ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵՆՔ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ այսօր պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը լայն թափով շարունակվում է: Աշխարհի տարբեր երկրներ մեկը մյուսի հետեւից ընդունում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Եւ հիմա մենք պետք է ամփոփենք իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչի՞ համար են դա արել. հայկական լոբբի՞նգն է ազդել, արդարությո՞ւնն է սկսում հաղթանակել, ՀՀ արտաքին գործերի նախարարությո՞ւնն է իր դեսպանատներով լավ աշխատել, թե՞ աշխարհի կոնյուկտուրան է իրավիճակ թելադրել. արդյո՞ք ռուս-թուրքական մերձեցումն է պատճառը, որ արեւմտյան երկրները դատապարտում են սպանդը, Թուրքիայի պահվա՞ծքն է միջին արեւելքում բարկություն առաջացրել, թե՞ այլ խնդիրներ կան: Ահա այստեղ է, որ պետք է հաշվի առնվեն մեր հնարավորությունները, իրավիճակի ռիսկերն ու վտանգները, եւ ճիշտ մարտավարությամբ առաջ գնալ՝ մեր օրակարգում եղած համահայկական խնդրի լուծման համար: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ միասնական է եղել, ուրեմն այլընտրանք չունենք:

 

 

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրի, բավական հարուստ է: Ըստ ներկայացված փաստաթղթի՝ 2014 թվականի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ եւ 110 հազար դոլար: Նրա անցած տարվա եկամուտը կազմել է 10 մլն 38 հազար 538 դրամ: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Նազարյանի կինը` Սվետլանա Խառատյանը, նույնպես մեծահարուստ է, նույնիսկ ավելի ունեւոր, քան իր ամուսինը: Նա հայտարարագրել է 300 հազար դոլար դրամական միջոց, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 հազար 450 դոլար, որը նա ստացել է որպես փոխառության դիմաց վճարված տոկոսադրույթ: Ռոբերտ Նազարյանը, որը եկող տարի կդառնա վաթսուն տարեկան, երբեւէ գործարարությամբ չի զբաղվել: Հայաստանի անկախության տարիներին նա մշտապես պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Այսինքն՝ նա նման կարողություն կարող էր կուտակել միայն կոռուպցիոն ճանապարհով:

 

 

 

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուղղակի ակնարկել է, որ դատաիրավական համակարգի կոռուպցիաներները հնարավոր է՝ փորձեն մասնատել իրենց կազմակերպությունը: Ըստ Զոհրաբյանի՝ իրենք օրենքի փոփոխության նախագիծ են մշակել եւ ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջինս որպես կառավարության օրենսդրական նախաձեռնություն, ներկայացնի խորհրդարան: Նախագծով առաջարկվում է փաստաբանության մասին օրենքում ամրագրել, որպեսզի միայն փաստաբաններն իրավունք ունենան փաստաբանական գրասենյակ հիմնել. «Այս խնդիրը կա նաեւ եվրոպական երկրներում, որտեղ կային դատավորներ, դատախազներ կամ այլ պաշտոնատար անձինք, որոնք փաստաբանական գրասենյակների միջոցով լեգալացնում էին իրենց կաշառքները: Մենք լավ պատկերացնում ենք, որ եթե դատախազն ունի փաստաբանական գրասենյակ, բնական է, որ նա չի ղեկավարվելու փաստաբանական սկզբունքներով… Ուստի բնական է, որ մեր այս նախաձեռնությունը մի շարք գործընկերների մոտ անհանգստություն է առաջացրել»:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի համար: Ինչ արժողության առանձնատուն է կառուցվում, եւ իսկապե՞ս այն կառուցվում է Ալեքսեյ Միլլերի համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Բայց վերջինս, ինչպես եւ սպասվում էր, հերքեց այդ լուրերը` ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ ընդամենը չորս օր առաջ Ալեքսեյ Միլլերը ժամանել էր Հայաստան, եւ Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրեց «Բարեկամության» մեդալով:

 

 

 

 

ԵԼՔԸ` ՆԵՐՍԻՑ

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեկ հաստատել է, որ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` սա որակելով որպես դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը: Այն, որ Սպիտակ տունը հենց նման որոշում էր կայացնելու, միանգամայն սպասելի էր, թեեւ Հռոմի պապի հայտարարւթյանը հետեւած ճանաչումների շղթայի հանգուցային օղակը դառնալու հարցում ԱՄՆ-ի համար, թերեւս, լավագույն հնարավորությունն էր ստեղծվել:
Քաղաքականությունից հեռացող Օբամայի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումը մեզ համար առանձնահատուկ կարեւորություն ուներ հենց այս փուլում` որպես ճանաչման գործընթացի ամբողջացման ամրագրում: Եվ ԱՄՆ նախագահի ուղերձը, որն ի դեպ, որեւէ իրավական ուժ չունի, մեզ անհրաժեշտ էր կա՛մ հիմա` 100-րդ տարելիցին, կա՛մ այլեւս երբեք: Ի վերջո, ԱՄՆ 50 նահանգներից 46-ն արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ ԱՄՆ ֆեդերալ իշխանությունների կողմից ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Եվ վաղվա իր ուղերձում 1915թ. կատարվածը ցեղասպանություն չճանաչելով` Օբամայի վարչակազմն ընդամենը մի փոքր էլ երկարաձգեց այդ ժամանակը, սակայն ի հաշիվ ԱՄՆ հեղինակության որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ջահակիր երկիր:
Ինչ խոսք, մեզ համար սա հիասթափություն է, սակայն եթե փորձենք հարցին մոտենալ «real politik»-ի տեսանկյունից, ապա պետք է նշենք, որ ԱՄՆ-ի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը այս փուլում կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ հենց Հայաստանի համար: Ի վերջո, ապրիլի 25-ին եւ դրանից հետո մենք դատապարտված ենք ապրել Թուրքիայի եւ Ադրբեջանի արյունարբու հարեւանությամբ: Եւ հատկապես վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում թափ հավաքող ծայրահեղական իսլամիզմն իր` 21-րդ դարի համար աներեւակայելի դրսեւորումներով կարող էր նոր, ահռելի վտանգներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար` տեղափոխվելով արդեն Արեւմուտքից, այդ թվում եւ ԱՄՆ-ից «մերժված» եւ «կատաղած» Թուրքիա: Արդյո՞ք մենք պատրաստ ենք դիմագրավելու նման վտանգներին, ունե՞նք բավարար ռեսուրսներ` Հայաստանի եւ Արցախի անվտանգության նոր սպառնալիքները չեզոքացնելու եւ զուգահեռ պահանջատիրության պայքարը տանելու համար: Հարցեր են, որոնց պատասխանը, թերեւս, ներքուստ գիտենք բոլորս:
Եվ ուրեմն պետք չէ հուսահատվել Օբամայի խոստումնազանցությունից, պետք է պարզապես «դանդաղ շտապելով»` լուծել մեր բոլոր ազգային խնդիրները` սկսած ՀՀ-ի ներսում առկա ախտերի` կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների հաղթահարումից եւ իրապես ժողովրդավարական երկիր դառնալուց, ավարտած ԼՂՀ հիմնահարցի կարգավորմամբ եւ Հայ դատի հաղթանակով:




Լրահոս