Այսպես անհայրենիք էլ պետություն են կառավարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի իշխող էլիտան` հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, կապ չունեն Հայաստանի Հանրապետության անկախության հետ, վաղուց էր հայտնի: Բայց եթե մինչ օրս դա ընդամենը ենթադրության մակարդակի տեղեկություն էր, նախօրեին այն դարձավ կոնկրետ փաստարկված իրողություն:

Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին հյուրընկալել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, գրող եւ հրապարակախոս Վլադիմիր Պոզներին եւ բավական երկարաշունչ հարցազրույց տվել: Հարցազրույցը հիմնականում նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն հընթացս մեկ-երկու «կյանքից վերցրած» հարցեր եւս հնչեցին: Հենց դրանցից մեկին էլ Սերժ Սարգսյանի տված պատասխանն ամբողջությամբ ախտորոշեց այս գործչի տեսակը եւ լիարժեք հասկանալի դարձրեց, թե ինչու է Հայաստանն այսօր նման ծանր կացության մեջ հայտնվել:

Պոզները մասնավորապես հարցրեց. «Ձեզ մոտ չկա՞ որեւէ զղջում այն բանի համար, որ Խորհրդային Միությունն այլեւս չկա»: Ուշադրություն դարձրեք՝ իրեն անկախ պետության նախագահ հռչակած գործչին հարցնում են, թե արդյոք նա չի զղջում, որ իր հայրենիքն այլեւս օտար կայսրության մաս չի կազմում: Թվում էր, թե առաջնահերթ պետք է կարեւորեր իր ղեկավարած երկրի Անկախությունը, եւ պատասխանն էլ այս մոտիվով պետք է լիներ: Բայց Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ես չեմ ցանկանում կրկնել այն բոլոր լավ մտքերը, որոնք արտահայտվել են շատ հայտնի մարդկանց կողմից Խորհրդային Միության մասին` այսօրվա իրավիճակի մասին: Իհարկե, Խորհրդային Միությունը Խորհրդային Հայաստանին, հայությանը շատ բան է տվել: Ցեղասպանությունից հետո, պատկերացնում եք, բնակչության թվով փոքր ազգը` ծեծված, կոտորված, եւ 50 տարի հետո այդ հանրապետությունը դարձավ Խորհրդային Միության առաջատար հանրապետություններից մեկը: Իհարկե, ծաղկել է գիտությունը, մշակույթը, մենք շատ բան կարողացանք վերականգնել, այդ պատճառով էլ ուղերձը, որը մենք դնում ենք այս միջոցառումների (Ցեղասպանության 100-րդ տարելիցի, -Վ.Հ.) մեջ, դա վերածնունդն է: Իրականում, Խորհրդային Միության կարգերի ժամանակ մենք կարողացանք վերածնվել»:

Նման պատասխանը Պոզների համար ակնհայտ անակնկալ էր, եւ նա դա չթաքցրեց ու փորձեց ակնարկով Սերժ Սարգսյանին հիշեցնել, որ նա որպես անկախ պետության ղեկավար է հանդես գալիս: «Ես անընդհատ սպասում եմ, երբ Դուք կասեք բայց…»,- ասաց ռուս հաղորդավարը: Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի էր եւ պատասխանեց.

«Եկեք չասեմ: Իհարկե, Խորհրդային Միությունում մեզ համար ավելի անվտանգ էր: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ կարելի է հազար լավ բառեր ասել Հայաստանի վիճակի մասին Խորհրդային Միության կազմում գտնվելու ընթացքում, հայերի վիճակի մասին Խորհրդային Միությունում: Բայց երբ Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դնում Աթաթուրքի գերեզմանին, այդ թվում՝ հայ ժողովրդի անունից, այ, այստեղ արդեն ցավ է»:

Նախ «ցավի» մասին. այստեղ հետաքրքիր հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է Խորհրդային Միության ԱԳ նախարարն Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ չդներ, չլինի՞ ԽՍՀՄ-ը ոչ թե ռուսական կայսրություն, այլ Մեծ Հայքն է եղել, չենք իմացել: Ակնհայտ է, որ կլինի ԽՍՀՄ-ի, թե Ռուսաստանի ԱԳ նախարար, միեւնույն է, նրանք գործել եւ գործելու են ի շահ Ռուսաստանի, իսկ եթե որեւէ մեկը դրա արդյունքում ցավեր է ունենում, ապա թող բարի լինի իր անկախ պետությունը կառուցել, որպեսզի իրեն անընդհատ չցավեցնեն:

ԽՍՀՄ-ի եւ այդ երկրի կազմում հատկապես Հայաստանի հայտնվելու մասին պատկերացում ունեցող միջին վիճակագրական հայն անգամ իրեն թույլ չէր տա այնպես պատասխանել, ինչպես Սերժ Սարգսյանը, եւ նման կարծիքը հաստատ կվիրավորեր նրա ազգային արժանապատվությունը: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե որպես ճակատագրի բերումով Անկախ Հայաստանի քաղաքացի դարձած ինչ-որ այլազգի, որը շարունակում է երազել ՌԴ քաղաքացի դառնալու մասին, այլ իբրեւ Հայաստանի Հանրապետության ղեկավար: Այսինքն, նա Հայաստանի հավաքական տեսակետն էր ներկայացնում, որը, սակայն, իրականում կապ չուներ ո՛չ Հայաստանի Հանրապետության եւ ո՛չ էլ ընդհանրապես հայության հետ:

Թերեւս կարելի է շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պոզներին, որ կարողացավ դրդել Սերժ Սարգսյանին անկեղծանալու եւ խոստովանելու, որ ինքն Անկախ Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունի, եւ իր համար միեւնույն է, թե Հայաստանի Հանրապետության հետ ինչ տեղի կունենա. իր հայրենիքը այստեղից մի քանի հազար կիլոմետր հեռու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս