ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ առավոտյան Փարիզի քաղաքապետարանում բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ցուցահանդեսի բացման միջոցառմանը մասնակցել են նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը եւ այլք:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Մի քանի ամսով մեկնել էի արտերկիր: Ցանկանում եմ վերադառնալ Հայաստան, սակայն անձնագիրս անփութությանս պատճառով կորցրել եմ: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս վերականգնել այլ պետությունում ՀՀ քաղաքացու անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը:

Մարինա Խաչատրյան (36 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այլ պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
Եթե տվյալ երկրում չկա ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ կորցրած ՀՀ անձնագրի (ԽՍՀՄ նմուշի անձնագրի) փոխարեն նորը ստանալու համար հյուպատոսական հիմնարկ բացի համապատասխան փաստաթղթերից ներկայացվում են նաեւ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որեւէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ՝ պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսինս 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել, սակայն նա ցանկանում է, որ իր բուժումը տնային պայմաններում արվի: Կխնդրեի պարզաբանեք` ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել հաշմանդամները տնային պայմաններում:

Լուսինե Հովսեփյան (35 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման համաձայն՝ տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած միայնակ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց: Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները`
1) կենցաղային սպասարկում.
2) առաջնային բժշկական օգնություն եւ սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) իրավաբանական խորհրդատվություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք նաեւ՝ հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները, ըստ դեղատոմսերի, ապահովվում են անվճար դեղորայքով, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամները իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված տիպի առողջարաններում առողջարանային բուժմամբ: ԲԱՓՀ-ի եզրակացության համաձայն՝ հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրերով ապահովումը կատարվում է անվճար:




Լրահոս