«Մեծարգո՛ Սերժ Սարգսյան,
Ձեզ եմ դիմում խնդրանքով` աջակցել ստանալու ինձ հասանելիք բնակարանը, որին սպասում եմ արդեն 12 տարի: Նշեմ, որ հաշվառված եմ Երեւանի քաղաքապետարանի «Շենքերի եւ շինությունների շահագործման պետական ձեռնարկությունում» եւ զբաղեցնում եմ առաջնահերթության կարգով 289-րդ տեղը:
1994թ.-ից Սիսակյան 22 հասցեի մեր շենքը վթարային դարձավ, ապա ապամոնտաժվեց: Քաղաքապետարանի որոշմամբ բնակիչներին վերաբնակեցրին քաղաքի տարբեր թաղամասերում: Իմ ընտանիքին հատկացվեց Հարավարեւմտյան Բ-4 թաղամասի՝ Բաբաջանյան փող, 26/6 շենքի մեկսենյականոց բնակարանը: Նշեմ, որ այդ ընթացքում որդիս ամուսնացավ, ծնվեց նրանց երեխան: Ստացվեց, որ մենք 7 անձով՝ ես, ամուսինս, տղաս, հարսս, երկու աղջիկներս, թոռս, պետք է ապրենք մեկսենյականոց բնակարանում: Քաղաքապետարանը բնակարան տրամադրելիս հաշվի չառավ ո՛չ ընտանիքի անդամների քանակը, ո՛չ էլ սեռային տարբերակում դրեց: Չկարողանալով բազմանդամ ընտանիքով բնակվել մեկսենյականոցում` ես, ամուսինս եւ մեր դուստրերը բնակվեցինք վարձով: Որոշ ժամանակ անց ամուսինս մահացավ: Մնացի դուստրերիս հետ միայնակ: Չեմ աշխատում եւ դժվարանում եմ վճարել բնակարանի վարձը:
Հարցի շուրջ շատ անգամներ նամակներով դիմել եմ տարբեր մարմիններին՝ ՀՀ նախագահին, վարչապետին եւ նրա տեղակալին, ՀՀ նախագահի վերահսկողական վարչության պետին: Դրանք մակագրվում են Երեւանի քաղաքապետարան, իսկ վերջինս իր պատասխանը նույնն է թողնում: Նամակներից մեկում ՀՀ նախագահի վերահսկողության վարչության աշխատակից Գոռ Դարբինյանն ինձ պատասխանել էր, որ այս հարցին դրական լուծում տալու համար ես պետք է դիմեմ դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունից նույնպես գրությամբ միջնորդել են, որ դիմեմ դատարան: Քաղաքապետարանն էլ իր հերթին վճռաբեկության կարգով բողոքարկել է վարչական դատարանի վճիռը, եւ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է քաղաքապետարանի բողոքը: Ապա ես դիմել եմ ՀՀ վարչական դատարան եւ բողոքարկել եմ Երեւանի նախկին քաղաքապետի որոշումը, որով ինձ հատկացրել են այս նոր՝ ՀԱԹ Բ-4 թաղամասի՝ Բաբաջանյան փող, 26/6 շենքի մեկսենյականոց բնակարանը:
Հարկ է նշել, որ կառավարության որոշման մեջ հստակ գրված է՝ 9 տարեկանից մեծ՝ տարբեր սեռի 2 անձից (բացի ամուսիններից) եւ 3 անձից բաղկացած ընտանիքներին տրամադրվում է 2-սենյականոց բնակարան: Իսկ 4 եւ 5 անձից բաղկացած ընտանիքներին՝ 3-սենյականոց բնակարան: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է իմ ընտանիքին, որը բաղկացած է 7 հոգուց, մեկսենյականոց բնակարան տրամադրել:
Գրում եմ Ձեզ այս նամակը եւ հարցնում, թե ինչպես է ստացվել, որ մեր նախկին շենքը՝ Սիսակյան 22 հասցեով, ապամոնտաժելիս բնակիչներին նոր բնակարաններ էին հատկացնում ՀՀ կառավարության 3 տարբեր որոշումներով, որոնք, սակայն, սխալ են մեկնաբանվել: Այսինքն՝ եղել են ընտանիքներ, որոնք մեկսենյականոցից ստացել են 3 կամ 2-սենյականոց բնակարաններ, իսկ մի քանի ընտանիքներից 2-սենյականոցները վերցնելով` հատկացրել են մեկսենյականոց (կան փաստեր): Հարց է առաջանում, թե ինչն է պատճառը, որ այդպիսի տարբերություն է դրվում բնակիչների մեջ, չէ՞ որ «օրենքի առջեւ բոլորը հավասար են»:
Օրերս Երեւանի քաղաքապետարանից ինձ գրություն են ուղարկել, որով պարտավորվել են բնակֆոնդ լինելու դեպքում իմ հարցը առաջնահերթ լուծել: Սիսակյան 22 շենքի տեղում այժմ բազմաբնակարան շենք են կառուցում, եւ մենք դեռեւս հաշվառված ենք այդ հասցեում: Հարց է առաջանում. ինչո՞ւ մեզ չեն հատկացնում բնակարան այս նորակառույց շենքում:
Խնդրում եմ հրահանգել ծառայողական քննություն սկսել, եւ կեղծիքներն ակնհայտ կդառնան»:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ քաղաքացի ԳԱՅԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ