ԻՆՉՈ՞Ւ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանն օրեր առաջ խորհրդարանում իր գործընկերներին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորի առաջարկը, սակայն, ոչ միայն աջակցություն չստացավ, այլեւ բուռն բանավեճի առիթ դարձավ: Ինչպես եւ կարելի էր ակնկալել, Վրաստանի խորհրդարանում ներկայացված ադրբեջանցի օրենսդիրները բավական կտրուկ ձեւակերպումներով պատասխանեցին ախալքալաքցի պատգամավորի հայտարարությանը: Հատկապես «Վրացական երազանք» դաշինքի անդամ Մահիր Դարձիեւը, մեծամասնական պատգամավոր Ազեր Սուլեյմանովը հերթական անգամ ընկան «հիշողությունների գիրկը»` մատնանշելով «ադրբեջանական ցեղասպանությունների» մասին արդեն մաշված պնդումները: «Ինչո՞ւ մենք չենք խոսում 1918 թվականի մարտին հայ դաշնակների եւ Կարմիր բանակի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության մասին: Ինչո՞ւ ենք անտեսում 1992 թվականին Ադրբեջանում, Ղարաբաղում, Խոջալու քաղաքում տեղի ունեցած դեպքերը», – հայտարարեց Սուլեյմանովը:

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցը վրացական խորհրդարանում առաջին անգամ չի քննարկվում: Այն բարձրացվել էր դեռեւս 2012 թվականին ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի կողմից, որի հայտարարությունները կատաղեցրել էին նույն Ազեր Սուլեյմանովին, ով այն ժամանակ անգամ ազատություն տվեց բռունցքներին` նետվելով ընդդիմախոսի վրա:
«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել դեռեւս տարիներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բարձրաձայնած վրաց քաղաքական գործչին:
-Պարո՛ն Բագատուրիա, Վրաստանի ԱԺ հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրաձայնումից հետո խորհրդարանում բանավեճ սկսվեց: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տարիներ առաջ խոսել եք նաեւ Դուք, եւ այն ժամանակ նույնպես բանավեճ եղավ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են վրաց օրենսդիրներն ամեն անգամ նման կերպ արձագանքում այս հարցին:
-Վրաստանի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ սկանդալները մի քանի մարդիկ են ստեղծում: Նրանցից մեկը Ազեր Սուլեյմանովն է, ում անունը նույնիսկ Վրաստանում ոչ ոք չգիտի: Նույնիսկ ես չգիտեի նրա գոյության մասին` մինչ այդ միջադեպը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա դա լուրջ է, եւ մեր իշխանությունները պետք է լրջորեն վերաբերեն դրան:
-Վրաստանը հանդիսանում է Հայաստանի գործընկեր պետություն, սակայն մինչ այժմ չունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող որեւէ փաստաթուղթ: Եվ այս քննարկման ժամանակ նույնպես չգտնվեց մի պատգամավոր, ով կպաշտպաներ Պարոն Պետրոսյանին: Ինչի՞ հետ եք կապում այս հանգամանքը:
-Հայաստանը մեր հարեւան երկիրն է, իսկ հայերն էլ` մեր գործընկերն են: Վրաստանում ապրող հայեր կան, ովքեր աշխատում են մեր պետության համար: Այդ պատճառով մեր իշխանությունները, ովքեր ձեւացնում են, թե ինչ-որ բաներ չեն տեսնում կամ չեն լսում, ուղղակի պարտավոր են խոսել ազգաբնակչության հետ եւ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Մեր իշխանությունները գտնվում են Արեւմուտքի ճնշման ներքո եւ բոլոր որոշումները կայացնում են այնպես, ինչպես թելադրվում է վերջիններիս կողմից: Իհարկե, ես մտածում եմ, որ պետք է ընկերական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւան երկրների հետ:
-Ըստ Ձեզ՝ կգա՞ ժամանակ, որ Վրաստանը կճանաչի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, եւ ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:
-Նախ ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել հայ ազգին եւ ասել, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է միասին կարողանան համագործակցել այլ հարեւան երկրների հետ եւ այնպես անել, որ նման ողբերգություններն այլեւս երբեք չկրկնվեն մեր տարածաշրջանում: Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի եւ քննարկվի անկախ հանձնաժողովի կամ այլ ինստիտուտի կողմից:
-Արդյո՞ք Վրաստանի որոշումը կապված չի լինի այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ:
-Ոչ մի դեպքում: Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է կապված լինի որեւէ այլ հանգամանքի հետ` բացի ճշմարտությունից եւ արդարությունից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 
12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ

Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, եւ կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում քննարկման արդյունքում լրամշակվեց Կառավարության կողմից ներկայացված կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Արդյունքում խորհրդարանը ձայների 85 կողմ, 0 դեմ եւ 27 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց որոշումը: Նշենք, որ նոր որոշման համաձայն՝ պարտադիր միջնակարգ կրթությունը դարձել է 12 տարի:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարեւոր է, քանի որ ամեն տարի իններորդ դասարանն ավարտելուց հետո 4.5-5 հազար աշակերտ չի շարունակում կրթությունը ոչ միայն ավագ դպրոցում, այլեւ մյուս հաստատություններում: «Իննամյա բազային կրթական ցենզով ապագա քաղաքացին ավելի վատ է ապրելու, չի գտնելու աշխատաշուկայում իր տեղը: Հայաստանի կրթական համակարգն այսօր ունի այդ հզորությունն ու կարողությունը, որպեսզի այդ երեխաներին չանտեսի: Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ կտրվեն փողոցից, խնդիրը ե՛ւ սոցիալական է, ե՛ւ տնտեսական»,- այս թեմային անդրադառնալիս կարեւորել է Աշոտյանը:
Իսկ, ահա, շատերը պնդում են, որ այս համակարգին անցնելու դեպքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Դրանք հիմնականում կառաջանան գյուղական վայրերում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որպեսզի կարողանա իր ծնողի հոգսը թեթեւացնել եւ ընտանիք կերակրել: Իսկ այս համակարգին անցնելու դեպքում դա չի կարող անել:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց գյուղերում գործող միջնակարգ դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք նոր համակարգին անցնելու մասին:
Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիրուն Բաղդասարյանն այս համակարգին անցնելու հետ մեկտեղ գործող իշխանություններին առաջարկեց փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ. փոխել ամուսնական տարիքը:
Իսկ, ահա, նույն մարզի Աղձք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանն այս թեմայի առումով դեռ երկընտրանքի մեջ է: «Դեռ որեւէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Երկակի զգացում ունեմ: Չգիտեմ, թե որն է ճիշտ: Ի վերջո, մարդու հետ ենք գործ ունենալու: Օրինակ՝ 9-ամյա կրթության դեպքում մարդը ազատ էր իր ցանկության դեպքում»,-նկատեց դպրոցի տնօրենը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի խոսքերով՝ 12-ամյա կրթությանն անցում կատարելը ճիշտ քայլ է եւ անհրաժեշտ: «Գոնե տվյալ դեպքում մարդը ընդհանուր կրթություն կստանա: Մեր գյուղից շատ երեխաներ կան, ովքեր իրենց ուսումը շարունակել են բարձրագույն բուհերում: Իսկ մյուս երիտասարդները, ովքեր դրա հնարավորությունը չունեն, զբաղվում են անասնապահությամբ»,- ներկայացրեց տիկին Ղուկասյանը:
Մեզ մնում է սպասել եւ տեսնել, թե այս համակարգն ինչ դրական կամ բացասական հետեւանքներ կունենա քաղաքացու սոցիալական վիճակի վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵԹԵՐՈՒՄ «ԽԱՌԸ ԿԱՆԱՉԻ»
Շուրջ երկու ամիս է, ինչ մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դրա պատճառը հեռուստաընկերության ունեցած պարտքերն են: Նախկինում նշված հեռուստաընկերության փայատերերից էր Տավուշի մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը:
Տվյալներ կան, որ հեռուստաընկերության հիմնական սեփականատերը փոխվել է, իսկ նոր սեփականատերը նախկին տերերից պահանջել է մարել առկա պարտքերը: Իհարկե, «Տավուշը» մարզային հեռուստաընկերություն կարելի էր անվանել վերապահումով, քանի որ դրա հաղորդումները չէին սփռվում մարզի գյուղերի զգալի մասում, Բերդի տարածաշրջանի ողջ տարածքում: Նշենք, որ «Տավուշ» հեռուստաընկերությունը ստեղծվել է Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տեխնիկական հենքի վրա, այդ հեռուստաընկերության շենքում էին պատրաստվում «Տավուշի» ոչ բազմաբնույթ հաղորդումները, դրանց վերահեռարձակումը մարզի Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններ իրականացվում էր Նոյեմբերյանից:
Այժմ՝ մի քանի տարվա ընդմիջումից հետո, եթեր է վերադարձել «Քամուտ» հեռուստաընկերությունը: Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ դժգոհում են, որ ամեն օր այդ հեռուստաընկերությունը շուրջ մեկ ժամ եթեր է հեռարձակում կրոնական «Հայտնություն» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մինչ այդ, ամիսներ շարունակ, «Հայտնությունը» հեռարձակվում էր «Տավուշ» հեռուստաընկերությամբ: ԱՄՆ-ում պատրաստված, բողոքական եկեղեցու այդ քարոզչական ծրագիրը ինչքանո՞վ է համահունչ նոյեմբերյանցիների հոգեւոր պահանջներին: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները կարիք ունեն հրատապ լրատվության, սահմանագոտու իրավիճակի, բնակչության համար կարեւոր խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ տեղեկատվության, որը, սակայն, շատ քիչ է «Քամուտի» եթերում:
Գրեթե ամեն օր «Քամուտի» հեռուստադիտողները հետեւում են երկրի թիվ 1 շոուին՝ «Կիսաբաց պատուհաններին»՝ լսելով սրտակեղեք պատմություններ կյանքի հատակում հայտնված ընտանիքների, ամուսիններին դավաճանած կանանց եւ այլնի մասին: «Քամուտի» երեկոյան եթերի մնացած մասը զբաղեցնում է դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը: Միով բանիվ՝ «խառը կանաչի» սահմանագոտու եթերում: Իսկ թե ուր է նայում Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, հայտնի չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս