Վերջին տարիներին Հայաստանում, առավել եւս Գյումրիում, նկատվում է թմրամոլների թվի աճ: Հատկապես Գյումրիում տարածում է գտել «կրակադիլ» կոչվող թմրամիջոցը: Այն ստացվում է հոգեմետ եւ ցավազրկող դեղորայքներից քիմիական ճանապարհով տրոհման եւ կոֆեինի, կաֆետինի, դեզամորֆինի եւ ֆենոբարբիտալի անջատման միջոցով: Տրոհման արդյունքում ստացված այս դեղամիջոցները խիստ բացասաբար են ազդում մարդկանց առողջության վրա՝ առաջ բերելով հոգեկան եւ ֆիզիկական կախվածություն: Դրանցից դեզամորֆինն արագ ցնդող թմրամիջոց է ու պարբերաբար օգտագործման դեպքում առաջ է բերում արյան վարակ եւ ոսկրերի փտախտ: Սրանք բարդ, երբեմն չբուժվող հիվանդություններ են, որոնք հանգեցնում են մահվան:
Վերջին 4 տարիների վիճակագրական տվյալներով՝ նշված թմրամիջոցների օգտագործումից Գյումրիում մահացել է 115-125 քաղաքացի: Մահացողների միջին տարիքը 35-40 է: Բարեբախտաբար, անչափահասների շրջանում Գյումրիում թմրամոլներ չկան, ի հայտ չեն եկել նաեւ իգական սեռի թմրամոլներ: Եթե անգամ եղել են տեղեկություններ աղջիկ թմրամոլների մասին, ստուգման արդյունքում չի ապացուցվել, որ դա այդպես է:
Այս տարվա ինն ամիսների կտրվածքով ոստիկանության Գյումրու բաժնի կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56-ի փոխարեն: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թմրամոլությունը եւ թմրաբիզնեսը դասվում են լատենտային՝ թաքնված հանցագործությունների շարքին, ու դրանց բացահայտման համար ոստիկանության ծառայողներից պահանջվում են համալիր, տարաբնույթ միջոցառումներ:
Իսկ թե «կրակադիլ» թմրամիջոցի լայն տարածումը ինչով է պայմանավորված, Ա. Գրիգորյանն ասաց. ««Կրակադիլ»-ը ծանր թմրամիջոց է, իսկ պատրաստումը՝ բավական մատչելի: Ծանր թմրամիջոցներ համարվում են նաեւ ափիոնը, հերոինը, որոնք եւս մարդուն հոգեկան եւ ֆիզիկական կախվածության մեջ են գցում, բայց չունեն այն նեգատիվ, խիստ բացասական հետեւանքները: Մենք ունենք տեղեկություններ, որ սեւ շուկայում հերոինի մեկ գրամն արժե 40-50 հազ. դրամ, ափիոնը՝ 20-30 հազ. դրամ, իսկ այս «կրակադիլ» կոչվող թմրամիջոցի համար անհրաժեշտ է, ասենք, 6000 դրամ, որով կգնեն ներարկիչներ, բենզին եւ այլ անհրաժեշտ պարագաներ, ու եթե դա գնեն 2-3 հոգով, նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օրվա մեջ 2 անգամ օգտագործել: «Կրակադիլ» կոչվող թմրամիջոցներ օգտագործողների կյանքի տեւողությունը 1-2 տարի է»:
Նշենք, որ թմրամոլների համար նախատեսված է պատիժ՝ 2-3 ամիս կալանավորում: Ա. Գրիգորյանը համարում է, որ նման պատիժը չափազանց մեղմ է, եւ անհրաժեշտ է այն խստացնել` թմրամոլության տարածումը կանխելու համար:
Գյումրի