«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաբանական դպրոցը ավարտելու որակավորման քննություններից «կտրվել են» մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց հարազատները:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում փաստաբան դառնալու համար նախ անհրաժեշտ է ընդունվել փաստաբանական դպրոց եւ ավարտելիս էլ՝ հանձնել որակավորման քննություն: Եւ միայն այդ քննության հաջող ավարտի դեպքում է իրավաբանին տրվում փաստաբանի արտոնագիր:
Հայաստանում այս առումով հետաքրքիր միտում կա. մի շարք դատախազներ, դատավորներ, ոստիկաններ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, երբ դուրս են գալիս աշխատանքից, հիմնականում զբաղվում են փաստաբանությամբ: Օրինակ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, որը 64 տարեկան է եւ մեկ տարի հետո թոշակի անցնելով՝ պետք է հրաժեշտ տա պաշտոնին, որոշել է ընդունվել փաստաբանների դպրոց, որակավորման քննություն հանձնել եւ փաստաբանի արտոնագիր ստանալ: Նման հավակնություններ ունի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի եղբայրը՝ Բագրատ Պետրոսյանը, որը օրերս ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ որոշել է փաստաբանությամբ զբաղվել:
Բայց վերջին շրջանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտին փաստաբանների դպրոցում տեղի է ունեցել որակավորման քննություն, ինչի արդյունքում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պաշտոնյաների հարազատներ «կտրվել են» քննություններից, ասել է թե՝ փաստաբանի արտոնագիր չեն ստացել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` որակավորման քննություններին մասնակցել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանի որդին` Վարդան Աբելյանը, որը բավարար գնահատական չի ապահովել եւ «կտրվել է»: Նկատենք, որ Վարուժան Աբելյանի որդին միակը չէ, որ կանգնել է նման խնդրի առաջ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ փաստաբանների դպրոցի որակավորման քննությունից «կտրվել է» նաեւ ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը: Վերջինս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով սեփական դիմումների համաձայն՝ պաշտոնից ազատվել էր եւ թոշակի անցել: Ու չնայած Վարդանյանը որոշել է թոշակառուի կարգավիճակում փաստաբան դառնալ, այնուամենայնիվ, քննությունը չի կարողացել հանձնել: Արդարադատության գեներալ-մայորի «թոշակային» երազանքն այսպիսով չի կատարվել:
Բայց սա դեռ վերջը չէ: Պարզեցինք նաեւ, որ փաստաբան դառնալու ակնկալիքով փաստաբանական դպրոց են ընդունվել ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի սանիկը եւ ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Պարզվում է՝ ՓՊ նախագահի սանիկն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան դպրոցն ավարտելու համար որակավորման քննություններ են հանձնել՝ փաստաբանի արտոնագիր ստանալու նպատակով, սակայն կանգնել են «դատարկ տաշտակի առաջ»:
Ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց հարազատները կտրվել որակավորման քննությունից: Արդյո՞ք միտում չկա՝ նրանց «խաղից դուրս» թողնելու համար, եւ արդյո՞ք այս իրավիճակը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի սուբյեկտիվ գործունեության առհավատչյան չէ: Ի վերջո, շատ փաստաբաններ բողոքում են Զոհրաբյանի նկրտումներից:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով նախ զրուցեցինք ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանի հետ: Վերջինս խիստ զայրացավ մեր հարցից՝ ասելով, թե դա իր անձնական հարցն է. «Չեմ կտրվել, տենց չի եղել: Այդ դասընթացները դեռ չեն վերջացել, կամ Ձեր ինչ գործն է՝ ինչո՞ւ եմ ցանկանում փաստաբանությամբ զբաղվել, իմ անձնականը իմ անձնականն է եւ քննարկման ենթակա չէ: Բաներ կան, որ բողոքարկում ես, դեռ վերջնական որոշում չկա, հազար ու մի պրոցեդուրա կա: Դեռ շուտ է որեւէ բան ասել: Երկու շաբաթ համբերեք, ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչ տեղը կընկնի: Ես իրավունք չեմ տալիս ոչ ոքի խառնվել իմ անձնական կյանքի մեջ»: Իհարկե, մենք ցանկություն էլ չունենք մխրճվելու որեւէ մեկի անձնական կյանքի մեջ, պարզապես հետաքրքիր էր, թե ինչպես կարող է արդարադատության գեներալ-մայորը իրավաբանության քննությունից «կտրվել»:
Ինչեւէ, փորձեցինք զրուցել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանի հետ, որի որդին էլ է «2 ստացել»: Բայց դատավորն ավելի ագրեսիվ գտնվեց եւ անգամ չցանկացավ լսել մեր հարցը՝ ասելով, թե քննությունների մեջ է եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ քննությունից դրական գնահատական չստացած անձինք կարող են բողոքարկել հանձնաժողովի որոշումը, ինչը, ըստ մեզ հասած տեղեկությունների, որոշ պաշտոնյաներ արդեն իսկ արել են: Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա այս «կռիվը», ժամանակը ցույց կտա:
Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա մտահոգություն չունի՞, որ բարձրաստիճան պաշտոնյաները հնարավոր բոլոր օղակները կօգտագործեն՝ իրենից հաշվեհարդար տեսնելու համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին Զոհրաբյանի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Վախենալու խնդիր փաստաբանների պալատը չունի, քանի որ օբյեկտիվ քննություն է կազմակերպվում: Հակառակ երեւույթը կլիներ վախենալու, եթե սուբյեկտիվիզմը դրված լիներ քննության հիմքում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԼՐԱԳՐՈ՞ՂԸ ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
Լրագրողական դաշտում գործունեություն ծավալող մի խումբ մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: 2013-ին շորթում կատարելու մեղադրանքով ձերբակալվեց Հովհաննես Եսայանը, որը ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի՝ Դոգի եւ Արթուր Մարգարյանի հետ 500 հազար դրամ էր շորթել:
Ապրիլի 20-ին ձերբակալվեց կապանցի լրագրող Արմենակ Դավթյանը, որի դեմ բողոք է ներկայացրել Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Գեւորգյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2011-2013թթ. Գեւորգյանի վստահությունը չարաշահելով, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով, իրենից հափշտակել է 18 մլն դրամ: Բացի այդ՝ պարտքով տվել է շուրջ 5 մլն դրամ, որը նույնպես չի վերադարձրել: Խարդախության մեղադրանքով հարուցվեց քրեական գործ, եւ Արմենակ Դավթյանն էլ ընդունեց իր մեղքը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արմենակի պաշտպան Սամվել Դավթյանից հետաքրքրվել, թե սա ի՞նչ պատմություն է, եւ ինչո՞ւ է նա այդքան արագ իր մեղքն ընդունել: Արդյո՞ք ճնշումներ են գործադրվել: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրավապահներին առաջինը բողոք ներկայացնողը եղել է Արմենակը. «Նա իր բողոքում հայտնել է, որ իրեն ստիպել են, ստիպողաբար ստացական են վերցրել, թե իբր նա գումար է պարտք: Հետագայում Արմենն ընդունեց, որ ինքը այդ գումարները խարդախությամբ է ձեռք բերել, եւ նման բան տեղի չի ունեցել: Արմենն իմ ներկայությամբ է ընդունել իր մեղքը: Առայժմ այսքանը կարող եմ ասել, 6 օր առաջ եմ իրեն հանդիպել: Մենք փորձեցինք գրավի դիմաց նրան ազատ արձակել, սակայն մեր միջնորդությունը մերժվեց, ինչը բողոքարկել ենք եւ սպասում ենք»:
Ի՞նչ ծրագրեր էր խոստացել իրականացնել Արմենակ Դավթյանը Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենին, որը չի կատարել: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով փորձեցինք զրուցել Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Գեւորգյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ խոսել: Իսկ նրա պաշտպան Դավիթ Արզումանյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ նշելով, թե նախաքննության գաղտնիություն կա, ինչը չի կարող խախտել:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմենակ Դավթյանը միակ լրագրողը չէ, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին: Տեղեկություններ կան, որ այս օրերին իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով եւս բողոքներ են ստանում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում խարդախության ճանապարհով գումար շորթելու համար էլի լրագրողներ կալանավորվեն:
Հ. Գ. Լրագրողական համերաշխությունը «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես պահպանել է եւ եղել է դաշտը միավորողների առաջամարտիկներից: Բայց եթե նաեւ մեզ մոտ կան խարդախության դեպքեր, ուստի թեման անտեսել չենք կարող: Ի վերջո, այն, ինչ չի կարելի շարքային քաղաքացուն, պետք է լրագրողների համար եւս արգելված լինի: Լրագրող լինելը արտոնություն չէ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
«Մենք գիտակցում ենք, որ ապրիլի 24-ին մոբիլիզացիան տեղի չուենցավ»,- երեկ խոստովանել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ առաջին փուլի չիրականանալը չի նշանակում, թե «ռեժիմի հեռացման» գործընթացը չի իրականանալու: Ենիգոմշյանը նաեւ հայտարարել է, որ իրենք չեն խուսափում ինքնաքննադատությունից. «Արձանագրում ենք, որ 24-ի մոբլիզացիայի չկայանալը եղել է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառները՝ նախ մեր ընկերների ազատազրկումն է, նրանց պատանդ վերցնելը: Իշխանությունները վերջին ամիսներին ոչ միայն ՀԽ-ի անդամների, այլեւ բազմաթիվ մարդկանց, շարժման համակիրների, պոտենցիալ մասնակիցների վրա ուղղակիորեն գործածել են ահաբեկչական մեթոդներ, ստեղծել են վախի, սարսափի մթոնլորտ: Այս ամենը օբյեկտիվ պատճառներ ստեղծեցին, որ այդ մոբիլիզացիան չկայանա»:
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանն արդեն 12-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Նրա փաստաբան Հայկ Գրիգորյանի տեղեկացմամբ` Սաֆարյանին տեղափոխել են առանձին խուց, որտեղ կա եւս մեկ ազատազրկված անձ:
ԿԱՇԱՌԱՏՈՒԻՆ ԷԼ
Լոռու մարզի դատարանի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանին կաշառք տված գործարարի նկատմամբ քրգործ է հարուցվել։
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ` նոր քրեական գործը հարուցվել է ապրիլի 19-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
Հիշեցնենք՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք էր ստացել «Զոսեկար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանից, որից անմիջապես հետո տեղում բռնվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից:
ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ միաձայն վերընտրվել է մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ով ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ասպիրանտ է, նաեւ բուհի ուսանողական գիտական ընկերության նախագահն է: Նիստում խորհուրդը որոշել է նաեւ հայտարարել Երեւանի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ, ընտրությունը անցկացնել հունիսի 19-ին: