Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մի քանի երկրներ ևս ընդունեցին Հայոց ցեղասպանությունը, Եվրախորհրդարանը դատապարտող բանաձև ընդունեց, Հռոմի պապը անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեց և արտասանեց «ցեղասպանություն» բառը:
Բնականաբար, այս բոլոր զարգացումները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոնտեքստում կարելի է հաջողություն համարել: Սակայն, հարց է առաջանում` ճանաչման և դատապարտման գործընթացին ի՞նչն է հաջորդելու կամ տարբեր երկրների կողմից դատապարտումն ու ճանաչումը հայերին իրավական տեսանկյունից ի՞նչ կտա:
Այս օրերին մի շարք գործիչներ հայտարարում են, որ ապրիլի 24-ից հետո պետք է սկսել պահանջատիրության գործընթացը, այսինքն` պետք է ունենալ գրագետ ձևակերպված պահանջներ, իրավական փաստաթղթեր և այլն: Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ Ցեղասպանության ճանաչումը, այնուամենայնիվ, քաղաքական հարց է:
«Իրավական առումով գուցե փոխհատուցումների հետ կապված տարբեր հարթություններում հարց բարձրացնելու խնդիր առաջանա: Պետք է փորձ կատարվի միջազգային ատյաններում, տարբեր երկրների դատարաններում տարածքների վերադարձման, գույքային պահանջի վերաբերյալ հարց բարձրացնել: Կարծում եմ` հարց կառաջանա գույքային պահանջի հետ կապված: Մի անգամ ԱՄՆ-ում նման գործընթացներ տեղի ունեցան: Պարզ դարձավ, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք հիմնավորելու հետ կապված: Ինչ գույք է եղել, ում գույքն է եղել, ով ում ժառանգն է:
Բայց էլի եմ ասում` իրավական առումով փոխհատուցումը պտտվելու է գույքային պահանջի շուրջ` լավագույն դեպքում: Սակայն ոչ թե Հայաստան պետությունը կստանա այդ գույքային փոխհատուցումը, այլ Ցեղասպանության զոհերի ժառանգները: Հայաստանը որպես սուբյեկտ ոչինչ չի կարող ստանալ. ցեղասպանության ժամանակ Հայաստանի Հանրապետություն չի եղել: Կամ եթե նույնիսկ տարածքային փոխհատուցում լինի, այդ տարածքներում ապրող բնակչության հե՞տ են վերադարձնելու: Այդ միլիոնավոր մարդկանց ի՞նչ են անելու»,- հարցադրեց Երվանդ Վարոսյանը:
Վերջինիս խոսքով` 1915 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի ընթացքում Թուրքիան որևէ տարածք որևէ մեկից չի նվաճել իրավական առումով: «Արևմտյան Հայաստանի տարածքները Հայաստանը կորցրել է 1045 թվականին: Մենք առաջին հերթին պիտի պատմությունը հասկանանք, իրադարձությունները հասկանանք, որպեսզի կարողանանք էմոցիոնալ դաշտից դուրս պահանջներ դնենք: Դա է շատ կարևոր»,- շեշտեց փաստաբան Վարոսյանը: Իսկ Ցեղասպանության ժառանգների փոխհատուցման հարցը լուծում կստանա միայն այն դեպքում, եթե այդ մարդիկ դիմեն, ապացուցեն, թե ում ժառանգն են, ինչ գույք են կորցրել, ինչ արժեքով և այլն:
«Ինչ վերաբերում է պետություն-պետություն փոխհատուցումներին, ապա դա ավելի շատ քաղաքական հարց է: Սա իրավական հարթության մեջ չի տեղավորվում: Գերմանիան, որ Իսրայելին մեծ գումարներ է հատկացրել, դա քաղաքական որոշում է եղել»,- նշեց Ե. Վարոսյանը:
Սակայն, հարկ է նշել, որ միջազգային իրավունքի մասնագետների արտահայտած կարծիքների համաձայն, 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով Հայաստանը կարող է հողային պահանջ ներկայացնել Թուրքիային: Այնպես որ, գործընթացներն առջևում են:
Քրիստինա Աղալարյան