Իջեւանը Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որն ունի ճարտարապետական ուրույն դիմագիծ: Խորհրդային տարիներին կուսշրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանը հետամուտ էր, որ Իջեւանում կառուցվեն տեղական քարից կերտված, ազգային ոճին ներդաշնակ շենքեր: Հայաստանի անկախացումից հետո Իջեւանի դիմագիծը որոշակի կերպով աղճատվել է, կառուցվել են անօրինական, անճաշակ շինություններ: Բացի այդ, Իջեւանը, որ համալսարանական քաղաք է (այստեղ մոտ 2 հազար ուսանող է սովորում), որոշակիորեն տուժում է թափառող անասուններից: Քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգում՝ խորհրդային տարիներին անցկացվող քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ կերտված քանդակների պուրակում, կարելի է տեսնել թափառող կովերի: Կովերն անարգել արածում են նաեւ Տավուշի մարզպետարանի շենքի առաջ: Մի՞թե մարզպետարանի աշխատակիցները չեն տեսնում, ինչո՞ւ չեն միջամտում:
Իջեւանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանն ասում է. «51 տարի առաջ` 1961թ., Իջեւանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Կես դար է անցել, շատ բան է փոխվել, Իջեւանը մեր հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից է` իր բարձրահարկ շենքերով, ասֆալտապատ փողոցներով, բարեկարգ մայթերով, բազմաթիվ հուշարձաններով եւ քանդակների զբոսայգով, կրթամշակութային օջախներով, գեղեցիկ բնությամբ եւ բուսաբանական հազվագյուտ այգով, քաղաքի երկու մասերը միացնող 10 կամուրջներով, շատրվաններով, գիշերային լուսավորության ցանցով: Սակայն, ցավոք, որոշ իջեւանցիներ դեռ քաղաքացի չեն դարձել: Կովերը կթում են եւ բակից քշում, քաղաքի տարբեր մասերում հաճախ կարող ենք տեսնել կովերի, ձիերի, խոզերի եւ հատկապես թափառող շների: Վայրենիների նման ջարդում են քանդակները եւ հուշարձանները, կոտրում, արմատախիլ են անում մեծ ջանքերով աճեցված ծառերն ու թփերը, կոտրում փողոցների գիշերային լուսավորության լամպերը, որոնց փոխարեն ստիպված նորերն են տեղադրվում»:
Անցյալ տարվա աշնանը Իջեւանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքը գեղեցկացնելու համար բավական աշխատանք է կատարվել. նորոգվել են քաղաքային զբոսայգու նստարանները, շուրջ 3000 հատ վարդի թուփ եւ եղեւնիներ են տեղադրվել քաղաքի փողոցներում եւ այլն: Սակայն տնկված վարդի թփերի մի մասը կերել են թափառող կովերը, եղեւնիների զգալի մասն էլ գողացվել է իջեւանցիների կողմից: Իջեւանի քաղաքապետը մեզ հայտնեց, որ թափառող կովերի տերերի համար տուգանքներ են սահմանել` 20-30 հազար դրամի չափով: Սակայն շատ դեպքերում թափառող անասունների տերերը խեղճ, ծեր մարդիկ են, որոնք քաղաքապետարանում խնդրում-աղաչում են իրենց տուգանքի տակ չգցել:
Տավուշ