Անկանխատեսելի դարում ենք ապրում. ամերիկահայ հայտնիները` Օբամայի վերաբերմունքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ հայտնի դարձավ, որ այս տարի էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին 1915թ. դեպքերին նվիրված իր ուղերձում չի արտասանելու «ցեղասպանություն» բառը, հայ հանրության շրջանում հիասթափության եւ զայրույթի նոր ալիք բարձրացավ: Ցասումով լցվածների շրջանում մեծ թիվ էին կազմում սփյուռքահայերը, մասնավորապես` ամերիկահայերը: Նրանք ԱՄՆ նախագահի ելույթի հետ կապված հույսեր էին փայփայում` բաղձալի բառը լսելու համար:

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Ամերիկայում շատ հայեր լուրջ են վերաբերվում Օբամայի ելույթին եւ վրդովվել են արդեն հայտնի փաստից. «Իմ շրջապատում ամերիկահայ տատիկները անիծեցին, պապիկներն էլ հայհոյեցին Օբամային, իսկ անձամբ ինձ նրա ելույթը չի հետաքրքրում: Չեմ կարծում, թե ԱՄՆ նախագահի համար հայերիս կարծիքը նշանակություն ունի: Բան չմնաց, շուտով Օբաման կգնա հանգստի, եւ վստահ եղեք, որ գիշերը քնելու է` առաց մեղքի զգացումի»:

Բանաստեղծի համոզմամբ` հայերս լրջորեն մտահոգվելու շատ այլ, ավելի կարեւոր առիթներ ունենք. «Մենք պետք է հզոր պետություն կերտենք, ազատվենք ներսի տականքից: Արյունը արյունով են լվանում. սա վերաբերում է թե՛ դրսի, թե՛ «տեղական» թուրքերին»,- մեկնաբանեց նա:

Երգչուհի Անի Քրիստին էլ, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, մեզ հետ զրույցում փաստեց, որ ամերիկահայերը բացասական արձագանք են տվել լուրին. «Ես իմ անունից կարող եմ ասել, որ Օբամայի ելույթի հետ կապված հույսեր ունեի, բայց անկանխատեսելի դարում ենք ապրում: Հուսանք, որ դեռ մի բան կփոխվի»:
Երգչուհու խոսքով` ամեն դեպքում, շատ օտարներ, որոնք ԱՄՆ-ում հայերի կողքին են, ընդունում են Ցեղասպանությունը եւ առանց դժվարության արտահայտում այդ բառը. «Նրանց շարքում հոլիվուդյան մի շարք աստղեր են, քաղաքական գործիչներ եւ պարզապես սովորական մարդիկ»,- ասաց նա` հավելելով, որ ինքը, ի թիվս շատ հայերի, մասնակցելու է ԱՄՆ-ում ապրիլի 24-ին կայանալիք «Արդարության քայլարշավ»-ին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս