ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ շատ երկար կանիծի այն օրը, երբ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի վերցնելու պատգամավորի մանդատն ու իր փոխարեն խորհրդարան է գալու Հրանտ Բագրատյանը: ԱԺ քառօրյաներն ամեն անգամ վարչապետի համար վերածվում են մղձավանջային տանջալից ժամերի, սա հատկապես այն դեպքում, երբ ԱԺ-ում քննարկվում է ֆինանսատնտեսական բնույթի որեւէ հարց:
Երեկ այդ հերթական օրերից մեկն էր. ԱԺ-ում քննարկվեց ԿԲ 2011թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Հրանտ Բագրատյանը բառեր չխնայեց ԿԲ գործունեությունը քննադատելիս՝ այն անվանելով տնտեսության զարգացմանը խոչընդոտող թարախապալար, իսկ հաշվետվությունը՝ ջուր, աղբ: Ինչպես հայտնի է, ԿԲ նախկին նախագահ, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել բանկային ոլորտը: Եւ բոլորը գիտեն՝ ԿԲ-ն իրականում ինքն է շարունակում ղեկավարել եւ այն ծառայեցնել իր շահերին: Ուստի պատահական չէ, որ նա բավական ծանր տարավ ԿԲ գործունեության քննադատությունը: Իսկ Բագրատյանը երեկ հայտարարեց, թե ԿԲ-ն չի կարողացել կանխել գնաճը, մինչդեռ աճպարարությամբ փորձում է հակառակն ապացուցել: Այս ընթացքում ավելացել է ՀՀ արտաքին պարտքը, ընդ որում դրա մեծ մասը վերցրել է հենց ԿԲ-ն: Բացի այդ, կապիտալ ակտիվների ցուցանիշով Հայաստանը աշխարհում գրավում է վերջին տեղը, մինչդեռ տարածաշրջանի մյուս երկրները ՀՀ-ից առաջ են: Այդպես նա մի շարք այլ մասնագիտական դիտողություններ արեց: «Եթե Հայաստան բառի փոխարեն գրենք մեկ այլ երկրի անուն, ապա ոչինչ չի փոխվի: Ըստ իս, այդպես էլ եղել է: Սա մեկ այլ երկրի արտագրած հաշվետվություն է,-ասաց Բագրատյանը ու մի քանի մասնագիտական ցուցում տալուց հետո եզրակացրեց,-ԿԲ հաշվետվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայում ՀՀ ԿԲ-ն թարախապալարի նման թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը: Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման հնարավոր չի լինելու ապահովել ՀՀ տնտեսության զարգացումը»: Բագրատյանի այս ելույթն ԱԺ պատգամավորները լսում էին՝ շունչները պահած, ամենայն ուշադրությամբ:
Այնուհետեւ խորհրդարանն անցավ ՀՀ պետական բյուջեի 2011թ. կատարողականի հաշվետվության քննարկմանը: Եթե ԿԲ հաշվետվության ժամանակ Տիգրան Սարգսյանի բախտը բերեց, որ իր ներկայությունն ԱԺ դահլիճում պարտադիր չէր, ապա պետական բյուջեի կատարողականի հարցի ժամանակ նա ստիպված էր որպես հիմնական զեկուցող նստել: Բայց այստեղ էլ նա երկար չդիմացավ. մի քանի րոպեանոց հերթապահ ելույթից հետո վարչապետն աննկատ փախավ ԱԺ դահլիճից: Ու Հրանտ Բագրատյանն իր հարցը տվեց ոչ թե Տ. Սարգսյանին, այլ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: Իսկ վարչապետի փախուստը պարզվեց այն ժամանակ, երբ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ուզում է օգտվել ԱԺ կանոնակարգի պահանջից եւ որպես հիմնական զեկուցող՝ հարց տալ Տ. Սարգսյանին: «Խնդրում եմ՝ ապահովե՛ք վարչապետի վերադարձը, բերմա՛ն ենթարկեք, որ մենք հարցեր տալու հնարավորություն ունենանք, չի կարելի այսպես աշխատել: Ուզում եմ վարչապետին հարց տալ»,-ԱԺ նախագահին դիմեց Փաշինյանը: Խնդիրն այդպես էլ չլուծվեց, եւ Փաշինյանը վարչապետին իր հարցը տվեց արդեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ. «Պարո՛ն Սարգսյան, Դուք հեռուստատեսություն չե՞ք նայում կամ Youtube չե՞ք դիտում: Եթե ուշադիր դիտեիք, կտեսնեիք, որ սեպտեմբերի 15-ին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ Սերժ Սարգսյանը, մասնավորապես դիմելով ձեզ, ասել է. «Տիգրա՛ն, ես շատ դժգոհ եմ կառավարության գործունեությունից». խոսքը վերաբերում էր ատկատներին, բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը: Այստեղ արդեն հակասություն է առաջանում. կա՞ն ատկատներ, թե՞ արդյունավետ էր ծախսվում: Թե՞ ասում եք արդյունավետ՝ նկատի ունեք նաեւ ատկատների արդյունավետությունը»: «Ես ուրախ եմ, որ Դուք ուշադրությամբ հետեւում եք այն բացահայտումներին, որ մենք իրականացնում եք, ինքներս բացահայտում ենք մեր բացթողումները, թերությունները: Մենք ինքներս ենք այդ մասին խոսում, եւ դա է երաշխիքը, որ մենք այդ բոլոր բացթողումներն ու թերությունները կկարողանանք ժամանակին լուծել»,-նշեց վարչապետը:
Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հարցին պատասխանելու ժամանակ վարչապետի նյարդերը չդիմացան, ու նա պոռթկաց. պատգամավորների կողմից անհարգալից վերաբերմունք է եղել կառավարության անդամների հանդեպ, բայց ինքը խստորեն հրահանգել է նախարարներին՝ չպատասխանել իրենց հասցեին վիրավորական արտահայտություններին: Նա առանց Բագրատյանի անունը տալու ասել է, որ ԱԺ ամբիոնից բյուջեի կատարողականը որակվել է որպես «աղբ», եւ դա վիրավորական է հնչում: «Ձեր պատգամավորներին համոզե՛ք, թող կոռեկտ պահեն»,-ասաց Տ. Սարգսյանը:
Ի դեպ, ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ Տիգրան Սարգսյանին շատ ավելի դաժան օրեր են սպասվում. քննարկվելու է 2013թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացնելու է կառավարության ղեկավարը: Եթե մինչ այդ նա հրաժարական չտա կամ գործուղման չմեկնի:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ