Մի քանի տարի առաջ, երբ ես Թուրքիայում էի, բոլոր պրոֆեսորները գիտեին Հայոց ցեղասպանության մասին և բոլորը խրախուսում էին, որ Թուրքիան ճանաչի այն: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը: Վերջինս այսօր մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:
Նա կարծիք հայտնեց, թե հավանական է, որ Գերմանիան ևս կճանաչի Ցեղասպանությունը և հավելեց, որ բոլոր այն պետությունների կառավարությունները, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, փորձում են գործել իրենց շահերից ելնելով. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, ես բավականին ժամանակ հակադրվել եմ այդ հարցում բրիտանական կառավարությանը: Հիմա ինչ-որ փոփոխություններ կան: Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարության և պետության համար շատ ավելի ճիշտ կլիներ, որ իրենք մտածեին, որ Ցեղասպանությունը ճանաչելն ավելի շատ պատվի հարց է, քան ամոթի: Թուրքիան ավելի պատվով դուրս կգա, եթե ճանաչի Ցեղասպանությունը», – հավելեց նա:
Անդրադառնալով ԱՄՆ-ի պահվածքին, նա նշեց. «ԱՄՆ շատ նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը, և ես ուրախ եմ դրա համար: Ցավում եմ, որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել»: Նա նաև հույս հայտնեց, որ Հռոմի պապի ելույթը կարող է նպաստել, որ բոլորը հետևեն վերջինիս օրինակին, սակայն հրաժարվեց մեկնաբանել արքայազն Չարլզի այցը Թուրքիա: