«Կոնգրեսն ունի իր թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա որոշումը դեռ չկա, բայց մենք` որպես Կոնգրես, կոնսենսուս ունենք իրեն առաջադրելու հարցում»,-երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը մինչեւ օրենքով սահմանված ժամկետը կտա այս հարցի պատասխանը:
Նրա խոսքով` ՀԱԿ-ը պետք է հասկանա՝ ինչ ռեսուրսների է տիրապետում ոչ միայն հասարակական, այլեւ դաշնակից ուժերի առումով, նաեւ պետք է հասկանա, թե հետընտրական զարգացումներում ինչ խնդիրներ են ունենալու: Անդրադարձավ նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին, որ Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է, եւ նախագահի մյուս թեկնածուները պայքարելու են 2-րդ տեղի համար: «Շարմազանովը դա ասում է՝ ելնելով այն նկատառումից, որ իրենք 500 կամ 700 հազար ձայն արդեն ունեն իրենց գրպանում դրած: Նա գիտե՝ ինչ կեղծիքների հեղինակ են իրենք: Նման հայտարարությունները խոսում են հենց այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Այսպես Շարմազանովն ուղիղ ասում է. «Մենք ավտորիտար պետություն ենք, ոչ մի ուժի հաղթելու շանս չենք տալու»: Սա ինքնախոստովանություն է ընտրակեղծարար լինելու մասին»,-մեկնաբանեց նա: Խոսելով ՀԱԿ ներսում տարաձայնությունների մասին՝ Զուրաբյանը նշեց, որ չգիտի ՀԱԿ շտաբում երկու հոգու, որ 5 տարվա մեջ որեւէ հակասություն ունեցած չլինեն այս կամ այն հարցում: Ավելին, Զուրաբյանը նշեց, որ ինքը հակասություններ ունեցել է անգամ Լեւոն-Տեր Պետրոսյանի հետ: Սակայն, ըստ նրա, այդ հակասությունները ՀԱԿ առաջընթացի շարժիչ ուժն են. «Թիմի ներսում կարելի է ունենալ հակասություններ ցանկացած հարցի շուրջ, բայց դրսում ներկայանալ որպես մեկ միասնական թիմ: Սա քաղաքական թիմային այբուբենն է, եւ մենք, որոշ թերություններով հանդերձ, այդ այբուբենը պահպանում ենք»:
Լեւոն Զուրաբյանը երեկ ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ԸՕ նախագիծը: Ըստ նրա՝ այն մի քանի առանցքային կետից է բաղկացած. անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, հաջորդ առաջարկը վերաբերում է քվեարկության ամբողջ գործընթացը տեսանկարելուն, ընդ որում, իրենք առաջարկում են նկարահանել ընտրությունների ընթացքն առավոտից մինչեւ հաշվարկի ավարտը, նաեւ՝ տեղամասից դուրս: Բազմակի քվեարկության վերացման համար Կոնգրեսն առաջարկում է կիրառել մատների թանաքոտումը: Նաեւ առաջարկվում է տարանջատել բնակիչների եւ ընտրողների ռեգիստրը, որոնք համընկնում են, ընտրողների ցուցակները դարձնել մշտապես եւ ամբողջությամբ հասանելի փաստաթուղթ, որպեսզի հասարակությունը մշտապես հնարավորություն ունենա վերահսկելու այդ ցուցակները: Զուրաբյանը նշեց, որ ԸՕ մի շարք առաջարկների վերաբերյալ, ինչպես, օրինակ, անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, համաձայնություն կա ոչ կոալիցիոն բոլոր ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱԿ ԹԵԿՆԱԾՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ