ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հավաքական մտածողության մասին մտորումներ է տեղադրել «Ֆեյսբուք»-ի իր պատին: Նախագահական նստավայրից դուրս գալուց հետո նա արձանագրում է, որ մենք ապրել ու ապրում ենք մի իրողության մեջ, որտեղ որքան ընկալելի, նույնքան եւ անբացատրելի է մեր գոյության իմաստը:
«Չգիտենք ծնունդը, տեսանելի չէ վախճանը, բայց ուզում ենք իմանալ հավիտենականության գաղտնիքը: Գուցե այն կոդավորված էր մեր նախնիների գենետիկ կոդում եւ առաջնորդում է մեզ մինչ օրս, բայց արդյոք այն կփրկի մեզ վաղը: Սա հարց է, որի պատասխանը մենք չունենք եւ ուզում ենք արդյոք ունենալ, դեռ ոչ ոք չի ասել: Հոսանքը մեզ տանում է, բայց մինչեւ ուր եւ որտեղ՝ ոչ ոք չգիտե: Ուստի ժամանակն է կանգնել, խորհել եւ այնուհետ որոշել, թե տրվում ենք հոսանքին, որը մինչ այժմ մեզ տարել է, թե փորձում ենք ճշգրտել մեր նպատակը, տարանջատվել ընդհանուր հոսանքից եւ չհակադրվելով այդ հոսանքին` ուղղորդել մեր նավն այնպես, որ հասնենք այդ նպատակին: Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ առանց նպատակի ճշգրտման, ինքնակամ տրվելով ընդհանուր հոսանքին, մենք հայտնվել ենք կործանման եզրին եւ այդժամ միայն սթափվել` հավաքական մտածողության եւ հավաքական գործողությունների արդյունքում փրկվել վերահաս կործանումից: Բայց ինչո՞ւ դրանից հետո խարխափել, տուրք ենք տվել անձերի ցանկության եւ մեր հույսը կապելով (կամ այդպես ձեւացնելով) անձերի հետ` մենք կորցրել ենք հավաքական ձեռքբերումները: 20-րդ դարի դարավերջ եւ նույնի կրկնություն, հավաքական մտածողություն, հավաքական գործողությունների համախումբ, որի արդյունքում 1994 թվականը փակում ենք հաղթանակով, հետո միայն 6 հոգի գիտեն, հետո` 3 հոգի, իսկ այսօր` միայն 1 հոգի, եւ դարձյալ կանգնած ենք ամեն ինչ կորցնելու նախաշեմին:
Ազգը ոչ այլ ինչ է, եթե ոչ` բանական Գոյության հավաքական ձեւ, որը ժամանակի մեջ հետապնդում է հստակ նպատակ, այն է` իր հարատեւությունն ու բարեկեցությունը: Հարատեւության եւ բարեկեցության ապահովման անհրաժեշտությունն է ազգին պարտադրում ընդհանրական դրսեւորումների եւ հավաքական գործողությունների համախումբ, որոնց իրականացման համար անհրաժեշտ են մնայուն խնդիրների ձեւակերպում եւ ըստ ժամանակի դրանց լուծման եղանակների առաջադրում:
Հարատեւության ու բարեկեցության ապահովման, ինչպես նաեւ դրանց համար անհրաժեշտ մնայուն խնդիրների ձեւակերպման եւ լուծման եղանակների առաջադրման պարագայում այս ամենի իրականացման հիմնական ու անփոխարինելի միջոց է պետականության գոյությունը, ուժեղ պետականության գոյությունը:
Անհատ, ընտանիք, հասարակություն, պետություն եւ ազգ: Անհատը՝ իր բնական ու անօտարելի իրավունքներով ու ազատություններով, ընտանիքը՝ իր ավանդական կերպով ու նրա նկատմամբ պետական հոգածությամբ, հասարակությունը՝ իր առողջ կենսակերպով, ակտիվությամբ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում, ինչպես նաեւ հոգեւոր ու նյութական արժեքներով, պետությունը՝ իր անհրաժեշտ կենսական տարածքային ամբողջականությամբ, անկախությամբ, սահմանների անձեռնամխելիությամբ, սահմանադրական կարգով, անվտանգության համալիր կառուցվածքով, կայուն քաղաքական, իրավական, տնտեսական ու սոցիալական համակարգերով, ազգը՝ իր ամբողջականության մեջ ինքնատիպությամբ, բարեկեցությամբ, «իմ հանգրվանը իմ հայրենիքն է» կարգախոսով եւ հարատեւության իր ուրույն «բանաձեւով»:
Ի՞նչ ունենք այսօր: Թերեւս կանգնենք, կանգնենք ու խորհենք, խորհենք միասին:
Այլեւս հետընթաց ժամանակը կանգնեցնելու ժամանակն է»:
ՀԵՏԸՆԹԱՑ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ