Ապրիլի 17-ին ՀՀ Նկարիչների միությունում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսը: Այն կտևի մինչև ապրիլի 30-ը: Ցուցահանդեսին ներկայացված են Նկարիչների միության մոտ 150 անդամների աշխատանքներ, որոնցում պատկերված են հեղինակների խոհերը` Մեծ եղեռնի, անմեղ զոհերի հիշատակի և ապագայի հանդեպ անմար հույսի ու հավատի մասին:
Նկարիչ Յուրա Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր` «Գաղթ» կոչվող կտավը, նկատեց, որ հայի տեսակը միայն պարտվող ու մորթվողը չէ. այն հաղթանակներ կրող տեսակ է:
Լուսավոր այս կտավը խաչ է հիշեցնում, որի ստորին հատվածում արծիվ է պատկերված` կտուցը կտրած վիճակով: Աշխատանքում, որը սիմվոլիկ պատկեր է, ասելիքը, կարծես, վերծանված լինի. «Գաղթում» իրականությունը խավարից դեպի լույս է գնում: Մարդիկ լույս են փնտրում, քանի որ իրենց հայրենիքն այլևս դժոխքի է վերածվել: Խաչը աշխարհի չորս կողմերն է ցույց տալիս: Այստեղ չեն մորթում, չեն կոտորում: Ամենը նատուրալիզմի միջոցներով է ներկայացված»,- բնութագրեց մեր զրուցակիցը:
Վերջինս խոսեց նաև իր պապիի` Գրիգոր Ավետիսյանի աշխատանքներից մեկի մասին, որը նվիրված է Վանի հերոսամարտին. «Անհավանական է` 15 թվին ազգս ցեղասպանություն է տեսել, իսկ 18-ին Սարդարապատի հաղթանակն էր: Թուրքերն էլ անընդհատ ասում են` Գալիպոլի` մոռանալով Սարդարապատում խայտառակ պարտությունը, որ կրեցին»: