ԾԱՌԱՅՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` …«ԱՎԵԼ-ՍԱՎՈԿՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառայում եմ Հայաստանին՝…ավել-սավոկով»: Արմավիրցի 26-ամյա եզդի Ղարիբը երեւի հենց այսպիսի երդում է տվել զինծառայության անցնելիս, որովհետեւ նրան բարձրագույն կրթություն տվողները բացատրել են, որ ամենեւին էլ պարտադիր չէ զենքով ծառայել պետությանը. կարելի է նաեւ ավել-սավոկով, երգով ու պարով… Եւ արդեն բարձրագույն կրթությամբ Ղարիբ Իսայանն այնքան «մաքրասեր» է դարձել, որ դրա դարդից սկսել է անընդմեջ դատվել…
Երբ Ղարիբը ծառայության է անցել Վայոց ձորի մարզի զորամասերից մեկում, երեւի անընդհատ մտքում կրկնել է՝ «առանց ավել-սավոկի, մաստիկայի լեյտենանտը հավասար է շարքային զինծառայողի» ու սկսել իր ենթակայության տակ գտնվող շարքային զինծառայողներից «պատվախնդրորեն» մաքրության պարագաների փողեր հավաքել: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Ղարիբն առաջին անգամ դատապարտվել է 2011-ին. Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանազանցությանը օժանդակելու համար, ապա ԱԺ-ի համաներման ակտով ազատել պատժի կրումից: Ու Ղարիբը մտածել է, թե դատարանը Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառույցի միջամտությամբ գետի նման ամեն տարի «գերան է» բերելու: Եւ այդ մոլորության մեջ էլ նշյալ դատավճռից հետո Ղարիբը սկսել է արդեն անձամբ իշխանազանցություն անել: 2011թ. ընթացքում իր նախաձեռնությամբ եւ առաջարկով վաշտի զորանոցային տնտեսության մաքրությունն ապահովելու նպատակով իրականացրել է դրամահավաք. հենց նրան ենթակա շարքային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք դրամական բավարարումը` 4000 դրամը, Ղարիբը նրանցից հավաքել է 300-1000 դրամ՝ «ումից ինչքան կպնի» տարբերակով:
Հավաքված գումարով  Ղարիբն «ավելը, սավոկը, մաստիկան» գնել է սպաների բանավանում գտնվող տնտեսական խանութից ու զորամասում գտնվող թեյարանից: Այսինքն՝ իր ենթականերին փաստացի զրկել է գումարը իրենց ցանկությամբ տնօրինելու իրավունքից: Բացի դա, Ղարիբը «մաքուր պահելու թեմայով» եւս մեկ իշխանազանցություն է թույլ տվել. 2011թ. նոյեմբերի 29-ին զորամասի սպառազինության պահեստի տարածքում հրամայել է շարքային Ներսես Ավագյանին պպզել եւ մաքրել սվին-դանակները: Սակայն երբ Ներսեսը հրաժարվել է պպզել՝ պատճառաբանելով, որ ոտքերը ցրտահարված են, Ղարիբը բռունցքով մի քանի անգամ հարվածել է զինվորին` պատճառելով գլխի ճակատային շրջանում փափուկ հյուսվածքների սալջարդ` վերքի ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ըստ մեղադրանքի՝ Ղարիբը իր՝ սպայի թվացյալ գերակայությունն է ցուցադրել, որի նպատակը եղել է ենթակայից վրեժխնդիր լինել նրա պահվածքի համար: Այն դիտվում է անձնական այլ շահագրգռվածությամբ կատարված, իսկ Ավագյանի նկատմամբ բռնությունը եւ մարմնական վնասվածքը՝ որպես էական վնաս:
Մինչ Ղարիբի գործողությունների մասին մեկնաբանություններ անելը նախ մի դիտարկում անենք. զորամասի տարածքում գտնվող թեյարանում ի՞նչ սկզբունքով է գործում «տնտեսական բաժինը» եւ ո՞ւմ բիզնեսը կարող է լինել: Եթե զորամասի հրամանատարինը չէ, ապա նա ինչպե՞ս է բացատրում դրա գործունեությունը իր ղեկավարած տարածքում: Բացի այդ, ամեն տարի պետբյուջեից մեծ գումարներ են հատկացվում ՊՆ-ին՝ ռազմական տեխնիկան արդիականացնելու, երկրի պաշտպանունակությունն ապահովող զորամասերում պատշաճ պայմաններ ստեղծելու համար: Իսկ դրա մեջ մտնում են հագուստը, սնունդը, վառելիքը, նաեւ՝ հիգիենայի պարագաները: Ուրեմն ի՞նչ են եղել պետական միջոցներով այս զորամասին հատկացված հիգիենայի պարագաները, որ Ղարիբը որոշել է «ավելն ու սավոկը» զինվորների անձնական փողերի հաշվին առնել: Արդյոք այդ ապրանքները ստացած զորամասի հրամանատարն ու նրա տնտեսական գծով տեղակալը դրանք չեն դրել թեյարանում՝ անձնական գույքի տակ՝ Ղարիբի միջոցով զինվորների «վրա նաղդելու» նպատակով:
Կրկին անդրադառնալով քրգործին՝ նշենք, որ քննիչը նախաքննության փուլում Ղարիբին հանցանքի մեջ մերկացրած վկաներ Կարապետ Կ.-ի եւ Մարտուն Դ.-ի նկատմամբ ձեռնարկել է պաշտպանության միջոց` ծառայության վայրը փոխվել է, եւ նրանք իրենց ցուցմունքները չեն փոխել: Իսկ Ներսեսը մնացել է նույն զորամասում, որտեղ Ղարիբը շարունակել է ծառայությունը` իբր հրամանատարության հսկողության տակ: Հետեւանքը եղել է այն, որ Ներսեսը դատարանում հրաժարվել է նախաքննական ցուցմունքից` նշելով, որ Ղարիբն իրեն չի հարվածել: Չնայած դրան, դատարանը մեղավոր է ճանաչել Ղարիբին 2 դրվագով կատարած իշխանազանցության մեջ եւ դատապարտել 2 տարի 3 ամիս ազատազրկման: Դատարանը նաեւ գտել է, որ զինդատախազությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի տուժող Ներսեսին եւ վկա Կարապետին, քանի որ նրանցից առաջինը դատարանում սուտ ցուցմունք է տվել` փորձելով օգնել ամբաստանյալին, իսկ Կարապետը հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում: Հենց այստեղ էլ սկսել են աշխատել որոշ զորամասերին բնորոշ «կիսագողական օրենքները», ըստ որոնց` ով ցուցմունք տա «շեֆի» դեմ, «անբարոյականի տղայա» (չնայած այդ բարքերը ստեղծողներն են այդպիսին-Է. Մ.): Մինչդեռ նախաքննական մարմինը պետք է մեկուսացներ կասկածյալին` բացառելու հնարավոր ճնշումները տուժողի, վկայի նկատմամբ:
Ի դեպ, Ղարիբը, չնայած լիովին ընդունել է մեղքը, այդուհանդերձ, ասել է` չգիտեի, որ իմ արածն օրենքով արգելված է: Ստացվում է` Ղարիբին ռազմական ակադեմիայում ոչ թե օրենքներին են ծանոթացրել, որոնցով պետք է կարգուկանոն պահպանի բանակում, այլ ասել են` աչքերդ կցավա, օրենքները մի՛ կարդա, տե՛ս` մենք ինչ ենք անում, սովորի՛ր: Ու երեւի Ղարիբին այնքան են ասել` մաքուր պիտի լինես, որ նա էլ սովորել ու «մաքրակենցաղությունից» դատվում է` հավանաբար մտածելով, որ եթե իր անունը Ղարիբ է, ուրեմն բանակն էլ խոպան է, որտեղ «շեֆերի» հետ պետք է «մաքուր աշխատել»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս