Մայիսի երկրորդ կեսին, երբ արդեն լիարժեք ավարտված կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն:
Նշենք, որ եթե քսան օր առաջ իշխանական կուլիսներում Կառավարության փոփոխության մասին խոսում էին զուտ որպես հնարավորություն, ապա այժմ այդ հեռանկարը ներկայացվում է, թե իբր քաղաքական որոշումն արդեն կայացվել է: Ըստ լուրերի՝ Կառավարության փոփոխության մասին կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին պաշտոնապես մեկնարկ տալու հայտարարության հետ գրեթե միաժամանակ: Այսպիսով նախ՝ կլուծվի Հովիկ Աբրահամյանի անցավ պաշտոնանկության հարցը, քանի որ կներկայացվի, թե իբր նրան վարչապետի պաշտոնից ոչ պակաս կարեւոր գործ է վստահվելու` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի ղեկավարի գործը: Որպես գործադիրի ղեկավարի պաշտոնանկության հրամայական՝ իշխանական կուլիսներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը չի կատարել վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տված տնտեսական աճ ապահովելու խոստումը: Մասնավորապես, նա պարտավորվել էր խոշորածավալ ներդրումներ բերել Հայաստան, ինչը նրան չի հաջողվել ու չի հաջողվում: Իսկ աշնանը մնացել է չորս ամիս, եւ եթե մինչ այդ Հայաստանին չհաջողվի 700 միլիոնից մինչեւ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավվել, ապա տնտեսությունում անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ըստ լուրերի՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է ժամանակ ձգել մինչեւ հուլիս, քանի որ համոզված է, որ գարնան ամիսներին Հայաստան այցելած հյուրերի աճը եւ գյուղատնտեսական տարվա ակտիվ շրջանի մեկնարկը որոշակիորեն կաշխուժացնեն տնտեսությունում ստեղծված մեռյալ վիճակը: Բայց, ինչպես արդեն նշեցին, պաշտոնապես նա ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ կտեղափոխվի «ավելի պատասխանատու» աշխատանքի, առավել եւս որ այդ փորձը կա: Հիշեցնենք, որ նա 2011 թվականին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ:
Մյուս կողմից նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի արդյունքում միաժամանակ հնարավոր կլինի դաշնակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել: Բայց սա այն դեպքում կլինի, եթե Սերժ Սարգսյանն իրականում որոշի փոխել Հայաստանի կառավարման կարգը` կիսանախագահականից դարձնելով խորհրդարանական: Այս խնդրին մենք դեռ կանդրադառնանք հետագա հրապարակումներում:
Ըստ լուրերի՝ վարչապետի հարցում Սերժ Սարգսյանը կարծես թե կողմնորոշվել է, այդ պաշտոնում գուցե նշանակվի ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Թեեւ այլ տարբերակներն էլ բացառված չեն, քանի որ Սարգսյանը մինչեւ վերջ երբեւէ որեւէ մեկի մոտ չի անկեղծանում:
Իսկ ինչ վերաբերում է գործադիրի մյուս անդամներին, ապա Կառավարության շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ նախարարներից իրենց պաշտոնները կպահպանեն միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի դեպքում «դատավճիռները» կայացված են` նրանք կլքեն իրենց պաշտոնները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետագա պաշտոնավարումն առավել շատ պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե արդյոք ՀՅԴ կցանկանա, որ նախարարական հենց այդ պորտֆելներն իրեն տրվեն, այդ դեպքում նշված երկու նախարարները եւս պաշտոնանկ կարվեն: Ըստ լուրերի՝ ՀՅԴ ցանկանում է, որպեսզի անպայման իրեն տրվի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Այնպես որ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկությունը, կարծես թե, անխուսափելի է:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետագա պաշտոնավարման հարցը դեռեւս անորոշ է:
Հավելենք, որ չի բացառվում՝ նախարարներից մեկ-երկուսը նշանակվեն որեւէ երկրում ՀՀ դեսպան: Այնպես որ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում ապրիլքսանչորսյան միջոցառումների ավարտից հետո:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՆԵՆ
«Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լեւոն Մուկանյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է նախօրեին Մոսկվայի քաղաքապետարանը արգելել հայերին բողոքի ակցիա անցկացնել ՌԴ-ում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ:
-Պարո՛ն Մուկանյան, տեղյա՞կ եք, թե ինչու է Մոսկվայի քաղաքապետարանն արգելել մոսկվաբնակ հայերին բողոքի ակցիա անել ՌԴ-ում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ:
-Ցանկացած հասարակական ակցիա, որն անցկացվում է կամ կազմակերպվում, պետք է անպայման նախօրոք համաձայնեցվի: Միգուցե նախապես համաձայնեցված չի եղել: Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ:
-Իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղյակ է՞, թե ի՞նչն է խնդիրը:
-Նայեք, Մոսկվայի ղեկավարությունը ավելի քան 30 միջոցառում է անցկացնում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Ինչ վերաբերում է երեկվա ակցիային, մենք տեղյակ չենք, թե ինչու է արգելվել: Եթե մարդիկ հավաքվել են այնտեղ՝ Թուրքիայի դեսպանատան առաջ… բայց այն նախապես համաձայնեցված չի եղել, ապա, ըստ գործող օրենսդրության, նրանք իրավունք չունեն անցկացնել կամ կազմակերպել ակցիա: Ընդհանրապես, թե՛ Հայաստանում եւ թե՛ Ռուսաստանում այդպես է կարգը. նախօրոք պետք է համաձայնեցնել, նոր անցկացնել:
-Հայտարարվել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ ակցիա է կազմակերպվելու: Որտե՞ղ է անցկացվելու այն, կրկին Թուրքիայի դեսպանատան առա՞ջ:
-Այո՛: Այդ օրն անցկացվելու է բազմահազարանոց մեծ երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սակայն Թուրքիայի դեսպանատան առաջ չի անցկացվելու, որովհետեւ նրա դիմաց է գտնվում ՌԴ դատարանը, իսկ Ռուսաստանում գործող օրենքի համաձայն՝ դատարանի դիմաց ոչ մի նման հասարակական ակցիա չի թույլատրվում անցկացնել:
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին հաջողվել է հարցաքննել Երրորդմասցի Լյովիկի ընկերոջը` Վարդան Կարապետյանին: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել մարտի 31-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, իր տան մոտ: Իսկ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց սպանվել էին Երրորդմասցի Լյովիկը` Լեւոն Ղազարյանը, եւ նրա ընկերները` Դրաստամատ Թադեւոսյանը, Մեսրոպ Նազարյանցը:
ՀԱՐԳԵՑԻՆ
ԵԽԽՎ երեկվա նիստին ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: ԵԽԽՎ նախագահն առաջարկել է ընդունել Լեւոն Զուրաբյանի կոչը եւ մեկ րոպե լռութամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Ամբողջ խորհրդարանը ոտքի է կանգնել, նույնիսկ՝ Ադրբեջանի պատվիրակները, իսկ թուրքական պատվիրակությունը մնացել է նստած:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։
ԱՎՍՏՐԻԱՆ ԷԼ ԿՀԱՐԳԻ
Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների ղեկավարները համաձայնության են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւի շուրջ: Այն պաշտոնապես կհրապարակվի ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը լռության րոպեով կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան: Նշելով, որ դեսպան Ուռիոլաբեիտիան Հայաստան է ժամանել մեր ժողովրդի համար շատ կարեւոր մի պահի, երբ ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է միջազգային հանրության հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործում անուրանալի է Արգենտինայի ավանդը:
ԼՈՒՅՍԵՐԸ ԿՄԱՐԵՆ
Փարիզի քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ երեկոյան ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով՝ կեսգիշերին), Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի հարգանքը Ցեղասպանության զոհերի հիշատակին։
ԲՈԼԻՎԻԱՆ ԷԼ ՃԱՆԱՉԵՑ
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»: