Հայաստանը ևս չի ճանաչել Արցախը, պետք է հանգիստ վերաբերվել մերժողականությանը. Արման Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն իր հայտարարության մեջ նշել էր, որ չեն ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն: Այս հայտարարության շուրջ Armlur.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց հայտարարություններին. ԱՄՆ  իշխանությունները ևս նման հայտարարություն են տարածել:

– Գուցե շարքային ընթերցողին համանախագահների վերջին հայտարարության այսչափ գանգուր ձևակերպումները կարող են թվալ չափազանց անորոշ, մշուշոտ ու, անգամ, հակասական, սակայն եթե հայտարարության` հատկապես արցախյան առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հատվածը մարդկային սովորական լեզվի թարգմանելու լինենք, ապա կարելի է և հասկանալ նրանց ասածը: Կարծում եմ, որ նրանք ցանկացել են կողմերին ասել, որ ճանաչում են Արցախի ժողովրդի սեփական իշխանությունները ընտրությունների միջոցով ձևավորելու իրավունքը, քանի դեռ բանակցային գործընթացի արդյունքում Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ մի ինչ-որ վերջնական որոշում չի կայացվել:

Միաժամանակ ընդգծում են, որ չեն դիտարկում Արցախը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի ընտրությունների միջոցով այնտեղ ձևավորվող տեղական իշխանությունները միջազգային իրավասուբյեկտությունից զուրկ են և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ոչ մի այլ երկիր չի ճանաչել Արցախի պետական անկախությունը:

Այստեղ հստակ ակնարկ կա նաև առ այն, որ Հայաստանը ևս չի ճանաչել Արցախը, ուստի բանակցություններին անմիջականորեն մասնակից հայկական կողմը` հանձինս ՀՀ գործող ղեկավարի և Արտգործնախարարի, համաձայն է պաշտոնապես դիտարկել Արցախի նախագահին ու խորհրդարանն ընդամենը որպես տեղական ինքնակառավարման գործառույթն իրականացնող և միջազգային հարաբերությունների համակարգում ձայնի իրավաբանորեն ամրագրված իրավունքից զուրկ կառավարչական մարմիններ: Համանման վերաբերմունք միջնորդներն արտահայտել են արցախյան բոլոր նախորդ ընտրությունների կապակցությամբ ևս:

–  Ո՞րն եք համարում նրանց հայտարարությունների պատճառը, Հայաստանն այստեղ ի՞նչ անելիք ունի:

– Այս կարգի հայտարարությունների պատճառն այն է, որ հայկական կողմերն այդպես էլ չցանկացան իրական սեփական քաղաքականությունը մշակել ու վարել:

– Եթե նրանք չեն ճանաչում ընտրությունները, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա:

-Արցախյան ընտրությունները չճանաչելու քաղաքականությունը տեղավորվում է Մադրիդյան սկզբունքների շրջանակներում արցախյան հիմնախնդիրը կարգավորելու համանախագահների առաջարկած ծրագրի շրջանակում: Հայաստանի իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքներն ընդունելի բանակցային հիմք են ճանաչվել, հետևաբար նրանք, թերևս, հանգիստ պետք է վերաբերվեն նաև արցախյան ընտրությունների հանդեպ համանախագահ երկրների ու միջազգային հանրության այս մերժողականությանը:

– Այս դեպքում ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը:

– Նոր քաղաքական մոտեցումներ մշակելու և շրջանառության մեջ դնելու խնդիր ունենք լուծելու: Պարզապես, եթե այդ խնդրի առաջին մասը միանգամայն լուծելի է, ապա դրա երկրորդ մասի իրականացումը խիստ կասկածելի է, քանի դեռ ՀՀ պետական կառավարման համակարգի որակն այսպիսին է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս