ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստի գումարման ֆորմալ պատճառն այն է, որ Կառավարության հեղինակած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ եւ վարկային պայմանագրեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընդունել: Մասնավորապես, վարկային պայմանագրերը պետք է վավերացվեն, որպեսզի այդ գումարները փոխանցվեն: Իսկ թե որքան կարեւոր է ՀՀ Կառավարության համար ամեն մի ցենտը, որն այսօր Հայաստան է փոխանցվում, կարծում ենք՝ կարիք չկա եւս մեկ անգամ մեկնաբանելու: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նշված արտահերթ նիստը եւս մեկ նշանակություն կարող է ունենալ. չի բացառվում, որ հենց այդ նիստի շրջանակներում, ի վերջո, խորհրդարանին ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը: Այն մինչ օրս հնարավորինս գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է համաներում հայտարարել, թե երբ եւ ինչ բովանդակությամբ կլինի այն, թերեւս կպարզվի երկու շաբաթից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս կիրակի Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող Աբրահամյանների տուն եւ մասնակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան «յոթի» արարողությանը: Այդ այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարճատեւ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ամենատարածված թեման. արդյո՞ք առաջիկայում ՀՀ Կառավարության կազմն ու վարչապետը փոխվելու են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վարչապետին վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, «հանգիստ աշխատի»: Համենայնդեպս, Կառավարության կուլիսներում մի շարք նախարարներ «շուտասելուկ»-ի պես կրկնում են «հանգիստ աշխատի» արտահայտությունը: Թեեւ մյուս կողմից նրանք բոլորը լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը միշտ է բոլոր ժամանակների վարչապետներին այդպես պատասխանել: Տիգրան Սարգսյանին էլ պաշտոնանկութունից առաջ ասել էր՝ «գնա, հանգիստ աշխատի»: Իսկ թե հետո ինչ եղավ, բոլորին է հայտնի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով այլեւս կզբաղվեն երկու հոգի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանն ու կուսակցության փոխնախագահ Վարդան Վարդանյանը: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը վաղուց կուսակցությունում հստակեցված է: «Մենք ֆինանսական որեւէ խնդիր չենք ունեցել, բնականաբար կուսակցությունը Գագիկ Ծառուկյանից հետո ֆինանսական առումով շատ ավելի զուսպ պետք է լինի, իմ եւ պարոն Մանուկյանի միջեւ ֆինանսական որեւէ խնդիր չի եղել: Ի սկզբանե ես ասել եմ, որ ես տարածքային կառույցների ֆինանսական խնդիրներով չեմ զբաղվելու: Կուսակցության տարածքային ֆինանսական խնդիրներով հավասարապես զբաղվում են երկու հոգի` պարոն Մանուկյանը եւ պարոն Վարդանյանը»,- տեղեկացրեց Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ֆինանսական հարցերի «տնօրինման» հետ կապված տարաձայնություններ էին առաջացել Ն. Զոհրաբյանի եւ Ա. Մանուկյանի միջեւ, ինչը, պարզվում է, հարթվել է:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների 29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է: Նա փոխնախարար նշանակվելիս` 2014-ի օգոստոսի 5, հայտարարագրել է հողամաս, բնակելի տուն, «Mercedes 350 4 Matic» մակնիշի ավտոմեքենա եւ 3 ընկերության բաժնետոմս, երեք փոխառություն (պարտքով տրված գումար), ընդհանուր 104 մլն 955 հազար դրամ: Բացի այդ՝ ունի նաեւ 19 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 20 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ 2014-ի յոթ ամիսներին` մինչեւ նշանակվելը, նրա եկամուտները կազմել են 120 մլն 920 հազ. դրամ: Նման սրընթաց կարիերայի համար Հայկ Հարությունյանը, թերեւս, պարտական է իր հորը` ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, եւ հորեղբորը` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Իհարկե, երիտասարդ փոխնախարարը 2012-2014 թթ. գործարարությամբ է զբաղվել, եւ պարզվում է՝ հաջողակ գործարար է: Ուշագրավ է նաեւ այն, որ նշանակվելուց 4 օր հետո Հայկ Հարությունյանը տոնել է իր 28-ամյակը. հայրն ու հորեղբայրը վատ նվեր չեն մատուցել երիտասարդին:
ԹԱՓԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ
Հատկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի՝ ապրիլի 12-ին հնչեցրած ուղերձը, որում նա 1915թ. հայերի հետ կատարվածը որակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, աշխարհում կարծես փոխեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մոտեցումը: Դրանից հետո մեկը մյուսին հաջորդած բանաձեւերն ու հայտարարությունները, թեեւ, ընդհանուր առմամբ իրավական տեսանկյունից գրեթե որեւէ ազդեցություն չունեն, սակայն բեկումնային նշանակություն ունեցան հարցի ընկալման եւ թեկուզ բարոյական առումով ճշգրիտ գնահատման տեսանկյունից: Այդ ամենն, իհարկե, ամուր հող կարող է նախապատրաստել առաջիկայում արդեն զուտ իրավական գործընթացների ձեռնարկման համար:
Դրա համար, սակայն, չափազանց կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկայիս թափը չկոտրվի: Ապրիլի 24-ին այս առումով մեր երկու ակնկալիքներն էլ չիրականացան: Նախ` Բարաք Օբաման հերթական անգամ տեղի տվեց թուրքական ճնշմանը, ապա եւ` Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը հետաձգվեց: Թեեւ քննարկումների ընթացքում գրեթե բոլոր պատգամավորներն էլ կատարվածը որակեցին ցեղասպանություն եւ հանդես եկան ժխտողականության անխնա քննադատությամբ, այդուհանդերձ, բանաձեւի քվեարկության հետաձգումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի զանգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ գուցե եւ նաեւ այլ` չհրապարակված զանգեր իրենց ազդեցությությունն ունեցել են՝ հարցի քվեարկությունն առնվազն հետաձգելու համար: Վաղը Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կվերսկսվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումները: Թե ինչպիսին կլինեն արդյունքները, մեզ համար չափազանց կարեւոր է եւ ճանաչման հետագա գործընթացի զարգացման միտումները կանխորոշող: Հետեւաբար, ՀՀ իշխանությունները եւ սփյուռքը չպետք է ձեռքները ծալած նստեն: Իհարկե, որեւէ մեկը չի ակնկալում, որ Հովիկ Աբրահամյանը կարող է զանգել Անգելա Մերկելին, սակայն մենք էլ ազդեցության մեր լծակները մեր չափով կարող ենք եւ պետք է օգտագործենք:
Հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե, Գերմանիայի Բունդեսթագը հետքայլ կատարի եւ վարվի այնպես, ինչպես Բարաք Օբաման` բովանդակային առումով ընդունելով ցեղասպանությունը, սակայն ֆորմալ, քաղաքական առումով դա չամրագրելով որպես ցեղասպանություն, մեզ համար դա հիասթափության սառը ցնցուղ կլինի, իսկ Թուրքիայի համար` հաջորդ հարյուրամյակում եւս անպատիժ մնալու քաղաքական երաշխավորության խոստում: