Դե պատասխան տվեք, օտար-անտարբերներ: Չե՞ք կարող: Ուրեմն լսեք…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դե պատասխան տվեք, օտար-անտարբերներ: Չե՞ք կարող: Ուրեմն լսեք:

ԳԱՐՈՒՆ Է, ՉԵԿԱԾ ԱՄԱՌ, ՓՈՒԼ ԵԿԱՎ ԵՐԿՆԱԿԱՄԱՐ… Մեծն բանաստեղծի կողմից գրված այս տողերն անթեղված են միլիոնավոր հայերի հոգիներում: Հարյուր տարի առաջ եղեռնագործները բարբաջում էին, թե մեկ հայ պետք է մնա, և այն էլ թանգարանում: Սակայն այսօր` մենք` աշխարհասփյուռ մեր եղբայրների եւ քույրերի հետ մեր Հայրենիքում` Ցեղասպանության հուշարձանի անմար կրակի առաջ ասում ենք. սխալվել եք, ձերդ «մեծություն» սրիկաներ: Հային ոչ ոք և ոչ մի ուժ չի կարող բնաջինջ անել:

Հայը, լինելով քաղաքակրթություն արարող ժողովուրդ, դեռ շատ բան ունի մարդկությանն ասելու: Իհարկե, ճակատագիրը երբեք էլ բարեգութ չի եղել հայ ժողովրդի նկատմամբ: Երկրի վրա հաստատուն ու կայուն տեղ ունենալու համար մեր հնագույն ժողովուրդը պայքար է մղել անթիվ թշնամիների հետ: Մշտնջենական պայքարի թատերաբեմ դարձած հայոց սուրբ հողը պարբերաբար կոխկրտվել է տարբեր ազգությունների ու կրոնների հրոսակների ձիերի սմբակների տակ եւ հարյուրամյակների ընթացքում մասնատվել, ջլատվել է, սակայն իր զավակներին անօթևան չի թողել:

Նորից կառուցել է հայը, արարել, վերաստեղծել իր գիրն ու գրականությունը և աշխարհում առաջինն ընդունել քրիստոնեությունը` որպես պետական կրոն: 451թ. Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր կամքն անկոտրում է, պատրաստ անգամ մահվան՝ հանուն իր դավանած արժեքների:

Եվ թեեւ մեծագույն զրկանքներով, տարբեր տիրակալների ծանր լծի տակ, սակայն քրիստոնեության սուրբ արժեքներին մշտապես հավատարիմ` հայ ժողովուրդը գոյատևեց մինչև չարաբաստիկ 1915-ը:

Ո՞ւմ էր խանգարում հայը, ո՞ւմ էր վերապահված հայի ճակատագիրը տնօրինելու անօրինական իրավունքը: Ու պայթեց երկնակամարը… Ձյունը կրակի պես մաղում է ամեն մի հայի բաց գլխին: Արյան գետեր են հոսում ու խառնվում մայր Արաքսի ջրերին: Կրակի լեզուները լափում են հայի տունը՝ այն դարձնելով վառման հնոց: Ձորերն անանուն շիրիմ են դառնում ու վիհերը՝ գերեզմանոց: Սրախողխող են լինում հայ մանուկները, ում շրթունքներին դեռ չի չորացել մայրական կաթը:

Օ՜, բարեգութ Աստված: Ինչպե՞ս ես հանդուրժել այդ ամենն ու բարբարոսներին անպատիժ թողել: Ինչպե՞ս ես լսել հայ մամիկի մոլեռանդ աղոթքն ու թույլ տվել, որ նրա մինուճար դուստրը նետվի Արաքսի հորձանուտը, այն դուստրը, ում ծոցից լուսնի լույսն անգամ ներս չէր նայել: Իսկ ինչո՞ւ էր հայը օսմանցու ձեռքում ճոճվող կեռ յաթաղանի և սրածայր թրի դեմ մանգաղով ու բահով կռվում: Ինչո՞ւ:

Դե պատասխան տվեք օտար-անտարբերներ: Չե՞ք կարող: Ուրեմն լսեք: Հայն այդպես էր կռվում, որովհետև նա արարող, ստեղծող, հողից հաց քամող ժողովուրդ է, և որովհետև նրա երակներով չի հոսում քոչվորական ցեղի պիղծ արյունը: Ու կոտորում են հային: Հնձում խոտի պես: Քարերով ցրիվ են տալիս հայ մտածողի ուղեղը, խելագարության հասցնում հայ երգահանին, կոտորում հայ մտավորական սերուցքը: Ավերվում են դարերի խորքից եկած ու դարեր վաստակած հայկական խաչքարերն ու վանքերը: Կոտորեցին, մորթեցին, ողջակիզման խարույկ սարքեցին ու իր բնօրրանից վտարեցին հային:

Դեր Զորի անապատներում սփռված մնացին հայի անթաղ մարմինները, որոնց հոգիներն անթիվ-անսահման աստղերի վերածվելով հանգրվանել են տիեզերքի անհունի մեջ ու սպասում են արդար դատաստանին: Եվ այս եղեռնագործությունը կատարվեց մեծ տերությունների իշխանների գիտությամբ և անմիջական մասնակցությամբ:

Երիցս անիծյալ լինեք, պիղծ արարածներ: Անիծվեք դուք, որ պատճառ դարձաք մի ողջ ժողովրդի գլխատման ու աշխարհով մեկ նրա զավակների սփռման: Եվ ահա հարյուր տարիների խորքից մեզ է հասնում հայդուկներ Արաբոյի, Սերոբ Աղբյուրի, Գևորգ Չաուշի և մեր մյուս հերոսների սուրբ հոգիների անհողդողդ կանչը:

«Եկել է ժամանակը մարդկությանը ստիպելու, որ ճանաչեն 20-րդ դարի դարասկզբին կատարված ամենասարսափելի եղեռնը մի ողջ ժողովրդի նկատմամբ, և ի լուր աշխարհի ասելու, որ չկա մի ուժ, որ կարողանա ծնկի բերել մի ժողովրդի, ում արմատները սկիզբ են առնում Հայկ Նահապետից, թևածում Նոյան տապանի ավերակների վրա և գալիս հասնում մինչև մերօրյա Հայաստանը, և որի նահատակ զավակների հոգիները երկնային թագավորությունից հսկում են իրենց մայր հայրենիքի անդորրը»:

Վարդենիսի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նաիրա Մարտիրոսյան




Լրահոս