ՀՀ քաղաքացիներն այսուհետ իրավունք ունեն ամուսնանալ նաեւ իրենց տանը՝ առանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին (ՔԿԱԳ-ԶԱԳՍ) այցելելու: ՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշում է կայացրել, որ ՔԿԱԳ-ի մատուցած ծառայության համար քաղաքացիները պետք է վճարեն 50 հազար դրամ՝ որպես պետտուրք, ու նաեւ ՔԿԱԳ-ի աշխատակցի ճանապարհածախսը: Որոշումը կգործի այսօրվանից: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա. գործադիր մարմինը մտածում է իր քաղաքացիների մասին: Բայց Տիգրան Սարգսյանի կայացրած որոշումը լուրջ «ատկատների» թեմա է բացում: Չէ՞ որ մինչ այս էլ ՔԿԱԳ-ի աշխատակիցը 10 հազար դրամ վճարի դիմաց որտեղ պատահի «ամուսնացնում» էր զույգերին: «Ժողովուրդ»-ը դիմեց հանրապետության մի քանի ՔԿԱԳ մարմիններ՝ պարզելու, թե մինչ կառավարության որոշումը իրենք այցելել են նորապսակներին: «Նախկինում այլ վայրերում գրանցել ենք ամուսնություններ: Ընդունված կարգով վճարել են 10 հազար դրամ պետտուրք, ու մենք գնացել, այդ ծառայությունն արել ենք: Իսկ հիմա ուղղակի թանկացել է այն»,-այսպիսի պատասխան ստացանք Հայաստանի մի շարք ԶԱԳՍ-երից:
Ինչո՞ւ կառավարությունը նման որոշման անհրաժեշտություն ստացավ: Մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանին, որը պարզաբանեց. «Նախկինում նման այցեր եղել են միայն հարգելի պատճառներով, այսինքն` երբ զույգերից մեկը հիվանդ է եւ դրա պատճառով չէր կարող գնալ ՔԿԱԳ ծառայություն: Իսկ հիմա լրացուցիչ ծառայության համար պետք է վճարել 50 հազար դրամ»: Այսինքն՝ անհրաժեշտ է եղել 10 հազարը դարձնել 50 հազար, իսկ օտարերկրացի զուգընկերոջ դեպքում ծառայության գինը եռակի է դառնում՝ 150 հազար դրամ: Այն, որ այս կառավարությունն ընդունակ չէ քաղաքացու շահերը սպասարկող որոշումներ ընդունել, դա վաղուց է հայտնի: Միայն պարզ չէ՝ որոշման մեջ նշված տրանսպորտային միջոցը, որով պետք է ամուսնացողներն ապահովեն ՔԿԱԳ-ի աշխատակիցներին, ո՞րն է. տաքսի՞, երթուղայի՞ն տաքսի, թե՞ ավանակի սայլ:
ԶԱԳՍ-Ն ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ