Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) հոկտեմբերի 3-ին վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը 2006թ. դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել անազատության մեջ:
Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ-ի դեմ ԵԴ-ի կայացրած վճիռների թիվը հասավ 47-ի: 2007-ից ի վեր, երբ ԵԴ-ն սկսեց քննել ՀՀ-ից ստացված գործերը, Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման համար տուգանվել է մոտ 466 հազար եվրոյով: Եւ այս գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից:
ՀԱՐՑ. Ինչո՞ւ դատավորներին չեն տուգանում ոչ ճիշտ որոշում կայացնելու համար: Ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին իր վճարած հարկերի հաշվին փոխհատուցի ապօրինի որոշումների զոհերին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ ինտրիգային հարց է: Այդ տուգանքները ինձ ինչի՞ պիտի մտահոգի, թող Սերժն ու Տիկոն մտահոգվեն: Իբր որ էդ գանձումները չլինեին ու մեզնից յուրաքանչյուրից չգանձվեին, կարելի էր կարծել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երջանիկ էր լինելու կամ առնվազն սոցիալապես ապահովվա՞ծ:
Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցադրումը տեղին է: Ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին վճարի դատավորների սխալ որոշումների, քննություն կատարած քննիչների եւ ընդհանրապես իրավապահ մարմինների աշխատակիցների սխալների համար: Չէ՞ որ նրանց աշխատավարձ է տրվում ՀՀ պետական բյուջեից: Նրանք պետք է հաշվետու լինեն հարկատուներին եւ սխալների համար կրեն ոչ միայն նյութական վնաս, այլեւ այդպիսիները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ միաժամանակ կրելով բարոյական պատասխանատվություն:
Բազմիցս նշել եմ, մեկ անգամ եւս փաստում եմ, որ առկա պետական կառավարման համակարգում գոյություն չունեն դատավորներ, որոնք հավատարիմ են միայն oրենքի տառին եւ ոգուն: Նրանք առաջին հերթին իշխող ռեժիմի անբաժանելի մասն են եւ անհրաժեշտության դեպքում կատարում են միայն ռեժիմի պարագլուխների հրամանները: Եթե որեւէ մեկը խախտում է այդ չգրված կանոնը, ապա աներկբա պատժվում է: Դատավոր Օհանյան Պարգեւի օրինակը լավագույն հիմնավորումն է իմ խոսքերի: Ուստի Հայաստանում արդարադատությունը ոչ թե կաղ է, այլ իրականում բացակայում է, եւ որպես հետեւանք՝ Հայաստանի քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում oրենքի դաշտում: Հայրենիքից արտագաղթ տեղի է ունենում հիմնականում համատարած անօրինականությունների հետեւանքով, ինչը պատճառ է դառնում մարդկանց արժանապատվության ոչնչացման, արդարության եւ ճշմարտության չգոյության: Այդպիսի երկիրն ապագա չունի: Սա պետք է գիտակցենք ազգովի եւ կատարենք ժամանակին համահունչ ճիշտ քայլեր:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ