ՌՈՄԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորեւ ներկայացված դատական գործը ցույց է տալիս, որ Հայաստանում անհրաժեշտ պաշտպանության կիրառման հարցում գոյություն ունեն լուրջ իրավական խնդիրներ: Սեփական կյանքը փրկելու անհրաժեշտությունից ելնելով քաղաքացու կողմից կատարված արարքը հաճախ դատաիրավական համակարգի կողմից գնահատվում է որպես դիտավորյալ հանցագործություն:
Լոռու մարզի Սանահին համայնքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանությունից 2 օր առաջ` հոկտեմբերի 14-ին, Ալավերդի քաղաքի անչափահասներ Աշոտ եւ Արամո Ավետյանները վիճաբանել են ալավերդցի մեկ այլ անչափահասի` Ալեքսանդր Մելիքյանի հետ: Ավետյանները նախկինում 2 անգամ դատապարտված են եղել դանակահարության համար: Այս դեպքի հետ չառնչվող Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Փարեմուզյանը դիմել է Կամո Շահվերդյանի տղային` Զորայր Շահվերդյանին` տղաներին հաշտեցնելու նպատակով: Վերջիններս միասին Ավետյաններին տարել են Ալավերդու «Հայպետշին» թաղամասի բացօթյա սրճարան, որտեղ Ռոբերտ եւ Ռոման Մոսինյանները ծեծել են Աշոտին եւ Արամոյին: Իսկ Զորայր Շահվերդյանը, կատարվածից զայրացած, եկել եւ այդ մասին պատմել է հորը` Կամո Շահվերդյանին: Երկու օր հետո մեկը մի հեռախոսահամար է փոխանցել Կ. Շահվերդյանին, որպեսզի վերջինս զանգի եւ խոսի Սանահին գյուղի մի բնակչի հետ, ինչն էլ Շահվերդյանն արել է:
Նրա զրուցակիցն իր ընկերների հետ Թումանյան բանավանում գտնվող ինչ-որ օբյեկտում խնջույքի է եղել, որից հետո 8 հոգով, որսորդական հրացաններով զինված, մեքենայով գնացել են Կամոյի քարի արտադրամաս: Մոտենալուն պես կրակոցներ են արձակել օդում: Լսելով կրակոցների ձայնը` Շահվերդյանը դուրս է եկել: Այդ պահին զինված տղաներից մեկը անմիջապես մոտեցել է նրան: Եւ Շահվերդյանը, դիմելով ինքնապաշտպանության, տղայի ձեռքից զենքը խլել ու գետնին է կրակել: Շահվերդյանի վրա հարձակվողը փախուստի է դիմել, իսկ փամփուշտի կոտորակը, «ռեկոշետի» նման մխրճվել է զինված խմբի անդամներից մեկի՝ Ռոբերտ Մոսինյանի մարմինը, եւ նա մահացել է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կամո Շահվերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258 հոդվածի 4-րդ մասով: Իսկ խմբի անդամներ Վրույր Էվյանին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ռոմիկ Մոսինյանին՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Շահվերդյանի փաստաբան Հովիկ Արսենյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
«Ոտնձգությունից պաշտպանվելու նպատակով է Կամոն խլել հրացանը: Այդպես նա փորձել է ուշքի բերել հարձակվողներին, որպեսզի թողնեն ու հեռանան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց Շահվերդյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: Ըստ նրա՝ հանցավոր խումբը գնացել էր հաշվեհարդար տեսնելու. «Կամոն իր սեփականության, անձի պաշտպանության իրավունք ունի՞, թե՞ ոչ: Հարգելինե՛րս, այդ մարդիկ զինված այդքան տեղը եկել են, որ ի՞նչ անեն` սիրե՞ն, պատվոգի՞ր, թե՞ մեդալ տան: Բնականաբար ոչ, հաշվեհարդար տեսնելու համար: Կամոն չէ, ես եմ կամ յուրաքանչյուր քաղաքացի, ու իր սեփականության, կյանքի, առողջության, պատվի եւ արժանապատվության նկատմամբ զինված խմբի կողմից ոտնձգություն է կատարվել, իրավունք ունի՞ քաղաքացին պաշտպանվելու, թե՞ ոչ»,-նշում է փաստաբանը:
Նա նաեւ նկատում է, որ Շահվերդյանը պաշտպանություն է իրականացրել, որի ժամանակ հասարակական կարգ չի խախտել: «Ինչո՞ւ եք նրան մեղադրում դիտավորյալ սպանության մեջ: Այնտեղ այլ քաղաքացի, մարդ չի եղել, բացի այդ զինված խմբից: Ո՞ւմ հասարակական կարգը խախտեց: Բայց արի ու տես, որ իրեն պաշտպանելու համար դատապարտում են 10 տարի ազատազրկման:  Բացի այդ, ոչ մի ապացույց գոյություն չունի, որ սպանություն է եղել: Եթե որեւէ ապացույց չկա, դու ինչպե՞ս ես կարողանում դա դիտարկել որպես ուղղակի դիտավորություն»,-հարցադրում է կատարում մեր  զրուցակիցը:
Տեղեկացնենք, որ զինված խմբի անդամները, որոնք հարձակում են գործել Շահվերդյանի վրա, մահացածին հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես փախել են: Իսկ նրա եղբայրը` Ռոման Մոսինյանը, դեպքից հետո՝ 40-50 օր, սարերում է եղել: Նրան այնտեղից են բռնել ու բերել: Իսկ հիմա Ռոմանը խուսափում է պատասխանատվությունից` պատճառաբանելով, որ այդ ժամանակ դեպքի վայրում չի եղել:
«Իրենք հասկացել են, որ հանցանք են կատարել ու չեն համարձակվել գնալ եղբոր թաղմանը մասնակցելու: Իրենք այսքան բանը հասկացել են, բա դուք, ա՛յ դատախազ, ա՛յ քննիչ, դուք չհասկանա՞ք»,-զրույցի վերջում վրդովված նկատեց դատապաշտպանը:
Փորձեցինք զրուցել նաեւ Ռոման Մոսինյանի հետ: «Ես էդ ժամանակ էդտեղ չեմ եղել: Տեղյակ չեմ պատմությանը, ի՞նչ ասեմ: Հենա ինձ էլ են շառ անում ու 4 տարի տալիս»,-փորձեց արդարանալ Մոսինյանը:
Այս գործով երկրորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին:
Հ.Գ. Դատաքննության ժամանակ այն տաքսու վարորդը, որը Թումանյան բանավանից զինված խմբին տեղափոխել էր Շահվերդյանի քարի արտադրամաս, դատավորին զարմացած ասել էր. «Մինչեւ հիմա զարմացած եմ, թե Կամոյին ինչու եք այստեղ պահում: Ռուսաստանում մի հայի տան վրա երեք հոգի էին հարձակվել: Հայը երեքին էլ սպանել էր, բայց նրան ազատեցին: Էս ի՞նչ է կատարվում այստեղ»:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս