Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը:
Նախարարի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում ուղիղ մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը:
Արդարադատության նախարարը ողջունել և երախտիքի խոսք է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության համար Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից Հայաստան ժամանած այն պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան պատվիրակություններին և փաստաբաններին, որոնք հայ ժողովրի կողքին են և միանում են մեր արդարացի պահանջին: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման խնդիրն այսօր առավել քան կարևոր է, որովհետև մեր նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ այս հարցում որևէ բան չի փոխվել:
«Կարծում եմ, որ թե՛ մեր երկրի փաստաբանական համայնքը, թե՛ արտասահմանում գործող փաստաբանները էական դերակատարում կարող են ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարման հարցում»,- նշել է արդարադատության նախարարը:
Փաստաբանական արվեստի ու փաստաբանի գործունեության կարևորությունն ընդգծելու համար արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկաներին հիշեցրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որին 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացրեց: «Բոլորս ենք հասկանում, որ արդարացման դատավճիռ չէր կայացվի, եթե չլիներ փաստաբանական հզոր աջակցությունը՝ մասնավորապես Քիլի համալսարանից դոկտոր Թեոդոր Նիմայերի ներդրած ջանքերը»-ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարի խոսքով՝ պետությունը կարևորում է փաստաբանության դերը մեր երկրում՝ ոչ միայն որպես կարևոր մասնագիտական գործունեություն, այլ որպես անձանց իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք: «Հայաստանն այսօր սահմանադրական բարեփոխումների իրականացման ճանապարհին է: Քաղաքական ու հասարակական ուժերի ուշադրության կենտրոնում մասնավորապես կառավարման մոդելի հարցն է: Սակայն կա մեկ այլ՝ ավելի կարևոր հարց՝ սահմանադրությամբ երաշխավորված անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման առավել կատարյալ մեխանիզմների սահմանումը:
Այդ հարցում, հարգելի փաստաբաններ, ձեր դերը անգնահատելի է և շատ կարևոր»,- ընդգծել է արդարադատության նախարարը: Հովհաննես Մանուկյանը շեշտել է, որ, չնայած անելիքները դեռ շատ են, բայց պետություն և փաստաբանություն համագործակցության ներկա մակարդակը կարող է համարվել բավարար: Արդարադատության նախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը էապես ամրապնդվել է որպես ինստիտուտ և այդ հարցում կարևորել ՓՊ ղեկավարության, մասնավորապես՝ Արա Զոհրաբյանի դերը:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ պետությունն այս պահին փորձում է անել հնարավոր ամենը՝ աջակցելու Փաստաբանների պալատի և փաստաբանության ամրապնդմանը՝ հիմնարար օրենքների կատարելագործմամբ, շենքային պայմանների, հանրային պաշտպանների ֆինանսավորման բարելավմամբ: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հուշագիր է կնքվելու Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև՝ համագործակցության համար ինստիտուցիոնալ հիմքեր սահմանելու նպատակով:
«Տեղեկացված եմ, որ փաստաբանական համայնքը ցանկություն ունի ունենալ խորհրդանշական մասնագիտական օր, և այսօր պետք է հնարավոր տարբերակները ամփոփելով օր սահմանեք: Սիրով կընդունենք ձեր որոշումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Ելույթի ավարտին արդարադատության նախարարը շնորհավորել է «ՀՀ փաստաբանական դպրոց»-ի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու կապակցությամբ և բարի երթ մաղթել նրանց: Հովհաննես Մանուկյանը փաստաբանական ինստիտուտի զարգացման գործում ներդրած ավանդի համար մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների պալատի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Մարտուն Փանոսյանը, վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով պարգևատրվել է փաստաբան Ռուբեն Ռշտունին, իսկ Գայանե Խաչատրյանը՝ Արդարադատության նախարարի պատվոգրով:
ՀՀ ԱՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն