ՎՈՅԱԺՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միջազգային հանրությանը սպառնաց ԵԽԽՎ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու դեպքում մուսուլմանական լիգա մտնելու մասին, շատերը դա անհաջող կատակ որակեցին: Այսօր, դատելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին շրջագայություններից, նրա մտքի թռիչքն անհամեմատ հեռու է ընթացել` դեպի հարավարեւելյան երկրներ ու Աֆրիկա:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վերջերս ԱԺ-ում ջանասիրությամբ թվարկեց ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումները. Սերժ Սարգսյանն ունեցել է 25 օտարերկրյա այց, ԱԺ նախագահը` 8, վարչապետը` 12, ԱԳ նախարարը` 39: Այն, որ ԱԳ նախարարն ամենաշատ ճամփորդող պաշտոնյան է, միանգամայն հասկանալի է: Սակայն այլ հարց, թե Էդվարդ Նալբանդյանի այս «վոյաժները» որքանով են արդյունավետ:
Վերջին շրջանում ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանի մոտ տարօրինակ հակումներ են նկատվում դեպի հարավարեւելյան էկզոտիկ երկրները, եւ նա շրջագայությունների շարք է սկսել այդ ուղղությամբ: Այս տարվա օգոստոսին՝ մոտ երկու շաբաթ շարունակ, նա շրջագայում էր Հարավարեւելյան Ասիայի երկրներում` Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆիլիպիններ: Այցերի ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտի հարցեր, ստորագրվել փոխըմբռնման հուշագրեր: Դրանից հետո Նալբանդյանը մի քանի օր շարունակ եղել է ԱՄՆ-ում` Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ գագաթնաժողովին ու այլ միջոցառումների: Եթե Նյու Յորք մեկնելը կարելի է հասկանալ, ապա Հարավարեւելյան Ասիա, այն էլ այդքան երկար ժամանակով այցը, մեղմ ասած, անհասկանալի է, որովհետեւ ՀՀ-ն որեւէ ընդհանուր բան չունի այս երկրների հետ: Բայց նախարարը միայն այսքանով չի սահմանափակվել. որոշել է ընդլայնել իր «աշխարհագրությունը»` այս անգամ դեպի Հարավային Աֆրիկա: Թե այդ երկրներում ինչն է գրավել Նալբանդյանին, անհասկանալի է: Հայտնի է միայն, որ նա վերջերս այցելել էր Կոնգո: Այստեղ, բացի Կոնգոյի նախագահ Դենիս Սասու Նգեսոյից, Նալբանդյանը հանդիպել է նաեւ Կոտ դ’Իվուարի ղեկավարին: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել աֆրիկյան եւս երկու երկրների` Մարոկկոյի ու Բուկինա Ֆասոյի ղեկավարների հետ: Քննարկված հարցերն էլ ամենասովորական բնույթի են, ստանդարտ ձեւակերպումներով. երկկողմ հարաբերությունների զարգացում, առեւտրաարդյունաբերական, գիտակրթական ոլորտներում համագործակցություն եւ այլն, եւ այլն:
Թե ՀՀ պետբյուջեի վրա որքան գումար են նստում այս այցերը, դժվար չէ կռահել: Համենայնդեպս, ԱԳՆ-ի նախընտրած երկրների տոմսը հասարակ քաղաքացիների համար աստղաբաշխական գումարներ արժե:
Հ.Գ. Դիվանագիտական մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ նման ճանապարհորդությունները սովորաբար նաեւ տնտեսական նպատակներ են հետապնդում` կապված իշխանությունների բիզնես պլանների հետ: Իշխանական օլիգարխիան ընդլայնում է իր բիզնեսի սահմանները դեպի այլ, հաճախ` օֆշորային գոտիներով հարուստ երկրներ:




Լրահոս