Ինչպես արդեն հայտնի է, «Եվրատեսիլ 2015-ին» Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով, որի անդամները ներկայացնում են 5 աշխարհամասերը: Այսօր խմբի անդամները պաշտոնական մամուլի ասուլիսով ներկայացան և պատմեցին իրենց հայկական արմատների մասին, խմբում հայտնվելու և Հայաստանում գտնվելու մասին:
Եվ այսպես, Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը: Եսային ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը Հայոց ցեղասպանության տարիներին տեղահանվել են Խարբերդից: Հինգ տարեկանում տղայի պապը` Նշանը, փախել է Դեր-Զոր անապատից: 18 տարեկանում Նշանը պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա: Ֆրանսիայում նա հանդիպել է Եսայիի ապագա տատին, սովորել ֆրանսերեն և հաստատվել Ֆրանսիայում:
12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում` պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ` որպես «Ideal-3» քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Եսայի Ալթունյանն ուսումը կիսատ է թողել Փարիզի Ժան Մոնե XI համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` նպատակ ունենալով իրականություն դարձնել երաժշտությանն առնչվող իր նախասիրությունները:
Եսային ասուլիսի ժամանակ պատմեց, որ իրեն Ֆրանսիայում երկու անգամ առաջարկել են ներկայանալ «Եվրատեսիլ»-ում, սակայն վերջինս հրաժարվել է: Եսային նշեց, որ երբ ստացավ Գոհար Գասպարյանից առաջարկը, շատ հուզվեց, և իր համար մեծ պատիվ է նման խմբի հետ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի փառատոնում:
Խմբի մյուս անդամը ներկայացնում է Ամերիկա ախարհամասը: Հայազգի Թամար Կապրիելյանը ծնվել է ԱՄՆ-ում հայկական ընտանիքում: Թամար Մարդիրոսյանն իր պապիկի մահվանից հետո ի հիշատակ վերցրել է Կապրիելյան ազգանունը:
Թամարի պապիկը` Ժիրայր Կապրիելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը` Հասմիկ Կապրիլյանը` Մուսելում: Թամարի հորական պապը` Ջորջ Մարդիրոսյանը, իր կյանքը կապել է ազգությամբ հրեա Վիկտորիա Էվինի հետ և Մանչեսթերում հայկական հյուրանոց-ռեստորան հիմնել: Թամարը պատմեց, որ շատ անսպասելի էր նման առաջարկ ստանալ և Հայստանը ներկայացնող խմբի մեջ լինել: Նա վաղ տարիքից սկսել է զբաղվել երաժշտությամբ:
«Genealogy» խմբում Ավստրալիայի ներկայացուցիչ Մերի Ջին Օ’Դոհերթի Վասթմազյանը ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նրա մայրը ծնվել է Հունաստանում: Մերի-Ջինի ուսուցիչը Սիդնեյում եղել է ախարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանը: Մերին շատ ոգևորված է, որ Հայասստանը պետք է ներկայացնի «Եվրատեսիլ»-ում: Բացի այդ` սա առիթ էր, որպեսզի այցելի իր նախնիների երկիր և ծանոթանա մշակույթին ու արմատներին: Նա պատմում է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնող խմբի անդամ լինելը:
Ասիա աշխարհամասը ներկայացող Ստեֆանի Թոփալյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Հայրն ազգությամբ հայ է, մայրը` ճապոնուհի: Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, սակայն հավատարիմ է իր հայկական արմատներին, չնայած որ նա խմբի մասնակիցներից միակն էր, ով հայերեն խոսել չէր կարողանում: Հայազգի երգչուհին երգել սկսել է 13 տարեկանից:
Ստեֆանին առաջին անգամ է Հայաստանում և բավականին հուզված է: Նա պատմում է, որ իր հայրը հնարավորություն չի ունեցել Հայասատան այցելելու, և հիմա, երբ ինքն այստեղ է, իր հարազատները հպարտ են դրա համար: Ինչպես խմբի մյուս մասնակիցների, Ստեֆանիի համար ևս Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու առաջարկը եղել է անսպասելի, որից նա հրաժարվել չէր կարող: Նա ասաց` ամեն ինչ կանի, որպեսզի արժանվույնս ներկայացնի իր նախնիների երկիրը միջազգային հարթակում:
Վառ կերպարով, միշտ ժպտադեմ Վահե Թալիբյանը խմբում ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, ծնողները հայ են` Գարո Թալիբյան և Անի Ասլանյան: Նրա հորական պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից է, ում ճակատագիրը տարել է Եթովպիա: Մայրական կողմի ընտանիքի անդամները բոլորը լքել են Արևմտյան Հայաստանը 1890-ականների վերջին:
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու առաջարկներից, թերևս, Վահեինը հետաքրքրական էր: Նա, ստանալով էլեկտրոնային նամակ Գոհար Գասպարյանից, նախ մտածել է, թե դա «spam» է և չի բացել: Այնուհետև իր մայրիկի հետ որոշել են, այնուամենայնիվ, բացել նամակը և պատասխանել: Նամակին պատասխանելուց հետո Գոհար Գասպարյանը կրկին նամակ է գրել` 2 տեսանյութ ուղարկելու վերաբերյալ: Այնուհետև, երբ վերջնական որոշում է կայացվել Վահեին ընդգրկել խմբում, Գ. Գասպարյանը վերջնական տեղեկացնող նամակ է ուղարկել: Նամակը բացելուց հետո Վահեն, իր պատմելով, չէր հավատացել աչքերին: Առավոտյան նորից բացէլ է նամակը, որպեսզի համոզվի, որ ինքն ընդգրկվելու է այն խմբում, որը ներկայացնելու է Հայաստանը:
Եվ վերջում, Հայաստանը ներկայացնող երգչուհի Ինգա Արշակյանի ընտրությունը, Գոհար Գասպարյանի խոսքով, միանշանակ է եղել, քանի որ Ի. Արշակյանը հայ մշակույթի կրողն է, Սփյուռքում հայտնի: Արշակյանն էլ իր հերթին նշեց, որ որպես փորձառու` «Եվրատեսիլ»-ում ամեն ինչ կանի` երկիրը պատվով ներկայացնելու համար:
Գոհար Գասպարյանը նշեց, որ մասնակիցներին գտնելը, գրելը կատարվել է տարբեր եղանակներով` ընկերների միջոցով, համացանցով երկար ժամանակ փնտրելով և այլն: Եվ արդյունքը Genealogy խումբն է` «Face the Shadow» («Առերեսվի´ր ստվերին») երգով: Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը` Իննա Մկրտչյանը:
«Եվրատեսիլ 2015» մրցույթը կանցկացվի մայիսի 19-ին, 21-ին և 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` մայիսի 19-ին` 2-րդ համարի ներքո:
Քրիստինա Աղալարյան