Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանից տեղեկացավ, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ը մի քանի միլիոն դրամի խախտում է իրականացրել: Սակայն տնօրենը հրաժարվեց խոստովանել դա:
«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեղերի, բժշկական պարագաների եւ նյութերի ձեռք բերման ժամանակ կենտրոնը թույլ է տվել մի շարք խախտումներ: Այդ կենտրոնի հաշիվ-ապրանքագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկական հաստատությունը մի շարք ընկերություններից առանց մրցույթ հայտարարելու ձեռք է բերել դեղորայք, բժշկական պարագաներ եւ նյութեր` մրցութային գներից էապես բարձր գներով: Օրինակ՝ կենտրոնը «Մարգ ֆարմացիա» ՍՊԸ-ից ձեռք է բերել բժշկական ոչ ստերիլ M N100 ձեռնոց` 1 հատը 2400 դրամով: Եթե կենտրոնը բարեխիղճ կերպով եւ օրենքի պահանջին համապատասխան մրցույթ հայտարարեր, ապա նույն ձեռնոցը հնարավոր կլիներ գնել 1600 դրամով, քանի որ տվյալ ժամանակահատվածում նույն ձեռնոցի մրցութային գինն այդքան է եղել: Կենտրոնի կողմից արտամրցութային կարգով դեղերի, բժշկական պարագների եւ նյութերի ձեռք բերման ծախսը հասնում է մի քանի միլիոն դրամի:
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ն առանց մրցույթների անցկացման ձեռք է բերել ընդհանուր առմամբ 36 միլիոն դրամ արժողությամբ դեղորայք եւ բժշկական պարագաներ, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Բացի այդ, մրցույթներում ձեռք բերված դեղորայքի գները անհամեմատ գերազանցում են տվյալ ժամանակահատվածում առկա գներին: Ուսումնասիրված հաշիվ-ապրաքագրերի համաձայն՝ լայն կիրառում ունեցող հակաբորբոքային «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը կենտրոնը գնել է 1600 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղամիջոցի մրցութային գինը եղել է 190-300 դրամ:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն»-ը դարձյալ արտամրցութային կարգով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 11 մլն 300 հազար դրամ արժողության դեղորայք եւ բժշկական պարագաներ: Այս դեպքում եւս մի շարք դեղեր ձեռք են բերվել մրցութայինից էականորեն տարբերվող արժեքներով: Օրինակ՝ «Սալմոնել» շիճուկը, ըստ հաշիվ-ապրանքագրերի, գնվել է 5600 դրամ արժեքով այն դեպքում, երբ տվյալ դեղորայքի մրցութային գինը եղել է 4000 դրամ:
«Հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում հիվանդանոցների կողմից ձեռք բերված դեղորայքի եւ տվյալ դեղորայքի շուկայական գնի համեմատական է անցկացրել բացառապես նույն ծագման երկրի, նույն դեղաչափի, դոզայի, կիրառման ձեւի եւ ըստ այլ պարամետրերի: Այսինքն՝ բացարձակ անհիմն են այնպիսի պատճառաբանություններն ու մեկնաբանությունները, իբրեւ այս կամ այն բուժկենտրոնը ձեռք է բերել նույն անվանումով դեղը, սակայն մեկ այլ երկրի արտադրության կամ ավելի որակյալ»,-ներկայացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:
Ըստ մամլո խոսնակի՝ ուսումնասիրության շրջանակում ընդգրկված բոլոր բուժհաստատությունները տեղեկացված են եղել ուսումնասիրության մասին, քանի որ բոլոր փաստաթղթերը տրամադրել են անձամբ տնօրենները. «Այն պատճառաբանությունները, թե իրենք տեղյակ չեն եղել հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության մասին, անհիմն են, քանի որ ՏՄՊՊՀ-ում առկա են բուժհաստատությունների տնօրենների հետ կատարված բոլոր գրագրությունները` պետգնումների շրջանակում կատարվող ուսումնասիրության վերաբերյալ»:
Թեեւ խախտումներն առավելապես գտնվում են պետգնումների ոլորտում, սակայն իրավիճակը կարող է ազդել նաեւ մրցակցային դաշտի վրա` ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու եւ միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:
Զրուցեցինք «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, որն ամեն կերպ խուսափեց այս թեմայով մեկնաբանություն տալուց. «Ես հիմա չեմ պատրաստվում մամուլի միջոցով ինչ-որ մեկնաբանություններ տալ այդ հարցերին: Ես հանձնաժողովին նամակ եմ ուղարկել, պետք է ստանամ այդ տվյալները: Դուք ինձանից առաջ եք անցել: Ես կուսումնասիրեմ դրանք եւ բոլոր հարցերի պատասխանները, իմ անհամաձայնությունները ուսումնասիրելուց հետո կհայտնեմ հանձնաժողովին»:
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նադյա Վարդանյանը նույնպես չընդունեց ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների արդյունքները: «Վա՜յ, մամա՛ ջան: Չի կարող պատահել: Միգուցե հիմնարկներն են շփոթել: Աչի՛կ ջան, մեր կենտրոնի տարեկան դեղորայքի բյուջեն կազմում է 4,5 միլիոն: Բացի այդ, մենք հակաբորբոքային դեղորայք տարին մեկ անգամ կարող ենք գնել: Ես Ձեզ նախապես ասեմ, որ Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ, չի կարող պատահել, որ հանձնաժողովը Ձեզ նման տվյալներ տա: Բանակցային ընթացակարգով ենք ձեռք բերել այդ դեղերը, դա էլ մրցույթի մի տեսակ է»,-պատասխանեց գործադիր տնօրենը: Իսկ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն»-ի տնօրեն Նարինե Կարախանյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Նա խորհրդակցության էր:
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ