Կիպրոսի նախագահը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային և ԵՄ-ին գիտակցված քայլի կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության երկրները Հայոց ցեղասպանության հարցում պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական եւ տնտեսական շահերով կամ նպատակահարմարություններով, այլ արժեքներով եւ սկզբունքներով: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԵՄ իր գործընկերներին գիտակից քայլ կատարելու կոչ է անում: Նա ապրիլի 24-ին Հայաստանում կլինի` հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձով:

-Մեծարգո Նախագահ, շնորհակալություն հարցազրույցի առաջարկությունը չմերժելու համար: Ինչպես գիտեք, 2015թ. խորհրդանշական տարի է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Այս տարի մենք կոգեկոչենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք արդեն հաստատել եք, որ գալու եք Երեւան եւ նահատակների հիշատակը հարգելու եք Ծիծեռնակաբերդում: Ի՞նչ կոչով եք գնալու Ծիծեռնակաբերդ:

-Իմ ուղերձը հայ ժողովրդին` համերաշխությունն է: Այս տարի լրանում է մարդկության դեմ ամենաողբերգական հանցագործության տարելիցը, Մեծ Եղեռնը, որը վճռեց հայ ժողովրդի հետագա պատմությունը: Սարսափելի չափերի հասնող ցեղասպանություն, որը ցույց է տալիս Օսմանյան կայսրության զազրելի գազանությունը: Չեմ կարող չհիշատակել, որ 100 տարի առաջ Կիլիկիայից տեղահանված հայ փախստականները, հոգնած այդ սարսափելի հետապնդումներից եւ սովից, ապաստան գտան Կիպրոսում: Կիպրոսցիները հպարտ են, որ այդ փախստականների երեխաներն ու թոռներն այսօր Կիպրոսի հասարակության կարեւ որ եւ յուրահատուկ մասն են կազմում: Մարդիկ, ովքեր պահպանում եւ զարգացնում են իրենց արժանի ծագումը: Բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնական են դատապարտելու Ցեղասպանության մեղավորներին, Թուրքիայի հետ իրենց ընդհանուր պատմության համար: Պետք է հիշեցնեմ, որ Կիպրոսն առաջին Եվրոպական պետությունն էր, երկրորդն` աշխարհում, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Վերջերս Կիպրոսի խորհրդարանը քրեականացրեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Պետք է հավելեմ նաեւ, որ Կիպրոսն առաջին պետություն էր, որ Ցեղասպանության հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

-Պարոն Նախագահ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդն ու միջազգային հանրությունը պատմության այդ դրվագից` Հայոց ցեղասպանությունից:

-Հայոց ցեղասպանությունից քաղած դասը կարելի է բաժանել 2 մասի: Առաջինը` միշտ վառ պահել Ցեղասպանության հիշողությունն ու հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Երկրորդ՝ մեր պարտավորությունն է, հայտարարել աշխարհին, որ կատարվածը չի կարող մնալ անպատիժ: Հայ եւ կիպրացի ժողովուրդները անպատժելիության զոհերն են: Մենք նաեւ կիսում ենք համամարդկային արժեքներն ու սկզբունքները, հավատարիմ ենք միջազգային իրավունքին, խաղաղությանը, ժողովուրդների անկախությանն ու ազատությանը, հարգում ենք մարդու իրավունքները: Այս առանձնահատկությունները բխում են մեր միահյուսված պատմությունից եւ մեր ժողովուրդների մղած պայքարից, որ կարողացել է համառության շնորհիվ գոյատեւել եւ բարգավաճել:

-Ցեղասպանությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ճանաչվել եւ դատապարտվել: Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը դեռեւս լիարժեք կերպով ճանաչված չէ: Որպես ԵՄ կարեւոր պետություն, ո՞րն է Կիպրոսի կոչը ԵՄ անդամ իր գործընկերներին եւ Թուրքիային:

-Մեր կոչն այլ երկրներին եւ Թուրքիային մեկն է՝ գիտակից քայլ կատարելու կոչ: Մենք բավարարված ենք, որ Եվրախորհրդարանը հերթական անգամ իր ձայնը միացրեց մեր կոչին` ուղղված Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որպես մաս Անկարայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հարցում: Մեր պարտքն է, որպեսզի հետ չգնանք: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, ովքեր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` արժեքներն ու սկզբունքներն ավելի բարձր դասել, քան շահերն ու քաղաքական նպատակահարմարությունը: Միաժամանակ, մենք չենք տեսնում պատճառ, որ Թուրք իան հետաձգի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գործողությունների իրականացումը: Ընդհակառակը, դա կլինի հնարավորություն` Թուրքիայի համար ապացուցելու, որ կարող է վերանայել իր դերը` ընդունելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն ու արժանանալ միջազգային հանրության աջակցությանն այս հարցի առնչությամբ: Կիպրոսը կողջունի Թուրքիայի կողմից նման դիրքորոշման ակտիվացման հնարավորությունն ու բարիդրացիական հարաբերությունների պահպանման սկզբունքը: Այն կարող է հիմք ստեղծել նաեւ Կիպրոսի հետ հարաբերությունների նորմալացման համար:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանգրվան է եւ ոչ վերջնագիծ: Այս առնչությամբ ինչպե՞ս նայել ապագային եւ որո՞նք են լինելու մեր առաջնահերթությունները ապագայում:

-Ապագան պետք է արտացոլի հայ ժողովրդի ճկունությունը, որպեսզի գոյատեւի եւ նրա պատասախանատվությունը` հարգել ժառանգությունն ու նախորդների հաստատակամությունը, որոնք կամ սպանվել են, կամ անհետ կորել, կամ էլ նրանց հաջողվել է փրկվել Օսմանյան բռնակալների կատաղի զայրույթից:

Այդ ժառանգությունն ամուր եւ ամենից շատ հարգանքի արժանի հիմքն է հայ սերունդների համար: Այն հանդիսանում է ուղեկից, որով պետք է ոչ միայն նրանք առաջնորդվեն, այլեւ քաղաքակիրթ աշխարհը, որն այսօր անցնում է դժվար եւ փոփոխվող միջազգային միջավայրով, շփոթված հակամարտություններով, տնտեսական ճգնաժամերով եւ քաղաքական անկայունությամբ: Համայն մարդկության պարտքը պետք է լինի հիշել Մեծ եղեռնը ի պատիվ այն վերապրածների ուժի եւ համառության, որոնք այսօր հանդիսանում են հայ ժողովուրդն ու բեղմնավոր հայկական սփյուռքը:




Լրահոս