Հայկական դիվանագիտությունը և Թուրքիայի ձախողումը. Հայոց Ցեղասպանության 100-ամյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ապրիլի 24-ը շատ բան փոխեց հայերի կյանքում: Այս տարելիցը, որ ենթադրաբար շատերի մոտ պիտի խորհրդանշեր կորստի ու անարդարության մեկ դար, աստիճանաբար փոխակերպվեց մահվան նկատմամբ հաղթանակը նշելու տարեդարձի: Ավելին, 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքի մեր հայրենակիցները կոտրեցին թուրքական դիվանագիտության գերազանցության մասին իրենց նախնիներից բաժին հասած առասպելը: Այլևս երբեք մենք նույնը չենք լինի:

2015 թ. ապրիլի 24-ից սկսած թուրքական մի շարք թերթեր իրար հետևից լույս են տեսնում թուրքական դիվանագիտության ձախողման մասին վերնագրերով: Այո, թուրքական դիվանագիտությունը ձախողվեց, և դրանում տարբեր պատճառներ կարելի է տեսնել:

Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելով` Անկարան ակնկալում էր ստվերել Երևանում տեղի ունեցող հիշատակման տարելիցը: Այս գաղափարի հեղինակները գերագնահատեցին սեփական հնարավորությունը: Արդյունքում ստացվեց այն, որ համաշխարհային կշռով չափազանց կարևոր երկու պետությունների` Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, արհամարհելով Անկարայի հրավերը, մեկնեցին Երևան: Անկարայի համար ստացվեց ավելի վատ, քան կլիներ Գալիպոլիի շոուի չլինելու դեպքում: Թուրքական ձախողման մեջ անուրանալի դեր կատարեց երկրի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը: Դիվանագիտական էթիկայից դուրս իր անպարկեշտ հայտարարություններով ու միջազգային հանրությանն ամեն հնարավոր մեղքերի մեջ մեղադրելով` Էրդողանը ստվերեց հայերի հետ հաշտեցման կեղծ նպատակ հետապնդող թուրքական դիվանագիտության բոլոր թեզերը: Արդյունքում սեփական անհաջողությանն անպատրաստ Թուրքիայի քաղաքական էլիտան սկսեց իրար հակասող հայտարարությունների շարք` հայ “հրոսակներին” մեղադրելու ելույթներից մինչև հայերին ցավակցելու հաղորդագրություններ, հայերի տեղահանությունը մարդկության դեմ հանցանք որակող Դավութօղլուից մինչև ցեղասպանությունն ընդունողներին նույն` մարդության դեմ հանցանքի մեջ մեղադրող նույն Դավութօղլու:

Բայց մեր հարևանների ձախողումը միայն ինքնագոլ չէր: Այն կերտեցին մարդիկ, որոնց անունները չեն բարձրաձայնվում:

Նրանք կոչվում են դիվանագետ: Նրանց մասին ընկալումներն ամենաշատն են տարբերվում իրականությունից: Արտերկրյա բարեկեցիկ կյանքի հետ նույնացվող այս մարդկանցից շատերը հիմա սպասարկում են Հալեպի հայությանը` ահաբեկչական կազմակերպությունների ամենօրյա ռմբահարման ներքո: Մարդիկ, որոնք անգամ նորապսակ, գործուղվում են պետություններ, որոնց տարածքը մի մասը վերահսկում են ամենասարսափելի ահաբեկչական խմբերը: Նրանք հաճախ աշխատում են երկրներում, ուր չկա ամուր հայ համայնք, ուր Հայաստանը չունի տնտեսական, մշակութային և ոչ մի լծակ: Թե ինչ է նշանակում Թուրքիայի հետ բարձր մակարդակի քաղաքական ու տնտեսական կապեր ունեցող Կորեայի Հանրապետության Ազգային Ժողովում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարների ցուցահանդես ու ապահովել ԱԺ նախագահի ներկայությունը, գուցե և չենք պատկերացնում: Եվ սա այն դեպքում, երբ Կորեայում ՀՀ դեսպանը հավատարմագրվել է ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մշտական նստավայրը գտնվում է Ճապոնիայում: Նմանապես դյուրին չէ քաղաքական առումով զգուշավոր Վիետնամում հասնել Ցեղասպանության մասին հեռուստահաղորդման հեռարձակմանը ու ՀՀ դեսպանի հեռուստաուղերձին, այն դեպքում, երբ մեր դեսպանությունը գործում է երկու տարի, իսկ Թուրքիայի ներկայությունն այս պետությունում առկա է չորս տասնամյակ:

Չենք խոսում Օսմանյան Թուրքիայի նախկին դաշնակիցներ Գերմանիայում և Ավստրիայում ցեղասպանության ճանաչման արշավների մասին, չենք խոսում Փարիզում և Հռոմում աննախադեպ միջոցառումների, այդ թվում և համապատասխանաբար Էյֆելյան աշտարակի և Կոլիզեումի լույսերի մարումն՝ ի նշան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի:

Չենք խոսում ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհուրդում Ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի հեղինակած և կոնսենսուսով հաստատված պատմական բանաձևի մասին: Չգիտենք նաև, որ Թուրքիայի ԱԳՆ-ը, որ տարփողում է իր կադրերին, պաշտոնական կայքի անգլերեն տարբերակը թարմացնում է երկու օրվա տարբերությամբ` նման կերպ խզելով կապը միջազգային հանրության ու սեփական դիվանագիտական աշխատանքը լուսաբանելու միջև: Եվ իսկապես, թուրք դիվանագետը, որ մեծացել է սեփական դիվանագիտության բացառիկության պատկերացմամբ, դժվար թե իր հայ գործընկերոջ նման ուշ գիշերին զբաղվի մամլո հաղորդագրությունն աշխարհին ուղարկելու աշխատանքով:

Այս ամենը ՀՀ դիվանագիտության ամենօրյա աշխատանքի մի փոքր մասն է միայն: Այս մասին մեր քաղաքացիները գուցե և պետք չէ իմանան, դիվանագետների անունները` նմանապես:

Բայց վստահաբար, 2015թ. ապրիլի 24-ից հետո “հայկական դիվանագիտությունը” որպես կատեգորիա, որպես կայացած իրողություն կամրապնդվի թերահավատ հայի ու սեփական գերազանցություն պատկերացմամբ ապրած թուրքի ընկալման մեջ:

Նաիրա Կարապետյան,
ՀՀ ԱԺ պատգամավոր




Լրահոս