«Գյուղում շա՜տ հարսնացու կա, Հայաստանի օրենքն էլ մեր ադաթներին չի խանգարում: Ասում են՝ թող աղջիկները 17-ից հետո մարդու գնան, մենք էլ ենթարկվում ենք, ի՞նչ խնդիր կա: Էս տարի արդեն 4 հարսանիք ենք արել, 6 էլ երեխա է ծնվել: Մի խոսքով, հարսանիքների սեզոն ա, Ձեզ մեր գյուղ ենք հրավիրում: Եկե՛ք, Ձեր աչքով տեսե՛ք՝ ինչքա՜ն պրոբլեմ կա»,-«Ժողովուրդ»-ին Կանիաշիր է հրավիրում համայնքի ղեկավար Սերյոժա Չարչոյանը` զարմանալով, որ կորած ու մոլորած իրենց գյուղի մասին էլ հիշող կա:
Արագածոտնի մարզի Կանիաշիր եզդիական համայնքը գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 49 կմ հեռավորությամբ: Նախկինում ունեցել է Սանգյար, Քիչիկ Ջանգի, Քուչիկ Ջանգի անվանումները: Գյուղը Արագածի հյուսիսարեւելյան ստորոտում է` Սանգյառթափա լեռան մոտակայքում: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:
«Մեր գյուղը սարալանջին է, ցուրտ, այազ: Տարի է լինում` մրգի համ չենք տեսնում: Ոչ մի տեսակ միրգ ու բանջարեղեն այս տարի չենք հավաքել: Միայն գարի ու ցորեն է աճում»,-նշում է համայնքապետը:
Վերջինս տեղեկացնում է, որ համայնքում ապրում է 345 բնակիչ, որոնցից 40-ը դպրոցականներ են: Տասը տարի առաջ բնակչության թիվը 135-ով ավել էր: «Երիտասարդությունը ներկայում համայնքից չի հեռանում: Ճիշտ ա, շատ են խոպան գնում, բայց պարտադիր վերադառնում են: Հարսանիքներ ենք անում, սեզոնը սկսվել է, Ձեզ էլ ենք հյուրասիրում (հրավիրում-Ս. Մ.),-ասում է գյուղապետը` հավելելով, որ համայնքում չկա եզդի հարսնացուների ու փեսացուների պակաս,-մեկ-մեկ կողքի գեղերից ենք աղջիկ բերում, բայց դե պարտադիր ազգությամբ եզդի: Էդ Հայաստանի օրենքն էլ մեր ադաթների վրա չի ազդում, ասում են՝ թող 17-ից հետո աղջիկներն ամուսնանան, թող էդպես էլ լինի: Հաստատ տանը չեն մնում: Էս տարի արդեն 4 հարսանիք ենք արել, 6 երեխա էլ ծնվել ա: Էնպես որ, էս հարցում խնդիր չունենք: Սակայն գյուղում էնքա՜ն պրոբլեմ կա՜»:
Խոսելով հիմնախնդիրներից` համայնքապետը նշում է գյուղապետարանի, դպրոցի շենքի վերակառուցումը, զվարճանքի կենտրոնի, գրադարանի, բուժկետի բացումը եւ այլն: Սակայն հիմնախնդիրների մեջ գյուղապետն առանձնացնում է համայնքային կենտրոնի կառուցման հարցը: «2008 թվականից չարչարվում եմ, որ էս կենտրոնը կառուցվի: Սա Սերժ Սարգսյանի նախորդ նախընտրական խոստումն էր: Հազար միջոց եմ փնտրել, որ շենքի հարցը գլուխ բերեմ, բայց մինչ էսօր էս անտանելի վիճակն է: Մի հատ դոմիկ ենք ձեռք բերել, գլխին դրոշ դրել, անունն էլ՝ գյուղապետարան: Նույնիսկ սոցներդրումներով ուզեցինք սարքել, բայց չելավ: Պատկերացրո՛ւ՝ նախագահը մի քանի վախտ առաջ իմացավ, որ շենքը չեն սարքել, բարկացավ: Նորից եմ գնացել մոտը, մոտ օրերս էլ նամակ են գրել, հանձնարարել ա, տենանք՝ ոնց կլի: Բալքիմ լավ լինի»,-ինքն իրեն հուսադրում է Չարչոյանը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչն է խոչընդոտում այս հարցի լուծմանը: «Այս պահին այդքան էլ կարեւոր չէ համայնքային կենտրոնի կառուցումը: Կանիաշիրում ամենահրատապ ու առաջնային հարցը հիմա դպրոցի հիմնանորոգումն է»,-ասաց մարզպետը:
Գյուղում հիմնականում զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ պահելով: «Դե չենք կարում շատ անասուն պահենք: 120 գլուխ ոչխար ունենք, դա եզդու համար ի՞նչ ա: Ուզում ենք գլխաքանակը շատացնել, բայց դե տարին յոթ-ութ ամիս ձմեռ ա, ո՞վ գնա չոբանություն անի: Չնայած ոչխարի միսը թանկ ա, բայց անասնակերն էլ, նախորդ տարիների հետ համեմատած, եռակի թանկացել է: Հակը առնում ենք 1700-2000 դրամով»,-«Ժողովուրդ»-ին սրտնեղած ասում է գյուղապետը: Նա նշում է, որ գյուղը ապահովված է բնական գազով, բայց ձմռանը ոչ բոլորն են կարողանում տունը տաքացնել երկնագույն վառելիքով. «Աշխատատեղ չկա, գործազրկությունը համատարած ա: Դրա համար էլ, էս որ դարն ա, աթար ենք վառում»:
Համայնքում խնդիր է նաեւ խմելու ջրի հարցը: «Ջուր ունենք, սակայն որակը սարսափելի է: 2-3 կմ հատվածում ջուրը ինքնահոս է, ապա մտնում է խողովակաշար ու հասնում գյուղ: Բաց հատվածում ինչ ասես լցվում է ջրի մեջ՝ էլ աղբ, էլ աթար: Անասուններն էլ էդ մասից ջուր են խմում: Բայց դե, ճարներս կտրած, խմում ենք: Փառք Աստծո, մինչեւ հիմա թունավորման ոչ մի դեպք գյուղում չի գրանցվել: Ապրում ենք էլի, ի՞նչ ասեմ, մեր քրտինքով, չարչարանքով»,-հոգոց հանելով ասում է գյուղապետը:
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԷԼ ՀԻՇՈՂ ԿԱ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ