ԱՆԴՈՐՐ ՎԵՐԱՀԱՍ ՓՈԹՈՐԻԿԻՑ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքը վերադարձավ իր բնականոն վիճակին, այսինքն՝ անորոշությանը: Վերջին մեկուկես ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքը փաստացի «ապրում» էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: Մարտին բոլորը նախապատրաստվում էին, իսկ արդեն ապրիլի սկզբից միջոցառումները մեկնարկեցին, եւ Հայաստանի բնակչության մեծամասնությունն առ ժամանակ մոռացել էր իր առօրյա հոգսերի մասին:

Իսկ Հայաստանի ներկա քաղաքական վիճակը կարելի է բնորոշել՝ Սերժ Սարգսյանի բառակապակցությունը մեջբերելով՝ գաղջ մթնոլորտ: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում սկսվեց լճացումը: Սակայն 2013-ի աշնանը խորհրդարանի չորս խմբակցությունները` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» հայտարարեցին համաձայնեցված գործելու մասին` ստեղծելով, այսպես կոչված, «ոչ իշխանական քառյակը»: Սակայն մինչեւ 2014-ի աշուն, ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից, քանի որ կողմ էր սահմանադրական փոփոխություններին, ինչին քառյակի մյուս երեք կուսակցություններից առնվազն երկուսը` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, դեմ էին: «Ոչ իշխանական եռյակը» 2014-ի աշնանը երկու հանրահավաք անցկացրեց, այնուհետեւ հայտարարեց համաժողովրդական շարժում ստեղծելու եւ ողջ հանրապետությունով մեկ գրասենյակներ ստեղծելու մասին: Այնուհետեւ 2014-ի դեկտեմբերի 23-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց 2015-ի հունվարի 20-ին խորհրդաժողով հրավիրելու մասին, որը, ի վերջո, տեղի ունեցավ փետրվարի 5-ին: Դրանից հետո՝ փետրվարի 9-ից 10-ը, Գագիկ Ծառուկյանը եղավ Մոսկվայում: Իսկ նրա վերադառնալուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հանդես եկավ իր հայտնի ելույթով՝ ուղղակի հայտարարելով, որ վերջինիս պետք է դուրս շպրտել քաղաքականությունից: Փետրվարի 15-ին «ոչ իշխանական եռյակը» հայտարարեց փետրվարի 20-ին համաժողովրդական հանրահավաք հրավիրելու մասին: Իսկ երեք օրից` փետրվարի 18-ին ԲՀԿ՝ այն ժամանակվա առաջնորդը հրապարակեց իր «կապիտուլացիայի» տեքստը եւ հեռացավ քաղաքականությունից` խոստանալով այլեւս չվերադառնալ: Համաժողովրդական հանրահավաքը չկայացավ, իսկ «ոչ իշխանական եռյակն» այդպիսով դադարեց գոյություն ունենալ: Այսպիսով Հայաստանի քաղաքական կյանքի վերջին երկու տարիներին ձեւավորված հիմնական տանդեմը` քառյակ-եռյակը, այս տարվա փետրվարի վերջից այլեւս գոյություն չունի:
Այսպիսով, քաղաքական դաշտում մնացին միայն իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս իր առաջնային նպատակը հայտարարել է սահմանադրական փոփոխությունները, որի հայեցակարգը նա արդեն հաստատել է, եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը զբաղված է այդ փոփոխությունների բուն տեքստը մշակելով: Այսինքն՝ իշխանության հարցում, ինչպես միշտ, ամեն ինչ հստակ է. մի խումբ մարդիկ շարունակում են կառավարել Հայաստանը եւ պետության հաշվին միլիոնավոր դոլարների հարստություն կուտակել: Սակայն նրանց ձեռքը բռնող քաղաքական ուժ, որպես այդպիսին, այսօր չկա:
Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանի քաղաքական դաշտում առաջիկայում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու, մասնավորապես, որ քաղաքական ուժը կամ ուժերն են զբաղեցնելու ընդդիմության թափուր դիրքերը: Չնայած քաղաքական դաշտը ողողված է իրենց ընդդիմություն հռչակող կուսակցություններով` հիմնականում մի քանի հոգուց բաղկացած, սակայն բոլոր նրանք վաղուց իրենց դարն ապրել են, անցած տարիներին հասցրել են մի քանի անգամ վարկաբեկվել: Այսինքն՝ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր փաստացի չունի ընդդիմություն: Բնականաբար ընդդիմության տեղը երկար ժամանակ թափուր չի մնա, եւ առաջիկայում հաստատ կձեւավորվեն նոր քաղաքական ուժեր, որոնք կփորձեն զբաղեցնել ընդդիմության` անտեր մնացած դաշտը:
Սակայն մյուս կողմից էլ նոր ձեւավորվելիք ուժերը, որքան էլ ջանան, չեն կարող քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ նախ նրանք պետք է տեղ զբաղեցնեն, որպեսզի ինչ-որ կերպ գործընթացների վրա կարողանան ազդել եւ իշխանությունների համար լուրջ մրցակից դառնալ: Իսկ դրա համար հարկավոր են քաղաքական համապատասխան գործընթացներ` ընտրություններ: Միամտություն կլինի կարծել, որ նոր ստեղծվելիք քաղաքական ուժերից որեւէ մեկն ի վիճակի կլինի արտահերթ ինչ-որ գործընթաց նախաձեռնել: Այսինքն՝ մինչեւ ԱԺ հաջորդ ընտրությունների նախընտրական շրջանը Հայաստանի քաղաքական դաշտում զարգացումները կլինեն իրավիճակային եւ կարճաժամկետ:
Ի դեպ, առաջին հայացքից կարող է թվալ, թե այս իրավիճակից իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը, ամենաշատն են շահում: Սակայն ստեղծված վիճակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այսուհետ Հայաստանի հետ կապված բոլոր զարգացումների համար` արտաքին թե ներքին, պատասխանատվությունը կրում է բացառապես Սերժ Սարգսյանը: Սակայն Հայաստանի քաղաքական կյանքի պատմությունը, իսկ ավելի կոնկրետ՝ 2005-2007 թվականների լճացած վիճակին հաջորդած 2008-ի պոռթկումը, վկայում են, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Ներկա գաղջ մթնոլորտն ընդամենը թվացյալ անդորր է վերահաս փոթորիկից առաջ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԿՈՉ ԱՆԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը սպասելի էր այնքանով, որ ապրիլի 24-ի հետ կապված պետք չէր նման բովանդակությամբ հայտարարություններ անել: «Տեսեք առաջին դեպքը, որ կատարվեց Ժիրայր Սէֆիլյանի հետ, երբ Արցախի ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել, ծեծկռտուք, այդ ժամանակ ես դատապարտեցի կատարվածը, նրա կալանավորումն էլ եմ քննադատում, բայց կարծում եմ նաեւ, որ չի կարելի, չեմ ընդունում Ժիրայրի ծրագիրը, որը նախատեսված էր ապրիլի 24-ին»,- ասաց պատգամավորը: Վերջինիս կարծիքով Սէֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալության նպատակը եղել է այն, որ ապրիլի 24-ին ինչ-որ միջադեպեր չլինեն, որոնց արդյունքում, ըստ Գասպարյանի, ամբողջ աշխարհով Հայաստանը կարող էր խայտառակվել: «Ինձ թվում է, որ նրանց բաց կթողեն»,- ասաց պատգամավորը: Այն հարցին, թե որպես ազատամարտիկ՝ ինչո՞ւ կոչ չի անում, որ ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, Գասպարյանը պատասխանեց. «Քաղաքական հայացքների համար կալանավորելն անընդունելի է, ինչ կոչ անեմ… ազատամարտիկներին չծեծեցի՞ն, էս երկրում ի՞նչ չի արվում»:

 

ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
Երեկ՝ ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացնում էր քառօրյայի օրակարգի նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրեց Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա 4 ընկերների ազատ արձակման հարցը: «Մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ նպաստենք նրանց անհապաղ ազատ արձակմանը բանտերից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: ԱԺ նախագահն ի պատասխան՝ ասաց, որ իրենք եւս այդ խնդրով մտահոգ են: Իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինքը որեւէ տեղեկություն ունի, ի վերջո, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարվելու է, թե ոչ: «Դուք ունե՞ք որեւէ տեղեկատվություն այդ մասին, կա՞ արդյոք այդպիսի հավանականություն, որ առաջիկայում կհայտարարվի համաներում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: ԱԺ նախագահը պատասխանեց, որ ինքը հնարավոր համաներման վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի:

 

ՎԱԽԵՑԵ՞Լ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը խուսափել է մասնակցել Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հայտնի է՝ Լոս Անջելեսի հայ համայնքը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, եւ այնտեղ նախկին վարչապետը կարող էր, մեղմ ասած, տհաճ վիճակում հայտնվել: Սակայն Տ. Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նման բան չկա, ու նա հաճախ է լինում Լոս Անջելեսում, հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅՍՕՐ ԿՎՃԱՐԵ՞Ն
«Նաիրիտ»-ի աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Armlur.am-ին ասել է, որ երեկվա ակցիայի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր կամ ապրիլի 29-ին մեկ ամսվա աշխատավարձ ստանալու շուրջ: Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց բողոքի ակցիաները շարունակվելու են: Մայիսի 1-ին` աշխատավորների միջազգային օրը, նաիրիտցիները բողոքի երթ կանցկացնեն Ազատության հրապարակից դեպի Կառավարություն:

 

Ի՞ՆՉ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել ե՛ւ որպես ԵԽ անդամ-պետություն՝ ՀՀ պարտավորությունների, ե՛ւ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում: Այդուհանդերձ, ըստ նրա, դեռեւս բավականին աշխատանք կա իրականացնելու, եւ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները:

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ՓԱՐԻԶՈՒՄ
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ, որտեղ կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը: Դրա շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաեւ՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։ Իսկ ապրիլի 29-ին նախատեսվում է Է. Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 

ՊՈԶՆԵՐԻՆ ՀՅՈՒՐ
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուս հեղինակավոր մեկնաբան Վլադիմիր Պոզներին: Նա խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության, ԼՂ հիմնախնդրի եւ այլ հարցերի մասին: Անդրադառնալով Պոզների դիտարկմանը, թե այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Իսրայելը, չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, Սարգսյանը նշել է. «Ես հասկանում եմ, բայց չեմ ընդունում: ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար հետաքրքրությունները կարեւոր են, քան արժեքները, ընդհանուր մարդկային արժեքները: Նրանք չեն ցանկանում ոչ մի կերպ Թուրքիային նեղացնել: ԱՄՆ նահանգների մեծ մասը ճանաչել է Ցեղասպանությունը, նախկին նախագահներն օգտագործել են այդ բառը, Օբաման, երբ կոնգրեսական էր, կրկին օգտագործում էր եւ քննադատում էր իշխանություններին, որոնք չէին օգտագործում այդ բառը: Վեց տարի է անցել, բայց նա այդ բառը չի ասում»:

 

ՕԼԱՆԴԸ` ԲԱՔՎՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ի երեկոյան Հայաստանից մեկնել է Ադրբեջան, որտեղ, շաբաթ օրը հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, քննարկել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:




Լրահոս