեջանին փոխանցելու համար:
Չեմ կարծում, թե այս պահին գործը կհասնի լայնամասշտաբ պատերազմի, քանի որ հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները չեն սպառվել: Բացի այդ, լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Իլհամ Ալիևը կկանգնի լուրջ խնդիրների առջև: Նա պատրաստ չէ ամեն ինչ դնել վտանգի առջև: Դա հասկանում են թե´ Ռուսաստանը, թե´ Հայաստանը: Այժմ Ալիևի համար ամենից կարևորը Եվրոպական խաղերի անցկացումն է: Բայց հետագայում Ադրբեջանի կողմից ճնշումը կարող է աճել: Ադրբեջանը նաև հույս ունի հայկական էլիտայի պառակտման և Հայաստանի ներսում դժվարությունների աճի: Դա նշանակում է, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
– Հայաստանն արդեն հանդիսանում է ԵՏՄ անդամ, սակայն սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեղական իշխանությունները վստահեցնում էին, որ ԵՏՄ անդամակցությունն արվում է անվտանգության պահպանման համար, բայց մենք ամեն օր լսում ենք նոր հարձակումների մասին: Ինչպե՞ս կբացատրեք ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի պահվածքը:
– Ադրբեջանը տեսնում է, թե ինչպես են փոխվում սահմանները հետխորհրդային երկրներում: Ղրիմը վերադարձավ Ռուսաստանին: Այդ նույն ժամանակ Ալիևին պետք է բարձրացնել սեփական հեղինակությունը: Բանակցությունները փակուղի են մտել, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով: Բացի այդ, վերջին ժամանակներում մենք ականատես ենք լինում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ջերմացման. հակասությունների փուլն ավարտված է: Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին մտադիր է Կասպից տարածաշրջանում ստեղծել կոլեկտիվ անվտանգության համակարգ: Ասվածիս վկայությունն է հանդիսանում երկու երկրների միջև առկա ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Սերգեյ Շայգուն եղել է Բաքվում, պայմանավորվել են նույնիսկ համատեղ զորավարժությունների մասին: Իհարկե, սա միանշանակ ուղերձ է նաև ԱՄՆ-ին, բայց Հայաստանին այդ ռազմական համագործակցությունը չի կարող չանհանգստացնել: Եվ իսկապես, տարօրինակ է` մի կողմից Հայաստանը միանում է ԵՏՄ-ին, մյուս կողմից Ռուսաստանը ռազմա-տեխնիկական համագործակցության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ: Սա իսկական քաղաքականություն է, կոպիտ ասած, Ռուսաստանին առաջին հերթին ոչ թե անհանգստացնում են Հայաստանի կամ Ադրբեջանի հետաքրքրությունները, այլ` սեփականը: Ռուսաստանը ցանկանում է իր վերահսկողությունը պահպանել և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում. և դա դեռ հաջողությամբ ստացվում է:
– Իսկ ի՞նչ եք կարծում` Ղարաբաղյան հակամարտության պարագայում ինչպե՞ս պետք է գործի Մինսկի խումբը, որպեսզի որոշ չափով մեղմի իրավիճակը: Հաշվի առնենք նաև, որ անցյալ տարի նախագահների մակարդակով հանդիպումներ են եղել, սակայն այսօր լարվածությունը չի թուլացել:
– Թվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայումս ունակ չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Բայց սրա հետ մեկտեղ այն մնում է միակ հարթակը, որտեղ հնարավոր կլինի կարգավորել այդ կոնֆլիկտը: 2014թ. օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին երեք անգամ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ապա Ֆրանսիայի օգնությամբ: Բայց այդ հանդիպումներից ոչ մեկը չբերեց խաղաղ կարգավորման: Երևանի և Բաքվի միջև վստահության և առաջընթացի պակասի պարագայում տարածաշրջանում մեծանում և կարևորվում է Ռուսաստանի դերը, որն էլ հիմա պատրաստ չէ ռադիկալ փոփոխությունների: Որքան ես գիտեմ, Բաքուն համաձայն չէ Մադրիդյան սկզբունքների հետ, Երևանը համաձայն է վերապահումներով, իսկ Ստեփանակերտը` ոչ: Ռուսաստանը հանդես է գալիս հարցը ռազմական միջոցներով լուծման դեմ: Մոտիվիացիան տարբեր է, սակայն բոլորն էլ խաղաղության մասին են խոսում:
– Հայաստանում, այդ թվում նաև նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս բարձրաձայնվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Սահմանին մշտապես լարված իրավիճակ է, իսկ Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու անվտանգության երաշխավորն է, զենք է վաճառում Ադրբեջանին: Դուք այս հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:
– Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ իմ անձնական տեսակետն այս հարցում չի կարող էական ազդեցություն ունենալ: Հետաքրքիր է նաև, որ ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաև Հայաստանը, կտրուկ հայտարարություններով հանդես չի գալիս, որտեղ գնահատական կտրվեր Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: Հայկական կողմի ճնշման դեպքում Ռուսաստանը միգուցե ավելի հստակ դիրք գրավեր այդ հարցում: Չնայած, որ Մոսկվայի ուշադրությունն ուղղված է ԱՄՆ-ի հետ հակասությունների հարցին, Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն անուշադրության չի մատնվում: Այլ հարց է, որ Մոսկվան միգուցե չի հավատում Բաքվի` կտրուկ քայլերի դիմելու հայտարարություններին և շարունակում է զենք մատակարարել: Պարզ է` որոշում կայացնելու համար այնքան էլ շատ տարբերակներ չկան` վաճառել կամ չվաճառել: Իսկ եթե վաճառել, ապա կոնկրետ ի՞նչ: Հարցը դրված էլ չէ , քանի որ Ադրբեջանը լուրջ գնորդ է:
Նաիրա Հովհաննիսյան