ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՏՄ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն օրեր առաջ հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միության հանդեպ հետաքրքրությունն աճում է, եւ որպես օրինակ մատնանշել Թուրքիային: «ԵվրԱզԷՍ-ը մեր բոլոր երկրների համար անհրաժեշտ նախագիծ է: Այն, ինչ տեղի ունեցավ… մենք ասում էինք, որ կլինեն մարտահրավերներ: Քննադատում են, որ ապրանքաշրջանառութունն անկում է ապրել: Բնականաբար, այն անկում է ապրել, քանի որ անկում է ապրել դոլարը: Սակայն այսօր 40 երկիր հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ», – նշել է նա:

Ոչ պակաս հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա ասել է. «Չեխիայի նախագահ Զեմանը նախանշել է Ռուսաստանի ու ԵՄ-ի ընդհանուր ապագան: Նա անգամ չի բացառել, որ ԵՄ-ի երկրները կմտնեն Ռուսաստանի Դաշնության կազմ: Մեր երկիրը քանիցս հայտարարել է տարածաշրջանային երկու միավորումների` ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ապագա ինտեգրման հնարավորությունների մասին: Խորհրդակցություններ սկսելու ժամանակն է, քանի որ նման հարցերը լուծվում են տասնամյակների ընթացքում»:
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի փակ լինելու պարագայում Ղազախստանի նախագահի հայտարարությունը տարակուսելի է. ինչպե՞ս կարող են առեւտուր անել փակ սահմանի դեպքում: Ոչ պակաս տարակուսելի է նաեւ Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, չէ՞ որ ԵՄ-ն բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նկատմամբ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս հասարակական եւ քաղաքական գործիչ Գեորգի Ֆյոդորովի եւ հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

Գեորգի Ֆյոդորով
-Պարո՛ն Ֆյոդորով, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությամբ: Դուք տեսնո՞ւմ եք հավանականություն, որ Թուրքիան կանդամակցի ԵՏՄ-ին:
-Այդպիսի հավանականություն իսկապես կա: Աշխարհը գտնվում է գլոբալ վերակազմավորումների փուլում, իսկ Թուրքիան համարվում է տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկը: Այս երկրին շատ երկար ժամանակ պահում էին ԵՄ-ի շեմին, սակայն հիմա նոր գործընթացներ են տեղի ունենում: Չեմ զարմանա, եթե Թուրքիան ապագայում դառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:
-Այդ դեպքում ԵՏՄ-ի ներսում ինչպես կարող են ազատ առեւտուր իրականացնել, երբ Հայաստանը միության անդամ է, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններն էլ փակ են:
-Տվյալ հարցի լուծումը, իրոք, լուրջ խնդիր է: Ներկայիս համաշխարհային քաղաքական եւ տնտեսական համակարգի պայմաններում այս հարցը չի կարող չլուծվել: Հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի նման երկրների ձգտումը, կհայտնվեն նոր հնարավորություններ նույնիսկ ամենադժվար միջազգային վեճերի լուծման համար:
-Հայաստանը կարո՞ղ է որեւէ կերպ խոչընդոտել Թուրքիայի` ԵՏՄ-ին անդամակցությանը:
-Կասկածում եմ: Իհարկե, Հայաստանի կողմից դժգոհություններ կարող են լինել, սակայն չեմ կարծում, թե կսկսի խոչընդոտել այդ գործընթացին:
-ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել է, թե եկել է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ինտեգրացիայի մասին խորհրդակցություններ սկսելու ժամանակը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Իհարկե, այսպիսի ցանկություններն ու Եվրոպային ընդառաջ գնալը շարունակում են մնալ Ռուսաստանի ղեկավարության` վերջին տարիների գլխավոր նպատակը, սակայն այսօր, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, այդպիսի վերադասավորումները քիչ հավանական են:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան
-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե Թուրքիան հետաքրքրված է ԵՏՄ-ով: Ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Թուրքիան մեկ միությունում լինել, եթե սահմանները փակ են:
-Նազարբաեւի հայտարարությունը նոր չէ, նա անցյալ տարի եւս այդ մասին խոսել է: Ինքը ցանկանում է, որ այդ դաշինքը լայնանա, որպեսզի սկսի աշխատել: Բայց դա իր ցանկությունն է, քանի որ բխում է Ղազախստանի շահերից: Սակայն այսօրվա տենդենցների պարագայում, որոնք առաջացել են Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան գալուց հետո, պարզ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները կապրեն որոշակի պրոբլեմատիկ ժամանակաշրջան, քանի որ Թուրքիայի կողմից Պուտինին ուղղված հայտարարությունները կոշտ էին, իսկ Ռուսաստանը չի հանդուրժի եւ չի ների դա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014թ. Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործության 1065 դեպք, որոնցից 901-ը բացահայտվել է, այդ թվում գրանցվել է սպանության 7 դեպք, որոնք բոլորն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում Գյումրի քաղաքում արձանագրվել է հանցագործության 659 դեպք, որոնցից 542-ը բացահայտվել է, այդ թվում գրանցվել է սպանության 4 դեպք, որոնք բացահայտվել են:
2015թ. առաջին եռամսյակում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործության 233 դեպք, այդ թվում գրանցվել է սպանության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում Գյումրի քաղաքում արձանագրվել է հանցագործության 149 դեպք, այդ թվում գրանցվել է սպանության 3 դեպք: Տարին սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով: Իսկ արդեն տաս-տասնհինգ օր առաջ սպանվեցին մայր ու դուստր Շահումյանները: Այս պահին Գյումրիում կատարված սպանությունների թիվը հասնում է 4-ի, այսինքն՝ հավասարվում է 2014-ին կատարված սպանությունների թվին, կարող ենք ասել, որ սպանությունների մասով, արձանագրում են աճի միտում: Ի՞նչն է այս իրավիճակի պատճառը:
Հոգեբան Աշոտ Հակոբյանի կարծիքով պատճառները հիմնականում սոցիալական, հոգեբանական, տնտեսական եւ արժեքային են: Հոգեբանի գնահատմամբ` մեր հասարակությունն այսօր հիվանդ է, ու նրա հիվանդագին դրսեւորումները, բնականաբար, ավելի խտացված գույներով արտահայտվում են Գյումրիում, որտեղ առավել մռայլ է սոցիալ-տնտեսական միջավայրը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար եւս պատկերն ունի իր բացատրությունները. իշխանությունների կողմից հովանավորյալների առկայությունը, նկատվող ամենաթողությունն ինչպես ողջ Հանրապետությունում, այնպես էլ Գյումրիում, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, արժեքային դեգրադացիան եւ այլն, բերում են այն իրականությանը, որն ունենք այսօր:
Քաղաքագետը ստեղծված իրավիճակի համար տեսնում է նաեւ իրավապահ մարմինների մեղավորության բաժինը եւ առանձնացնում ոստիկանության մոտ երբեմն նկատվող անհասկանալի սպասողականությունն ու դանդաղկոտությունը: Տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանությունը, Համբարյանի կարծիքով, մեծ հարված էր քաղաքին, որն էլ ավելի խորացավ գործի շուրջ ստեղծված տեղեկատվական վակուումի պատճառով:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԴԵՊԻ ԱՍՏԱՆԱ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին, որը կայանալու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Ցուցահանդեսի խորագիրն է «Ապագայի էներգիա»: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ: Նշենք, որ ավելի քան 20 երկրներ արդեն իսկ հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը: Եւ հաշվի առնելով միջոցառման կարեւորությունը՝ գործադիրը իր վաղվա նիստում հավանություն կտա միջոցառմանը ՀՀ մասնակցության որոշման նախագծին:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի՝ հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու եւ այս ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով նախատեսվում է գլխավոր հանձնակատար նշանակել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, իսկ միջոցառման մասնակցության ազգային օպերատոր` Հայաստանի զարգացման հիմնադրամին:

 

 

ՇՈՒՐՋ 85 ՄԻԼԻՈՆ` ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կառավարության վաղվա նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատակցվի 84 մլն 830 հազար դրամ՝ մի շարք մարզերի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու նպատակով: Հատկացված գումարից 5 մլն 867 հազար 400 դրամը կտրամադրվի ՀՀ ոստիկանությանը: Ի դեպ, մի շարք համայնքներում կանցկացվեն ոչ միայն գյուղապետի, այլեւ ավագանու անդամների ընտրություններ: Այդ գյուղերն են՝ Արագածոտնի մարզի Ալագյազը, Հարթավանը, Նոր Արթիկը, Սորիկը, Արարատի մարզի քաղաք Արտաշատը, Մրգանուշը, Արմավիրի մարզի Փարաքարը, Գեղարքունիքի մարզի Ակունքը, Ազատը, Աղբերքը, Ներքին Շորժան, Գեղհովիտը, Ծովասարը, Լոռու մարզի Ղուրսալը, Ուռուտը, քաղաք Ալավերդին, Խնկոյանը, Շիրակի մարզի Մուսայելյանը, Զարիշատը, Կրաշենը, Հայկավանը, Մարմաշենը, Փանիկը, Քարաբերդը, Սյունիքի մարզի Աղվանին, Ուժանիսը, Նորավանը, Տավուշի մարզի Վարագավանը, Պառավաքարը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 7-ին:




Լրահոս