Մարտունու գործով տուժողները զրկվեցին արդյունավետ իրավական պաշտպանությունից: Այս մասին ահազանգում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎԳ):
2010թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկի մարտական դիրքերում հրազենային կրակոցներից մահացած 6 զինծառայողների գործով որոշումը 2 տարի անց ուղարկվել է տուժողի իրավահաջորդներին: Ըստ պաշտոնական վարկածի` մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը:
ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը սույն քրգործով ներգրավված է եղել որպես Կարո Այվազյանի եւ Անդրանիկ Սարգսյանի տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ: 2012թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ավագ քննիչ, փոխգնդապետ Մ. Բուլղադարյանից Ա. Սաքունցը ստացել է գրություն, որտեղ ասվում է, որ ՀՀ քր. օր.-ի 263 հոդվածի համաձայն` ուղարկվում է (Մարտունու գործով) որոշման օրինակը, որով հայտնում են, որ ստանալու պահից 7 օրվա ընթացքում այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Գրությամբ նշվում է, որ կցվում է նաեւ 90-էջանոց որոշումը: Սակայն գրասենյակի նախագահը ստանում է գրությունը առանց կից որոշման:
Այսպիսով՝ քննիչը քրգործի նյութերը ավարտելուց հետո, այն չտրամադրելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցչին, նրանց զրկում է որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու եւ արդյունավետ իրավական պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց դեպքով շրջանառված պաշտոնական նախնական վարկածն այն էր, որ ԱՄՆ-ում երեք անգամ դատված Կարո Այվազյանն է ընկերներին սպանել, հետո ինքնասպան եղել, ինչին հաջորդեցին Կարոյի հարազատների նկատմամբ որոշ ճնշումներ, մասնավորապես Կարոյի պապիկին լռեցնելու համար: Վերջինս պահանջում էր պատասխանատվության ենթարկել իր թոռնիկին ապօրինաբար բանակ զորակոչած պաշտոնյաներին, ինչից հետո Արաբկիրի թաղապետարանն ու Երեւանի քաղաքապետարանը նրան 3 մլն դրամով տուգանեցին ապօրինի շինարարություն անելու հիմքով: Հետո անհասկանալի պատճառներով կախվելու միջոցով «ինքնասպան» եղավ Կարոյի մորեղբայրը, որը քրոջ որդու դեպքից անմիջապես հետո գնացել էր զորամաս եւ փորձել հրամանատարներից հետաքրքրվել դեպքի մանրամասներով:
Փաստորեն, 6 զինծառայողների սպանության վերաբերյալ քրգործն ուղարկվում է դատարան, եւ մահացած զինվորների ծնողներին մեծ հաշվով զրկում են իրենց որդիների սպանության իրական հանգամանքները պարզելու արդյունավետ միջոցներից:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ