Հայ ազգային կոնգրեսը նախագահական ընտրությունների վերաբերյալ շարունակում է համառ լռություն պահպանել: Այնինչ այսօր գրեթե բոլորին հետաքրքրում է՝ արդյոք ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ:
Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, առայժմ չի շտապում այս հարցում որոշում կայացնել՝ սպասելով քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին ու հստակեցումներին: Բայց նրա լռության հետեւանքով ստեղծված անորոշությունը կարծես թե ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Ու արդյունքում իշխանական քարոզչամեքենան հարձակումների շարք է սկսել Հայ ազգային կոնգրեսի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ ամեն օր “գուժելով” ՀԱԿ-ի պառակտման, ՀԱԿ-ից տարբեր գործիչների դուրս գալու, ՀԱԿ-ի փլուզման մասին, նաեւ՝ որ Տեր-Պետրոսյանը ոչ մի դեպքում չի առաջադրի իր թեկնածությունը, որ հեռանալու է քաղաքական ասպարեզից եւ այլն, եւ այլն:
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ նույն գործելաոճը դրսեւորվում է նաեւ ԲՀԿ-ի հանդեպ. թեեւ այս կուսակցությունը չի հստակեցրել ու չի հայտնել նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, սակայն պարբերաբար լուրեր են մատուցվում, թե ի վերջո, ԲՀԿ-ն նախագահի ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, որ դեռեւս կոալիցիայի կազմում եղած ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման փաստաթուղթ է ստորագրել, որ ամեն անգամ Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդը խոստանում է հայտարարել նրան սատարելու մասին: Այսինքն՝ երկու դեպքում էլ ձեռագիրը նույնն է, միայն թե սյուժեն է տարբեր:
Իսկ Կոնգրեսի առումով ընդդիմադիր այս ուժի պառակտման, փլուզման վերաբերյալ վերլուծությունների հիմք տվել են Կոնգրեսի անդամներից շատերի հայտարարությունները: Օրինակ՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արտահայտած շատ տեսակետներ չեն համընկնում ՀԱԿ պաշտոնական դիրքորոշման հետ, ընդ որում՝ ընդգծված կերպով: ՀԱԿ-ը արդեն մոտ մեկ տարի է՝ որոշ հարցերի շուրջ համագործակցում է ԲՀԿ-ի հետ, իր քննադատությունը կենտրոնացրել է միայն իշխող ՀՀԿ-ի դեմ ու որեւէ թթու խոսք չի ասում նախկինում կոալիցիայի կազմում եղած ԲՀԿ-ի հասցեին: Այնինչ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, առիթը բաց չի թողնում ԲՀԿ-ին եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին քննադատելու համար՝ այդպես իր վարքագծով առանձնանալով ՀԱԿ-ից:
Նման գործելաոճ է ընդունել նաեւ ՀԱԿ կազմում ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, որ ժամանակին Նիկոլի հետ “Այլընտրանք” հասարակական-քաղաքական նախաձեռնության կազմում էր: Արդյունքում՝ այս օրերին լուրեր են պտտվում, թե օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը տարաձայնություններ ունի ՀԱԿ-ի ներսում, մասնավորապես Լեւոն Զուրաբյանի հետ ու շուտով լքելու է ՀԱԿ-ը եւ այլն, եւ այլն: Այս համատեքստում պարբերաբար խոսվում է նաեւ Մակեյանի՝ ՀԱԿ-ը լքելու մասին: Ու ընդհանրապես, Զուրաբյանից դժգոհությունները շատ են Կոնգրեսում. նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանը չկարողացավ զսպել իրեն եւ “Կենտրոն”-ի եթերից հստակ հսակացնել տվեց, որ ՀԱԿ-ի միակ թեկնածուն առաջին նախագահն է եւ վերջ:
Նշենք, որ ինքնուրույնություն է դրսեւորում նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում ՀԱԿ-ում շատերը համարում են ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու՝ բնականաբար, նաեւ խանդով վերաբերվելով նրա վերլուծություններին ու ելույթներին:
Թե ինչ կլինի ՀԱԿ-ի հետ, դժվար է ասել, քանի որ անցնող տարիների ընթացքում ամենաանհավանական “դավաճանողները” լքեցին Կոնգրեսը: Ու գուցե նաեւ սա է պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի շտապում որոշում կայացնել: Դատելով նրա քայլերից՝ առաջին նախագահը այնքան էլ հակված չէ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, բայց միաժամանակ նա դժվարանում է իր նման արժանի թեկնածուի ընտրության հարցում:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
“Ժողովուրդ” oրաթերթ 16.10.12.