ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը արվել է Բելգիայում

Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը բացվել է՝ չնայած տեղի թուրքերի բողոքներին: Եվրոպայում բնակվող թուրքերը դեռեւս ապրիլի 17-ին ցույցեր էին կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բելգիական Մեխելեն քաղաքում հուշարձանի տեղադրման համար: Այս փաստն արձանագրել է նաեւ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը՝ նշելով, թե «Բելգիայում Ցեղասպանության կոթողը բացվել է՝ չնայած առկա վեճերին»:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում երեխան նույնպես ձեռք կբերի ՀՀ քաղաքացիություն:

Մելինե Մարգարյան (29 տարեկան, արեւելագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների՝ մինչեւ 14 տարեկան երեխան ավտոմատ կերպով ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների 14-18 տարեկան երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն իր գրավոր համաձայնությամբ: Եթե ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է ՀՀ-ում, եւ առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա: («ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հոդված 16):

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ մեր պետությունը ցանկացած դեպքում համենայն դեպս փորձել է պահպանել երեխայի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորությունը: Իհարկե, այս փաստն ինքնին հասկանալի է եւ ինչ-որ չափով արդարացված, մանավանդ այն դեպքում, երբ 2014 թ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է ավելի քան 22 հազար մարդ, եւ Հայաստանից արտագաղթել է մոտ 47 հազար ՀՀ քաղաքացի:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ կնքած աշխատանքային պայմանագիր, որը 4 ամիս ժամկետով է կնքվում եւ վերակնքվում է լրանալուց հետո: Խնդրում եմ պարզաբանել՝ ինձ հասնո՞ւմ է արդյոք ամենամյա արձակուրդ, եւ արդյո՞ք վճարվում է այն, թե ոչ:

Մարիամ Սիմոնյան (36 տարեկան, երկրաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածով: Մասնավորպես, նշված հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Մինչեւ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է` կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո, ինչպես նաեւ՝ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս, չօգտագործված ամենամյա արձակուրդը տրամադրվում է Օրենսգրքի 168-րդ հոդվածի, իսկ դրամական հատուցումը՝ 170-րդ հոդվածի դրույթների համաձայն: Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն չի լուծվում, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա ամենամյա արձակուրդ կարող է տրամադրվել Օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այն դեպքում, երբ մինչեւ աշխատանքային տարվա ավարտը աշխատողին տրամադրվել է տվյալ տարվա ամենամյա արձակուրդ, սակայն աշխատողն ազատվում է աշխատանքից մինչեւ այդ աշխատանքային տարվա ավարտը, ապա աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը որոշելուց հետո կատարվում է արձակուրդային գումարի վերահաշվարկ, եւ այդ ժամանակաշրջանների համար օրենքով սահմանված կարգով ներկայացվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):




Լրահոս