Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես այգու բարեփոխման աշխատանքների մաս, ծառատունկ են իրականացրել կենդանաբանական այգու՝ կանաչապատումից զուրկ հատվածում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում տնկվել է թխկի, շագանակենի, սոսի, արոսենի տեսակների շուրջ 60 ծառ: Ծառատունկը կատարվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 աշխատակիցների ուժերով:
Տնկվող ծառերի ընտրությունն իրականացվել է՝ Կենդանաբանական այգու կենդանատեսակների և բուսատեսակների պահանջներից ելնելով: Ծառատունկի հիմնական նպատակն է նպաստել Կենդանաբանական այգու միկրոտարածքում կենսաբազմազանության պահպանմանը: Այն նաև նպատակ ունի հրավիրել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա և ներգրավել կազմակերպություններին ու քաղաքացիներին դրանց լուծման գործում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առանձնահատուկ կարևորություն է հատկացնում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրներին և մշտապես մասնակցություն ունենում կազմակերպվող ծառատունկներին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ՝ ընկերությունը ցանկանում է շարունակական և ընդգրկուն դարձնել ծառատունկի աշխատանքները՝ ներգրավելով երիտասարդներին:
2011 թ-ին «FPWC-ի հիմնադրամը՝ Երևանի կենդանաբանական այգու համար» ծրագրի մեկնարկից ի վեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել ծրագրի իրականացմանը: 2011 թ-ից սկսած ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև գերարագ Wi-Fi ինտերնետ կապ է ապահովում Երևանի կենդանաբանական այգու տարածքում: 2015 թ-ի ընթացքում Կենդանաբանական այգին կներկայանա հանրությանը նոր՝ վերափոխված և բարելավված տեսքով և հատուկ մշակված զբոսուղիներով, իսկ այգու այցելուները հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված Wi-Fi ծածկույթից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Երևանի կենդանաբանական այգու բարեփոխման աշխատանքներին տարբեր մակարդակներում: Բնապահպանական կրթական և տեղեկատվական արշավներն իրականացվում են FPWC հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Իրականացվում են «Երկրի օր», «Նկարչական տոն», «Դդմի օր», «Պաղպաղակի օր», «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթները, «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» նախաձեռնությունը և այլ միջոցառումներ: Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենդանաբանական այգուն տրամադրում է տարբեր ծառատեսակների տնկիներ, իսկ ընկերության աշխատակիցները մասնակցում են ծառատունկներին:
2014թ-ի դեկտեմբերից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեցին Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Նախագծի նպատակն է տարբեր կարողություններ ունեցող երեխաների թույլ տալ շփվել միմյանց հետ՝ ապահովելով խաղալու հավասար իրավունք: Նախագիծն ուղղված է Հայաստանում գրանցված հատուկ կարիքներով ավելի քան 8000 երեխաների համար կրթական, թերապևտիկ, ինչպես նաև ժամանցային հարթակ ստեղծելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է նախագծին՝ դրա իրականացման համար հատկացնելով 10 միլիոն դրամ:
«Ծառերը մեր հողի ոգին են. որքան ավելի ծառ տնկենք, այնքան մաքուր կլինի օդը, որ շնչում ենք: Սա է կյանքի աղբյուրը, և մենք պետք է տարածենք այս գիտակցությունը մարդկանց մեջ: Աշխարհում ծառերի քանակը երբեք չի կարող բավարար լինել, հատկապես հաշվի առնելով համաշխարհային արդյունաբերության՝ շրջակա միջավայրին հասցրած անդառնալի վնասը: Եվ ես կոչ եմ անում բոլորին՝ հանձն առնել ծառեր տնկելու և դրանց մասին հոգ տանելու պարտականությունը՝ առավել մաքուր ու առողջ աշխարհ ունենալու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: