Բարդ է միանշանական ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ՀՀ-ն ինչ իրավունքներ ձեռք կբերի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
– Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ իրավունքներ ձեռք կբերի:
– Բարդ է միանշանակ և հստակ պատասխան տալ այդ հարցին, որովհետև ճանաչումն ունի իր սահմանները և սահմաններից, շրջանակներից է կախված նաև ներկայացվող պահանջների բնույթը, բովանդակությունը և ծավալը:
– Թուրքիան փոխհատուցումից վախենալո՞վ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
– Թուրքիան, հասկանալով, որ ցեղասպանության հանցագործության ճանաչումը կհանգեցնի միջազգային իրավական պատասխանատվության, խուսափում է նման քայլի դիմելուց: Ընդ որում, այդ պատասխանատվությունը ընդգրկելու է ոչ միայն իրավական միջոցներ, այլ նաև որոշակի արձագանք քաղաքական-իրավական հարթությունում:
– Ժամանակ շահելով` Թուրքիան կարո՞ղ է փոխհատուցումից ազատվել: Նման օրենք կա՞:
– Միջազգային իրավունքում, քանի դեռ մի պետություն պնդում է իր պահանջը, և մյուսը չի ընդունում, երկու պետությունները համարվում են միջազգային վեճ ունեցող: Քանի դեռ այդ վեճը կարգավորված չէ, պահանջների ժամկետանց լինելու վերաբերյալ դիտարկումներն էմոցիոնալ տիրույթում են:
– Իսկ այդ վեճը պետք է հարթեն հենց այդ երկո՞ւ պետությունները, թե՞ կարող են միջնորդներ լինել:
– Եթե խոսքը երկկողմ վեճի մասին է, պետություններն ունակ են ընտրելու ցանկացած լուծման եղանակ ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում, սակայն մի պայմանով, որ լուծման եղանակները լինեն խաղաղ:
– Իսկ այս պարագայում ո՞րն է լուծման եղանակը:
– Լուծման տարբեր եղանակներ կարող են լինել: Կողմերը պետք է որոշեն` կգնան բանակցությունների, կգնան միջնորդության, թե կդիմեն արբիտրաժային կամ միջազգային դատարան: Խոսքը ոչ թե ցեղասպանության եղելության փաստի վիճարկման մասին է, այլ դրա հետևանքների հաղթահարման առումով առկա վճիռի:
Նաիրա Հովհաննիսյան