Ո՞Վ Է ՊԱՌԱԿՏՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ, ԵՎ Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԱԿՈՒՄԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ Հայաստանում եւս կան դատախազներ, դատավորներ, քննիչներ եւ այլ պաշտոնյաներ, որոնք այսօր ունեն փաստաբանական գրասենյակներ եւ «պասերով» աշխատում են:

Այսինքն՝ քաղաքացիներին պաշտոնյաներն ուղղորդում են իրենց պատկանող փաստաբանական գրասենյակներ, որտեղ «բարի փաստաբանները» «մաղարիչի» դիմաց լուծում են քաղաքացու խնդիրը, ինչի արդյունքում գոհ է մնում ե՛ւ քաղաքացին, ե՛ւ փաստաբանը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրենքի մի նախագիծ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, որով նպատակ ունի արգելել բոլոր մարդկանց փաստաբանական գրասենյակ ունենալ, եթե նրանք փաստաբաններ չեն: Սակայն որոշ փաստաբաններ պատրաստվում են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՓՊ ունեցած մենաշնորհը դաշտում կոտրելու համար: Ավելին՝ ոմանք էլ ցանկանում են փաստաբանական ակումբ բացել:
Այս առիթով «ժողովուրդ»-ը փորձեց զրուցել փաստաբան Էդուարդ Չինարյանի հետ, որը փաստաբանների ակումբի հիմնադիրներից է: Նա վստահեցրեց, որ ակումբը չի գործելու ՓՊ-ի դեմ, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Զրուցեցինք նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, նոր ստեղծվելիք ակումբի գաղափարը Ձեզ չի մտահոգում, մասնավորապես կառույցը կարող է հետագայում ՓՊ-ին մրցակից դառնալ:
-Փաստաբանն ազատ, անկախ անձ է եւ ազատ է, ինքնուրույն այլ անձանց հետ հասարակական միավորումներ ստեղծել, իր գաղափարները առաջ տանել: Այս տեսանկյունից որեւէ խնդիր չեմ տեսնում: Մամուլում հնչեց այն ինտրիգը, թե պետք է մի քանի պալատներ ստեղծվեն, մեկ պալատը չի արդարացնում իրեն եւ այլն: Չասեմ, որ այս թեմաներն անհանգստացնող են, բայց հաճելի չեն, քանի որ փաստաբաններիս երազանքն էր` միասնական լինելը: Մեր ուժը միասնության մեջ է: Եթե կլինեն ակումբներ կամ անհատներ, որոնք կցանկանան այդ միասնականությունը պառակտել, դա, բնականաբար, մտահոգիչ կլինի փաստաբանների մեծամասնության համար:
-Ի սկզբանե տեղեկություններ տարածվեցին, որ 50-ից ավել փաստաբաններ կընդգրկվեն ակումբում: Սա ենթադրել է տալիս, որ փաստաբանների մասնատումը անխուսափելի է:
-Ես իրավաբան եմ եւ գիտեմ փաստաբանական ոլորտին վերաբերող օրենքները: «Փաստաբանության մասին օրենք»-ը պալատին օժտել է որոշակի գործառույթներով եւ լիազորություններով: Այսինքն՝ առանց պետական մարմինների միջամտության, հնարավոր չի լինի փաստաբաններին պառակտել, եթե կլինի այդպիսի քաղաքական տրամադրություն, ապա, այո՛, օրենսդրական առումով դա կարելի է իրականացնել: Իհարկե, մենք ունենք նաեւ միջազգային հանրություն, այլ փաստաբանական կառույցներ, եւ այդպես հեշտ չի լինի նույնիսկ պետական իշխանության համար: Այնպես որ, դա մի քանի անձանց ցանկությամբ չի կարող լինել, անհրաժեշտ կլինի օրենսդրական ճանապարհով անցնել:
-Խոսեցիք ՓՊ-ի լիազորությունների եւ օրենսդրական ճանապարհով փաստաբաններին մասնատելու մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ փաստաբանների մի մասը մտածում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ: Խոսքը վերաբերում է փաստաբանների արտոնագրի տրամադրմանը: Ըստ փաստաբանների՝ վերջիններս Սահմանադրական դատարանում փորձելու են հասնել նրան, որ միայն ՓՊ-ն փաստաբաններին արտոնագիր չտրամադրի: Ասել է թե՝ վերջիններս փորձում են Ձեր ձեռքից վերցնել մենաշնորհը: Ըստ Ձեզ` այս հարցը ՍԴ-ում վիճարկելով՝ հնարավո՞ր է հաջողության հասնել:
-Նախ մի կարեւոր բան պետք է արձանագրել, որ իմ անձը չի կարող մենաշնորհելու հետ կապ ունենալ, քանի որ ես այստեղ ժամանակավոր մարդ եմ ու պալատի աշխատակազմի հետ միասին ծառայում եմ փաստաբանների շահերին: Այսօր փաստաբան դառնալու համար իրավաբանը պետք է ընդունվի ՀՀ փաստաբանական դպրոց, սովորի եւ հետո փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովում քննություն հանձնի: Ե՛ւ փաստաբանական դպրոցը, ե՛ւ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովն անկախ են եւ կախվածություն չունեն պետական մարմիններից: Նախկինում փաստաբանի քննությունն ընդունում էր պետական հանձնաժողովը: Հիմա պատկերացրեք՝ լինեն մի քանի պալատներ, խնդիր է ծագելու, թե որ կառույցը պետք է արտոնագրի, որի լուծումը բնականաբար կբերի նրան, որ պետական վերահսկողություն կսահմանվի: Կարծում եմ՝ բացասական կլինի այդ տարրանջատումը: Որպես իրավաբան, այդ օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմքեր չեմ տեսնում:
-Ո՞վ եւ ինչո՞ւ է, ի վերջո, Ձեր դեմ դուրս եկել:
-Իհարկե, չի կարող պալատի աշխատանքը դժգոհություն չառաջացնել: Եթե փաստաբանների պալատը պատերազմ է հայտարարել «գրպանային փաստաբանների դեմ», Ձեր կարծիքով ի՞նչ կլինի: Մեր նպատակը փաստաբանի հեղինակությունը բարձրացնելն է, եւ այն կարող ենք անել ինքնամաքրմամբ: Հեշտ է մեղքը որեւէ մեկի վրա գցել, ասել, թե դատավորները, դատախազները վատ են աշխատում: Իհարկե, դա կարող է այդպես լինել, քանի որ իշխանություն ունեցող մարդկանցից շատ բան է կախված, բայց պետք է մեր աչքի գերան էլ տեսնենք:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ փաստաբանների պալատի դեմ ստեղծվող ակումբի գաղափարի ակունքներում կանգնած են դատախազներ: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչո՞ւ պետք է դատախազները ցանկանան վնասել ՓՊ-ին:
-Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կոնկրետ պետական պաշտոնատար անձինք կարող են կանգնած լինել ակումբի ակունքներում: Բայց որ մենք փաստաբանության մասին օրենքի փոփոխության փաթեթ ենք կազմել եւ ներկայացնելու ենք արդարադատության նախարարությանը, աներկբա է: Դրանով ուզում ենք փոխել, որ փաստաբանական գործունեությամբ զբաղվեն միայն փաստաբանները: Այսինքն՝ այդ օրենքի նախագծով մենք փորձում ենք արգելել, որ փաստաբանական գրասենյակի բաժնետեր լինի ոչ փաստաբան որեւէ մեկը:
-Այսինքն՝ այն դատախազները, դատավորներն ու քննիչները, որոնք փաստաբանական գրասենյակներ ունեն, նրա՞նք են Ձեր դեմ դուրս եկել:
-Հետեւություններ կանեք Դուք, քանի որ լրագրողների մոտ առավել լավ դա կարող է ստացվել: Դուք եք հասարակության ջերմաստիճանը լավ որոշում՝ Ձեր տեղեկատվության հիման վրա: Բայց ասեմ, որ միայն Հայաստանում չէ այս խնդիրը: Եվրոպական զարգացած երկրներում էլ կա: Կային դատավորներ, դատախազներ կամ այլ պաշտոնատար անձինք, որոնք փաստաբանական գրասենյակների միջոցով լեգալացնում էին իրենց կաշառքները: Իրենց ազգականների անուններով ստեղծում են գրասենյակներ, որոնք էլ ունենում են իրենց փաստաբաններին եւ սկսում են աշխատել, սա ուղղակի արգելված է: Մենք լավ պատկերացնում ենք, որ եթե դատախազն ունի փաստաբանական գրասենյակ, բնական է, որ նա չի ղեկավարվելու փաստաբանական սկզբունքներով, իսկ փաստաբանը չպետք է գործիք դառնա: Ուստի բնական է, որ մեր այս նախաձեռնությունը մի շարք գործընկերների մոտ անհանգստություն է առաջացրել: Կրկնում եմ՝ միայն ցանկությունը քիչ է ակումբ ստեղծելու համար: Մենք ինտելեկտուալ անձանց միություն ենք, փաստաբանների պալատը պատմություն ունի: Մարդիկ, ի վերջո, կարողանալու են թացը չորից տարբերել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՖԼԵՇԻ ԲԱՐՍԵՂԸ ՀԱՂԹԵՑ ԳԱԼՈՒՍՏԻ ՈՐԴՈՒՆ
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորության տակ գտնվող «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ), որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հաղթեց դատարանում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունից բռնագանձել շուրջ 240 հազար դրամ: Ուշագրավ է, որ ՊՈԱԿ-ը դատարան դիմելով չէր բավարարվել, այլ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի արգելանք դրվի կուսակցության գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչն այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է:
Ու երբ դիտարկում ենք, թե ով է այս կուսակցության եւ նախագահի քաղաքական կնքահայրը, պարզ է դառնում, թե անգամ այս փոքր գործով դատարանն ինչ վճիռ պետք է կայացներ, կամ ընդհանրապես գործն ինչ հանգուցալուծում պիտի ստանար: ՀԺԱՄ կուսակցության նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանն է, որն հեռացավ կուսակցությունից եւ պատգամավորական մանդատ ստանալու համար համալրեց ՀՀԿ-ի շարքերը, նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է: Այս հիմնադրամի հովանավորը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե ինչ հանգուցալուծում ստացավ Սերժ Սարգսյանի մտերիմի հովանավորության տակ գտնվող կուսակցության դեմ ներկայացված հայցի ճակատագիրը: Պարզեցինք, որ դատարանը 2015թ մարտի 11-ին որոշել է այս գործը կարճել, քանի որ 2014թ դեկտեմբերի 23-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը հայցից հրաժարվել է: Իհարկե, գուցե ՀԺԱՄ-ն արդեն հասցրել է վճարել մոռացված գումարի մասին, բայց միեւնույն է՝ կարելի էր կանխատեսել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի ղեկավարած կառույցն այնքան էլ վճռական չէր տրամադրված ՀԺԱՄ-ից գումար ստանալու հարցում: Քանի որ ով-ով, Արման Սահակյանը լավ է պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել, եթե Բարսեղ Բեգլարյանը զանգահարեր իրեն կամ նախագահ հայրիկին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Գերմանիայի խորհրդարանում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագծի կապակցությամբ։ Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի՝ Դավութօղլուն որպես փաստարկ մասնավորապես նշել է, թե ցեղասպանություն տերմինը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի նկատմամբ չի կարող կիրառվել, քանի որ այդ տերմինը միջազգային իրավունքում ընդունվել է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո։

 
ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Վատիկանը ներկայացուցիչ չի ունենա Թուրքիայում ապրիլի 24-25-ը անցկացվելիք Գալիպոլիի տոնակատարություններին: Այս մասին «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականին ասել են Անկարայում Վատիկանի դեսպանատնից՝ նշելով, որ Վատիկանի արդարադատության եւ խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պատրաստվում էր մասնակցել միջոցառումներին, վատառողջ է։

 

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ
ԼՂՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն` «Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին տեղեկությունը»: Հայկական կողմի պնդմամբ` «Ականի պայթյունի հետեւանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել»:




Լրահոս