Օբաման հեռացող նախագահ է, նրան ոչինչ չպետք է կաշկանդի` օգտագործելու ցեղասպանություն եզրույթը. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել էր` եկեք պատմությունը թողնենք պատմաբաններին և նոր հարաբերություններ փորձենք հաստատել: Թուրքիայի նախագահի այս հայտարարության, ԱՄՆ նախագահ Օբամայի սպասվող ելույթի և այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց Ստյոպա Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարան, Թուրքիայի նախագահ Էրդողանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել է, թե եկեք պատմությունը թողնենք պատմաբաններին և նոր հարաբերություններ փորձենք հաստատել: Ինչ եք մտածում այս հայտարարության մասին, որը կարծես տարբերվում է նախորդներից:

– Էրդողանն ուրիշներին հորդորում է պատմությունը հանգիստ թողնել, բսյց ինքը նստած պատմություն է գրում: Արդեն ինքն է որոշում` Կոլումբոսն է հայտնաբերել Ամերիկան, թե մուսուլմանները, ինքն է արդեն ուզում թելադրած լինի, թե ինչպես գրեն  Օսմանյան կայսրության պատմությունը: Այսինքն` ինքն ակնհայտորեն «քիթը խոթում է» պատմության մեջ և փորձում ուրիշներին դաս տալ: Էդրողանի ամբողջ ցանկությունը  և նպատակը եղել է, որպեսզի Ցեղասպանության խնդիրը չհայտնվի միջազգային հարթակում: Նրան թվում էր, թե հայ-թուրքական արձանագրություններով ինքը զսպել է Հայաստանին և մասամբ ճիշտ էր, քանի որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ գնահատականներ չէին հնչեցնում այդ շրջանում` մտածելով, թե Թուրքիան բարի կամք կդրսևորի և կբացի փակ սահմանները:

Այսօր ինքը խնդիր ունի, քանի որ Ցեղասպանության հարցն ամենատարբեր ամբիոններից են բարձրաձայնում: Ո´չ քաղաքականապես, ո´չ տնտեսապես, ո´չ էլ ֆինանսապես ինքն այլևս ի վիճակի չէ պարտադրել գնել պետություններին, որպեսզի չխոսեն այդ խնդրից: Հետևաբար, նրան մնացել է դաս տալը, որպեսզի պատմությանը հանգիստ թողնեն այն դեպքում, երբ պատմությունն առաջին քրքրողն ինքն է: Ինքը ոչ միայն ցանկություն ունի գրել հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը, այլ ինքն անցել է Օսմանյան կայսրության պատմությունը վերաշարադրելու գործին: Իր հորդորն առաջինը պետք է հենց իրեն ուղղված լինի: Եվ վերջապես, եթե Էրդողանը խոսում է հայ – ադրբեջանական հարաբերություններից, թող այստեղ էլ տարածի պատմաբաններին թողնելու խնդիրը և Ղարաբաղյան խնդրից թող ինքը մեկընդմիշտ չխոսի:

– Շատերը նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունները հենց երկու երկրները պետք է կարգավորեն` առանց միջնորդների: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

– Նման բարդ կոնֆլիկտներն առանց միջնորդների չեն լուծվում: Այլ բան է, թե ովքեր եև միջնորդները և ինչ շահեր են հետապնդում: Եթե միջնորդները չունեն այս հակամարտությունը լուծելու շահագրգռվածություն և ընդամենը դա պետք է ինչ-ինչ հարցեր լուծելու համար, ապա միջնորդները բացասական դեր են կատարում: Եթե նկատի ունենանք, որ խաղաղաշինությունն անպայման միջնորդական առաքելություն է ենթադրում, ապա մշտապես հայտնվել են միջնորդներ, ովքեր մտահոգ են եղել իրավիճակի ապակայունացմամբ: Հետևաբար, այս կտրվածքով միանշանակ միջնորդների առկայությունը դրական է: Բայց սա այն դեպքում, երբ միջնորդների շարքում չկան պետություններ, որոնք այլ նպատակներ են հետապնդում:

–  Հռոմի պապի ուղերձից ու հատկապես ԵԽ բանաձևից հետո շատերը նշում են, որ հաջորդն ԱՄՆից պետք է ակնկալել նման քայլ: Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք:

– Որպես աշխարհում ամենամեծ կշիռ ունեցող երկիր` ԱՄՆ նախագահ Օբամայի խոսքը չափազանց կարևոր է: Եվ իզուր չէ, որ Թուրքիան փորձում է այնպես անել, որ ԱՄՆ նախագահն այս տարի ևս չարտաբերի Ցեղասպանություն բառը: Բնականաբար, նրանք փորձում են օգտագործել թե´ լոբբիստական կազմակերպություններ, թե´ նաև շանտաժի ենթարկելու ձևեր: Սպասենք և տեսնենք, թե այս ամենն ինչով կավարտվի: Մյուս կողմից էլ` կարծես թե Օբաման հեռացող նախագահ է և նրան ոչինչ չպետք է կաշկանդի` այդ եզրույթն օգտագործելու և իրերն իրենց անուններով կոչելու համար:

– Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Սակայն ԵՏՄ անդամ մյուս երկրներից Ղազախստանն ընդհանրապես ներկայացուցիչ չի ունենա, իսկ Բելառուսն էլ ներկա կլինի, բայց ոչ նախագահի մակարդակով: Ինչո՞վ եք պայմանավորում այս հանգամանքը:

– Ինքնախաբեությամբ զբաղվելը լավ բան չէ: Ղազախստանն ու Բելառուսը երբեք չեն եղել հայերի դաշնակից պետություններ: Այլ բան է, որ Հայաստանում եղել են շրջանակներ, ովքեր անիմաստ հույսեր են փայփայել: Իրականում, ես կարծում եմ, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում այդ երկու երկրների պահվածքը լավագույնն էր ցույց տալիս, թե նրանք որքանով են հարգում Հայաստանի անվտանգության հարցերը, նրանց ողբերգությունը և նրանց շահերը:

Հիշենք, թե ինչպես Աստանայում Նազարբաևն ընթերցեց Ալիևի նամակը և ասաց` անենք այնպես, որ մեր ընկերը Բաքվում չնեղանա: Այսինքն, Ղազախստանը և Բելառուսը բացահայտորեն հայտարարել են, որ իրենց քայլերն ուղղված են լինելու նրան, որ Ադրբեջանը և հատկապես Անկարան չնեղանան: Ղազախստանը թուրքալեզու պետությունների միության անդամ է և անցած տարիներին ոչ միայն ինքը ԵՏՄ-ում կար, այլև անցյալ տարի մասնակցեց թուրքալեզու պետությունների հավաքին, որը նպատակ ունի հակակշիռ դառնալ ԵՏՄ-ին: Հետևաբար, այս կտրվածքով Ղազախստանի քայլերը միշտ լինելու են այնպես, որ գոհացնեն Ալիևին և Էրդողանին: Իրենք երբեք չեն կարող դիտարկվել, որպես Հայաստանի դաշնակիցներ: Ուզում եմ Հայաստանի իշխանություններին հիշեցնել, թե իրենք ինչպես էին կուրծք ծեծում Բելառուսի մեկուսացման դեմ: Սա պետք է դաս լինի բոլորի համար, որ հասկանան` բռնապետական ռեժիմները չեն կարող երբեք Հայաստանի բարեկամը լինել:

– Ապիլի 24-ին Թուրքիայում Ռուսաստանը ներկայացված է լինելու Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի մակարդակով: Սա և՞ս թուրքերին սիրաշահելու համար է արվում:

–  Դա մի այլ ողբերգություն է: Ռուսաստանն էլ մեկ այլ ժեստ է անում, որը հավասարապես անընդունելի է: Թերևս Ռուսաստանն իրեն պաշտպանում է այն առումով, որ Պուտինի մակարդակով ներկա են լինելու Երևանում: Բայց, ընդհանրապես, որպես ռազմավարական դաշնակից` իրավունք չուներ ներկա գտնվելու Ստամբուլում` այդ շինծու միջոցառումներին: Այնուամենայնիվ, Ռուսաստանն այդ քայլով նույնպես ցույց է տալիս, որ ինքը սիրախաղ ունի Թուրքիայի հետ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս