ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆԵՐՍԻՑ ԵՆ ՍԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ՍԱՄՎԵԼ ՓԻԼՈՅԱՆՆ իրեն համառոտ ներկայացնում է այսպես.  «Ծնվել եմ 1963թ.՝ հունվարի 9-ին, Խորհրդային Հայաստանում, համաստեղությամբ այծեղջյուր, մասնագիտությամբ դերասան, էությամբ հայ, ապրում եմ անկախ Հայաստանում»:  
1980թ. ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի  ֆակուլտետի դերասանական  բաժինը: 1984-96թթ. աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1996թ. կարճ ժամանակով մեկնել է Մոսկվա: 1997-ից  սկսել  է աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Մայրաքաղաքում աշխատելու 14 տարիների ընթացքում խաղացել է 17 գլխավոր  եւ հիմական  դերեր, որոնցից հատկանշական են «Մեր բաժին ուրախությունը», «Ոտքի՛, դատարանն է գալիս», «Արշակ Երկրորդ», «Սեր, փող, սատանա»  ներկայացումներում խաղացած դերերը:  Նկարահանվել է հայ-գերմանական «Արարատ», «Մոսֆիլմ»-ի «Охотники за бриллиантами», հայ-ֆրանսիական «Թռչող երազներ», «Հայֆիլմ»-ի «Անիծվածները» ֆիլմերում, ինչպես նաեւ «Որոգայթ» (կապիտան Ավագյան), «Հաջողակը» եւ «Եզրագծից այն կողմ» (Վարշամ) հեռուստասերիալներում:
-Պարո՛ն Փիլոյան, ի՞նչը ստիպեց Ձեզ վերադառնալ Հայաստան:
-1997թ. մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրվա միջոցառման ժամանակ, հանդիպեցի մշակույթի նախարար Արմեն Սմբատյանին: Նրա հրավերը ստիպեց ինձ որոշում կայացնել, եւ ես վերադարձա Երեւան, սկսեցի աշխատել Սունդուկյան թատրոնում, որտեղ էլ աշխատում եմ առայսօր:
-Փաստորեն, այդ տարիներին հայրենիքում Ձեզ ապահով չէի՞ք զգում:
-Քանի որ ես իմ հողի ու ջրի վրա միշտ էլ ապահով եմ զգացել ինձ, դրա համար էլ մեծ հաճույքով վերադարձա: Ու եթե անգամ բացակայել եմ Հայաստանից, ապա 4 ամսով, դրանից ավել նույնիսկ եթե լուսնի վրա էլ ինձ տեղափոխեն, կրկին հետ կգամ: Ես հայ եմ թե՛ իմ էությամբ, թե՛ մտածելակերպով: Դրսում ինձ երբեւէ չեմ պատկերացնում: Հայրենիքը ներսից են սիրում, ոչ թե դրսից:
-Արդյոք ճիշտ է մեղադրել այն մարդկանց, որոնք փորձում են դրսում ինքնահաստատվել: Առավել եւս, որ շատ դեպքեր կան, երբ այստեղ գնահատված չլինելով՝ նրանք դրսում մեծ հաջողությունների են հասել:
-Մարդ առաջին հերթին իր տան մեջ պետք է հարգված ու գնահատված լինի: Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր չդիմացան ու գնացին, բայց պիտի տարբերություն լինի դիմացողների ու չդիմացողների միջեւ:
-Դուք Ձեզ գնահատվա՞ծ եք համարում Ձեր տանը:
-Դա ինձ համար ցավոտ թեմա է, չէի ցանկանա անդրադառնալ դրան: Բայց եթե հաշվի առնենք, որ 50-ից ավելի գլխավոր դերեր եմ խաղացել…
-Իսկ ի՞նչ կասեք պետական ուշադրության ու գնահատանքի մասին:
-Պետություն ասելը մի քիչ սխալ է: Չէ՞ որ պետությունը նաեւ իմ ժողովուրդն է, իսկ նրանցից ես այդ հարգանքն ու սերը ստանում եմ:
Ինձ համար ցավալի է այն փաստը, որ անկախ պետության մեջ կարող է գործել խորհրդային կարգով թատրոն: Մենք մինչեւ այսօր թատրոնի մասին օրենք չունենք, արդի, նոր, ազատ, անկախ Հայաստանի թատրոնի մոդելը չունենք: Առաջնորդվում ենք խորհրդային տարիներին մշակված, հիմնականում ռուսական թատրոնի մոդելով: Թատրոնին նորովի մոտեցում, թարմ շունչ, ամուր, հզոր ձեռք է պետք:
-Խոսքը ֆինանսակա՞ն մոտեցման մասին է:
-Ոչ միայն, բոլոր հարցերի:
-Իսկ սերիալում հայտնվելն ինչպե՞ս ստացվեց:
-2-3  տարի հեռուստասերիալների առաջարկները չէի ընդունում, չէի նկարահանվում, մինչեւ եկավ այն օրը, երբ հասկացա, որ նրանք, ովքեր մասնակցում են սերիալներում, աշխատանք ունեն, զբաղված են մասնագիտական գործունեությամբ: Ես ուզում եմ եւ կողմ եմ, որ հեռուստասերիալները շարունակվեն ու ապրեն, այլ բան է, որ դա պետք է արվի առանձնահատուկ հսկողության տակ, որոշակի ժամանակահատվածում ու նոր եթեր հեռարձակվի:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս