Արդեն երկու օր է՝ լուրեր են շրջում այն մասին, որ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ից 8-ը այցելելու է ԱՄՆ, իսկ մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում, որտեղ մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին: Սերժ Սարգսյանի աշխատակազմը այս լուրերը մինչ օրս ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է: Ավելին՝ նախագահականը մի տեսակ փորձում է այդ այցելության լուրը, որքան հնարավոր է, գաղտնի պահել: Բանն այն է, որ այցելության առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ամերիկայի հայ համայնքի կողմից Վաշինգտոնում կազմակերպվելիք միջոցառումներն են: Սակայն այդ միջոցառումները ծրագրավորվել են դեռ մարտից, եւ «Ամերիկայի ձայնն» այդ մասին բազմիցս հայտարարել է: Ուստի տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմը չի փորձել դրանք մեկ-երկու օրով տեղաշարժել: Բանն այն է, որ մայիսի 8-ին` հաջորդ օրը կայանալիք շքերթից առաջ, Մոսկվայում պետք է տեղի ունենա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Ակնհայտ է, որ ԱՄՆ կատարելիք այցը Սերժ Սարգսյանի համար պատրվակ է՝ այդ հանդիպմանը չմասնակցելու եւ միայն շքերթի օրը Մոսկվա մեկնելու, ընդհանուր արարողակարգին աննկատ մասնակցելու ու վերադառնալու համար: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է ԵՏՄ-ն որպես տնտեսական «ապաստան» ընտրած Սարգսյանը խուսափում այդ միության անդամ երկրների նախագահների հետ հանդիպումից:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը նոր թափ է ստացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է նախկինում քննված 10 քրեական գործերը կարճելու որոշումները եւ դրանք ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նոր, օբյեկտիվ քննության համար: Դրանց մի մասը ժամանակին քննվել են ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, մի մասը՝ քննչական կոմիտեում, մի քանիսն էլ՝ ԱԱԾ-ում: Հասկանալի է, որ Ա. Հովսեփյանն, այսպես թե այնպես, դրանց հետ առնչություն է ունեցել` ժամանակին որպես գլխավոր դատախազ կամ իբրեւ անմիջական նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավար: Եւ այն փաստը, որ ՀՔԾ ուղարկելու որոշումը պատճառաբանվում է «օբյեկտիվ քննություն իրականացնելու անհրաժեշտությամբ», նույնպես վկայում է այն մասին, որ այս գործընթացն ուղղված է Հովսեփյանի եւ նրա ղեկավարած կոմիտեի դեմ: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ կարճված գործերից մեկով արդեն կա ձերբակալված անձ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ խորհրդարանում երեկ սկսվել է քննարկվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2014 թվականի տարեկան զեկույցը: Միանգամից պետք է արձանագրենք, որ այս նոր զեկույցը, ի տարբերություն նախորդների, «անատամ» եւ լղոզված փաստաթուղթ է: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների, շատ քիչ տվյալներ են ներկայացված եւ դրանց գնահատականներ տրված չեն: Այս տարվա զեկույցը, նախորդների համեմատ, ծավալով եւս անհամեմատ համեստ է: Օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցը եղել է 61 էջ, իսկ 2014-ինը 35 էջ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերահսկիչ պալատն այլեւս անգամ նույնիսկ ձեւի համար չի համարձակվել բյուջետային միջոցների ծախսային մասին անդրադառնալ: Մի խոսքով, ՎՊ-ն որոշել է շառից փորձանքից հեռու, ոչ մի թիվ չգրել, քանի որ ոնց գրում է, միեւնույն է, այդ ամենն իրենց եւ իշխանավոր ընկերների դեմ է օգտագործվում, ինչը ներիշխանական «ռազբորկաներում» կրկին կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել:
Մինչ հասարակության որոշ շերտեր մեծ ոգեւորությամբ խոսում էին ֆրանսիական «Քարֆուր»-ի՝ Հայաստանում բացվելիք մասնաճյուղի մասին, հիպերմարկետի բացումից հետո պարզվեց, որ այնքան էլ սպասվածը չէր, քանի որ սննդամթերքի մեծ մասը տեղական արտադրանք է եւ վաճառվում է ավելի թանկ գնով, քան հայաստանյան ցանկացած խանութում ու սուպերմարկետում: Բայց այսօր «Քարֆուր»-ից դժգոհում են Հայաստան կենցաղային տեխնիկա ներմուծող տնտեսվարողները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը նշեց, որ իրենք ապրանքը տարբեր երկրներից են ներկրում եւ, բնականաբար, մաքսազերծումն էլ տարբեր գներով է իրականացվում: Մինչդեռ «Քարֆուր»-ը ներմուծում է միայն Ֆրանսիայից, եւ քանի որ մի բարձրաստիճան պաշտոնյայի անունն է շրջանառվում՝ իբրեւ հիպերմարկետի հայաստանյան ներկայացուցիչ, ուստի ավելի հեշտ է մաքսազերծումն իրականացվում: Տեղացի գործարարները մտավախություն ունեն, որ դրա արդյունքում ավելի կթուլանա առանց այն էլ սակավ առեւտուրը, իսկ իրացման ծավալները է՛լ ավելի կնվազեն:
ՕՐ ԱՌԱՋ ՏԱՐՀԱՆԵԼ
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները դեռ երկար ժամանակ կմնան յուրաքանչյուր հայի մտքում եւ սրտում, քանզի այսպիսի միաբանություն, ազգային գիտակցության այսպիսի զարթոնք եւ սեփական ուժերի վրա այսպիսի վստահություն մենք բոլորս վաղուց չէինք ունեցել: Ապրիլի 24-ին նախորդած իրադարձությունները` աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումն ու միջազգային մամուլի աննախադեպ ուշադրությունը, մի կողմից, մյուս կողմից` մեր աշխարհահռչակ հայրենակիցների` Ս. Թանկյանի, Շ. Ազնավուրի, ինչու չէ` Ք. Քարդաշյանի իրականացրած քարոզչական արշավն ու դրա կողքին նաեւ մեր պետական համակարգի կողմից հավուր պատշաճի կազմակերպված միջոցառումները մեր մեջ արթնացնում էին հպարտության եւ ինքնավստահության զգացում, որը չկարողացավ մթագնել անգամ Բ. Օբամայի հիասթափեցնող ուղերձը. մենք բոլորս ազգովի գիտեինք մեկ բան` ճշմարտությունը մեր կողմից է, եւ այն հաղթել հնարավոր չէ:
Այդ ամենը հրաշալի էր եւ անպայման ունենալու է իր շատ կարեւոր հետքը մեր բոլորիս, հատկապես երիտասարդ սերունդի, աշխարհընկալման վրա: Սակայն հենց այդ նույն օրերին մեր հայրենակիցների մի զգալի մասը գտնվում էր եւ շարունակում է գտնվել մահվան վտանգի մեջ Սիրիայի Հալեպ քաղաքում: Խոնարհվելով մեր 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջեւ՝ արդյոք մենք` որպես Հայաստանի Հանրապետություն, իրավունք ունենք անտարբեր լինել նահատակվելու սպառնալիքի տակ գտնվող սիրիահայերի հանդեպ:
Երբ 3 տարի առաջ սկսվեց սիրիական այս պատերազմը, մեր իշխանությունները ասում էին այն, ինչ հիմա, եւ այս ընթացքում Սիրիայում սպանվեց ավելի քան 100 հայ, իսկ տասնյակ հազարավորները դարձան փախստական` կորցնելով իրենց ունեցվածքը: Արդ, միթե ավելի ճիշտ չէր լինի, եթե ՀՀ Կառավարությունը ժամանակին համակարգված կերպով տարհաներ Սիրիայի բարեկեցիկ եւ հարուստ հայ համայնքը` չսպասելով մարդկային կորուստներին եւ ունեզրկմանը: Այդպես հայրենիքում ապաստանած սիրիահայերը կկարողանային ոչ միայն բարենորոգել իրենց կեցությունը, այլեւ ապահովել զգալի շարժ ՀՀ տնտեսական կյանքում: Մինչդեռ հիմա ՀՀ-ում ապրող սիրիահայերից շատերը անապահով վիճակում են, իսկ Սիրիայի հայ գաղութը պահպանելու կոչեր անողների ձայնը այլեւս չի լսվում:
Ամենացավալին, սակայն, այն է, որ անգամ հիմա մեր իշխանավորները չեն գիտակցում, որ հարկ է գործել հնարավորինս արագ եւ ակտիվ: Սփյուռքի նախարարն ասում է` սիրիացիները չեն ցանկանում գալ, ես ինչ անեմ: Սակայն հակառակ նախարարի պնդմանը` համացանցում օրըստօրե շատանում են Հալեպից մեր հայրենակիցների ուղարկած «soss»-երը, եւ դրանք անտեսելն այլեւս ազգային դավաճանություն է: Ի վերջո, մեր սիրիահայ քույրերին եւ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու հարցում երկմտող որեւէ իշխանավոր բարոյական իրավունք չպիտի ունենա խոսելու Հայոց ցեղասպանությունից: