Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ օրերս Աժ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարում: «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարի հարցը մնում է»,- շեշտել էր Հրիսթեան: Դեսպանի ասածն, իհարկե, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ հայտարարությունն ուշագրավ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու նախաձեռնության ֆոնին:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե խորհրդում մեկական ներկայացուցիչ կարող են ունենալ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, եւս 2 ներկայացուցիչ՝ կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները:
Վարչապետի հայտարարությունից հետո Կառավարությունից նամակներ էին ուղղարկվել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ տեղեկացմամբ, որ խմբակցությունները կարող են իրենց անդամն ունենալ խորհրդում: Սակայն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդի աշխատանքներին, քանի որ իրենց առաջարկություններն ունեն խորհրդին ու ընդհանրապես չեն հավատում այդ կառույցի կյանքի կոչմանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք խորհրդում կունենան իրենց անդամը, որպեսզի կողմնորոշվեն հետագա դիրքորոշման հարցում: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդից ու արդյոք կիսում են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի տեսակետը, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
-Պարո՛ն Մելքումյան, Ձեր խմբակցությունը միակն է, որ համաձայնել է ՀՀ Կառավարության կողմից ստեղծվելիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ ունենալ: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, կարծում եք՝ Կառավարությունը կկարողանա՞ այդ խորհուրդի միջոցով որեւէ արդյունք արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
-Մենք բազմիցս ասել ենք, որ մենք այդ կառույցի հետ կապված ունենք մեր մոտեցումները, մենք գնալու ենք ու այդ խորհրդում դրանք շարադրենք, ներկայացնենք այն, ինչ մեր դիրքորոշումն է լինելու այդ հարցում: Եթե կընդունեն, ուրմեն կընդունեն, եթե չեն ընդունի, ապա դժվար չէ դուրս գալը այդ խորհրդից: Մենք ունենք մեր մոտեցումները, թե ինչպես ենք պատկերացնում ե՛ւ դրա դեմ պայքարը, ե՛ւ համակարգային մոտեցումները ու մենք մեր մոտեցումները կասենք:
Դրանք քննարկվել են կուսակցությունում՝ սկսած ոլորտայինից մինչեւ ֆունկցիոնալ, այսինքն՝ ոչ թե պետք է հայտարարենք, թե այսինչ ոլորտում այսպես է, ու պետք է հետեւից գնանք, այլ համակարգային լինի այդ ամենը: Ես այսպես եմ կարծում՝ ասենք թե իշխանությունը չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ, այդ դեպքում նման խորհուրդ ստեղծում է, որ ի՞նչ անի: Եթե դա կյանքի չկոչվի, դա իրեն է, չէ՞, մինուսներ գալու: Ես չեմ ասում, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ է, որեւէ մեկի տեսակետը ես չեմ կիսում կամ անտեսում, բայց պետք է փորձել: Եթե ի վերուստ այդպես լիներ, ուրեմն այդ դեպքում մենք ինչո՞ւ էինք ՀՀ-ում օրենքներ ընդունում: Եթե, ասենք, օրենք է բերվում խորհրդարանում, ապա ընդդիմությունը եւ մյուսները վատ են արտահայտվում այդ օրենքի մասին, ուրեմն ինչո՞ւ ենք մենք այդ օրենքը ընդունում, նույն բանն է ստացվում:
-Բայց մյուս ուժերը չեն հավատում կոռուպցիայի դեմ պայքարելու ՀՀ Կառավարության ցանկությանը…
-Ախր սա հո էն մուլտիպլիկացիան չի… որ բոլորն իրար հետեւից գնում, ընկնում են հողը, հիմա մենք մեր տեսակետն ունենք, կգնանք ու մեր հարցադրումները կանենք: Ուրեմն սկսած այդ խորհրդում որոշում ընդունելու մեխանիզմից, վերջացրած ժամանակացույցով, թե ինչքան ժամանակահատվածում որ միջոցառումը կանեն, եթե չլինի մեր դիրքորոշումներին համահունչ, մենք դուրս կգանք, ի վերջո, մեր ձեռքերը կապված չեն:
-Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան հայտարարել էր, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Կոռուպցիան ինքը տարբեր տիպի երեւույթների համակցում է. մենաշնորհների, ոչ ազատ մրցակցության առկայության, ոչ արդար դատական համակարգի, դա տարբեր երեւույթների տրամաբանական հետեւանքն է: Այսինքն՝ ինքը մյուս երեւույթներից կտրված` գոյություն չի կարող ունենալ, մյուս երեւույթներում եւս պրոբլեմներ կան:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը